«ՍՕՍ մանկական գյուղեր». երեխային եւ ծնողին աջակցող մեծ ընտանիք - Mediamax.am

exclusive
2386 դիտում

«ՍՕՍ մանկական գյուղեր». երեխային եւ ծնողին աջակցող մեծ ընտանիք


Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»

Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»

Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»

Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»

Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»

Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»

Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»


1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո շատ երկրներ, կազմակերպություններ ու անհատներ օգնեցին Հայաստանին։ Ծնողներին կորցրած երեխաների խնամքն ընտանեկան միջավայրում կազմակերպելու նպատակով 1990-ին Կոտայքում բացվեց ՍՕՍ մանկական գյուղը։

 

Մեկ-երկու հարկանի տներով փոքրիկ գյուղում, ի տարբերություն խնամքի այլ հաստատությունների, կյանքի դժվար պայմաններում հայտնված երեխաներն ապրում են ՍՕՍ մայրիկների, քույրերի ու եղբայրների հետ։ Ինչպես բոլոր ընտանիքները՝ միասին լուծում են կենցաղային խնդիրները, բաժանում պարտականությունները, նշում տոները, կազմակերպում ազատ ժամանակը։

 

2010 թվականին Հայաստանում բացվեց երկրորդ մանկական գյուղը։ Իջեւանի մասնաճյուղում նոր մոտեցում կիրառեցին։ Երեխաների խնամքով զբաղվելու համար աշխատանքի սկսեցին ընդունել ոչ միայն կանանց՝ ՍՕՍ մայրերի, այլեւ ընտանեկան զույգերի։ 

 

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Ավստրիայում ստեղծված այլընտրանքային խնամքի այսպիսի հաստատություններ այսօր գործում են 136 երկրներում։

 

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրման այս տարի նշում է իր 30-ամյակը։ 

 

Միանման տներում ամեն ընտանիք իր կարգ ու կանոնով է ապրում, իր հոգսերով ու ուրախություններով։ Ընտանիքի գլուխը ՍՕՍ մայրիկն է, օգնում են նաեւ քեռիներին ու մորաքույրները. այսպես են դիմում գյուղի բոլոր աշխատակիցներին։

 

Իջեւանի եւ Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղերում այսօր 135 երեխա է ապրում։ Յուրաքանչյուր մայրիկ խնամում է 5-7 երեխայի՝ նույն կամ տարբեր ընտանիքներից։ Գյուղ ընդունում են 3-13 տարեկան երեխաների։ Բայց եթե նույն ընտանիքից մի քանի երեխա է մնացել առանց խնամքի, ընդունում են բոլորին՝ անկախ տարիքից։

Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»

Գյուղի տարածքում երեխաներն ապրում են մինչեւ 15 տարեկան: Հետո, ըստ ցանկության, տեղափոխվում են Երեւան՝ երիտասարդական տուն: Այստեղ նրանց շարունակում են օգնել աշխատակիցները, բայց երիտասարդներն ավելի ինքնուրույն են. ունեն առանձին սենյակներ, ստանում են գումար, իրենք են կազմակերպում իրենց կենցաղը: Հիմնադրամն աջակցում է նրանց մինչեւ 23 տարեկան, օգնում կրթություն ստանալ:

Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»

Մանկական գյուղերում ՍՕՍ մայր աշխատել ցանկացողները քիչ չեն։ ՍՕՍ մայրերն ապրում են գյուղում՝ երեխաների հետ։ Շաբաթը մեկ օր հանգստանում են, ունեն արձակուրդ։ Սկզբում ընտրում էին մինչեւ 45 տարեկան, ընտանիք չունեցող կանանց, հետո ՍՕՍ մայր դառնալու հնարավորություն տվեցին նաեւ չափահաս երեխաներ ունեցողներին։ Իսկ 2013 թվականին Իջեւանում ընդունեցին առաջին ամուսնական զույգին։

ՍՕՍ մամա Աննա՝ սեր առանց պարտավորությունների

«Հասկացանք, որ լավ կլինի, եթե ամուսիններով գան եւ իրականացնեն երեխաների խնամքը, որ երեխաները ստանան նաեւ հոր դաստիարակություն: 

 

Մեր աշխատակիցները համարվում են ՍՕՍ մայրերը, իսկ նրանց ամուսիններն  աշխատում են գյուղի տարածքից դուրս։ Երեկոյան կամ ընդմիջմանը վերադառնում են տուն, ինչպես ընտանիքի հայրը։ Երեխայի մոտ զարգանում է լիարժեք ընտանիքի գաղափարը: 

Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»

Իջեւանում ամուսիններն ապրում են գյուղի տարածքում, իսկ Կոտայքում 2019-ին ներդրեցինք նոր՝ ինտեգրված ընտանիքի մոդելը։ Երկու ամուսնական զույգեր ՍՕՍ մանկական գյուղի երեխաների խնամքն իրականացնում են իրենց սեփական տանը, մենք նրանց աջակցություն ենք տրամադրում: Բնականաբար, նրանք որոշ ժամանակ ապրել են գյուղի տարածում, համապատասխան վերապատրաստումներ անցել։

 

Սա խնամատար ընտանիքի դասական մոդել է: Հիմա մենք փորձում ենք մեր գործընկերներին եւ նախարարությանը ցույց տալ, թե ինտեգրված ընտանիքն ինչքան արդյունավետ է երեխայի զարգացման համար։ Նա ապրում է համայնքում, խնամատար ծնողների հետ, այլ ոչ թե որեւէ հաստատությունում կամ որոշակի սահմաններ ունեցող տարածքում»,- ասում է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը։

Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»

Նա նշում է, որ հիմնադրամի ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության քաղաքականությունը համընկնում է. երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամենակարեւորն է։ Լավագույն տարբերակը հաստատությունում հայտնված երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելն է: Եթե դա անհնար է, այլընտրանքը խնամատար ընտանիքն է: Հայաստանում խնամատարության ինստիտուտը դեռ կայացման փուլում է:

 

Սպարտակ Սարգսյանն ասում է, որ ՍՕՍ մանկական գյուղերում ապրող երեխաների միայն 3-4 %-ը չունի որեւէ հարազատ, իսկ խնամքի այլ հաստատություններում հայտնվածների 95 %-ն ունի առնվազն մեկ ծնող: Նրանց աջակցելով՝ շատ դեպքերում հնարավոր կլինի վերամիավորել ընտանիքը: Վերջին 3 տարում ՍՕՍ գյուղերից ավելի քան 150 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք:

 

Երկարաժամկետ խնամքից բացի Մանկական գյուղերն իրականացնում են նաեւ կարճաժամկետ՝ մինչեւ 6 ամիս տեւողությամբ խնամք: Սա, հիմնականում, անհրաժեշտ է ճգնաժամային դեպքերին արագ լուծում տալու համար: ՍՕՍ գյուղերում հայտնված երեխաների մեծ մասը կարճաժամկետ խնամքի կարիք ունի:

Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»

«Օրինակ՝ ծնողները գնում են արտագնա աշխատանքի կամ հայտնվել են ոստիկանությունում, երեխան մնացել է առանց խնամքի, կամ ծնողն ունի առողջական խնդիրներ: Մենք իրականացնում ենք երեխայի խնամքն այնքան ժամանակ, մինչեւ այդ խնդիրները լուծվեն, եւ հնարավոր լինի նրա վերադարձը կենսաբանական ընտանիք: Մենք փորձում ենք ցանկացած աջակցություն տրամադրել երեխային եւ ծնողին, որպեսզի այդ վերամիավորումը կայանա»,- ասում է Սպարտակ Սարգսյանը:

 

Հիմնադրամի աշխատակիցները գիտեն՝ ավելի հեշտ է դժվարության մեջ հայտված ընտանիքին օգնել, որ երեխային պահի իր կողքին, քան հետո մեծ ջանքեր գործադրել՝ խնամքի հաստատությունում հայտնված երեխային ընտանիք վերադարձնելու համար: Այդ նպատակով «ՍՕՍ Մանական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը Երեւանում, Տավուշում եւ Կոտայքում իրականացնում է ընտանիքի ամրապնդման եւ մանկալքության կանխարգելման ծրագրեր: 

 

«Ունենք մշակված չափանիշներ՝ աղքատության մակարդակը, եկամտի բացակայությունը, լուրջ հիվանդությունների առկայությունը, եւ դրանցից գոնե մեկի համընկնման դեպքում ընտանիքը դարձնում ենք շահառու: 

Լուսանկարը` «ՍՕՍ մանկական գյուղեր»

Կազմվում է ընտանիքի զարգացման պլան ու դրան համապատասխան՝ տրամադրում ենք աջակցություն՝ նյութական, սոցիալ-հոգեբանական, առողջապահական, կրթական, իրավաբանական: Որպեսզի ծնողը դառնա ինքնաբավ, հնարավոր է՝ նրան ուղարկենք դասընթացների, համապատասխան գործիքներ տրամադրենք, փոքր բիզնես գրանտեր տանք»: 

 

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը 29 տարի ծրագրերն իրականացնում է միջազգային կազմակերպության տրամադրած միջոցներով: Այս տարվանից հիմնադրամն անցում է ինքնաֆինանսավորման. միջազգային ֆինանսավորումը տարեցտարի կպակասի: Սպարտակ Սարգսյանն ասում է՝ դա չի նշանակում, որ հիմնադրամի գործունեությունը վտանգված է: Ժամանակն է, որ պետությունը, ինչպես 80 տոկոս երկրներում, աջակցի մանկական գյուղերի գործունեությանը: 

 

Այս տարեսկզբից ընտանիքի ամրապնդման ծրագրերի իրականացման համար հիմնադրամը պետական ֆինանսավորում է ստանում:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին