Արմեն Օրուջյան․ «Այստեղից աշխարհն ավելի լայն է երեւում» - Mediamax.am

exclusive
5879 դիտում

Արմեն Օրուջյան․ «Այստեղից աշխարհն ավելի լայն է երեւում»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսին Մկրտչյանը զրուցում է Արմեն Օրուջյանի հետ
Լուսին Մկրտչյանը զրուցում է Արմեն Օրուջյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Օրուջյանը
Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Օրուջյանը
Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հայերեն հասկանում ե՞ք։ Այն կանաչ պատուհանները տեսնո՞ւմ եք, դա է արտասահմանցիների գրասենյակը, գրին, գրին պատուհան»,- ասաց Մերգելյանի ինստիտուտի անվտանգության աշխատակիցը, մատնացույց անելով Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նոր գրասենյակի ապակիները։ 

 

Մեկ ամիս է տեղափոխվել են, նոր գրասենյակի մասին ֆանտաստիկ պատմություններ են պատմում։ Եվ ես ինստիտուտի մուտքերից մեկի մոտ հասնում եմ սպասումով, որ մի երկու քայլից հրաշք եմ տեսնելու։ Փոխարենը երրորդ հարկ բարձրանում եմ երկրորդ մուտքով, որի միջանցքներն անտանելի երկար են, կիսամութ է, խոնավության հոտ ու քարանձավային լռություն։ Քայլում եմ դժգոհ ու այն մտքով, որ մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում հետաքրքիր կլիներ հայտնվել 60-ականներին ու տեսնել օրինակ առաջին սերնդի «Արագած» ու «Կանազ» համակարգիչները, մարդկանց ոգեւորությունը։ Որոշում եմ FAST-ի տնօրենին տեսնելուն պես հարցնել, թե ի՞նչ են գտել այս կիսադատարկ միջանցքներով շենքում, երբ ամբողջ Երեւանում գրասենյակային կիսակառույց նոր տարածքներ են։

 

Երկու զուգահեռ իրականություն կամ «Մերգելյանի» վերածնունդը

 

Հարցի պատասխանը ստանում եմ FAST մտնելուց մի քանի րոպե հետո, երբ առաջին տպավորությունն ի վերջո թողնում է հարցը տալ։ Մուտքի սրահում ամենուր լույս է ու բույսեր։ Արեւի երանգներն ամեն անկյունում են՝ դեղինից նարնջագույն ու կարմիր։ Թվում է, 1956-ին հիմնադրված ինստիտուտում երկու զուգահեռ իրականություն է՝ FAST-ինն ու Մերգելյանինը։

 

 

 

«Երբ եկանք այստեղ, ոչինչ չկար՝ ոչ դուռ, ոչ պատուհան, ոչ լույս, միայն առաստաղ ու սյուներ։ Եվ որոշեցինք, որ ուզում ենք կյանք շնորհել այս տարածքին», - ասում է FAST-ի տնօրեն Արմեն Օրուջյանը։

 

Պատմում է, որ ամիսներ շարունակ փնտրել են տարածք, որը ոչ թե «վատ», այլ «շատ վատ» վիճակում կլիներ։ Փնտրտուքները բերել են Մերգելյան ինստիտուտ, որտեղ հասկացել են, որ ուզում են գոնե մասամբ, բայց վերականգնել այն։ Ասում է, որ հենց սա է այն լավագույն վայրը, որտեղ կարելի էր ցուցադրել վերականգնված կյանքն ու վերածննդի մշակույթը։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Մենք չէինք ուզում գնել կամ վարձակալել այնպիսի գրասենյակներ, որտեղ ամեն ինչ կա։ Մենք ուզում էինք ներդրում անել որպես կազմակերպություն։ Չէ՞ որ, երբ հեռանանք այս վայրից, սա որպես պատրաստ տարածք մնալու է ուրիշին։ Մենք իհարկե, չենք մտածում այս գրասենյակը թողնելու մասին, որովհետեւ շատ մեծ ծրագրեր ունենք»,- պատմում է FAST-ի տնօրենը։

 

Երբ FAST-ը տեղափոխվել է Մերգելյան, որոշ ժամանակ անց, մեկ այլ կազմակերպություն էլ է հետեւել իրենց օրինակին։ Չեն բացառում, որ, «շղթայական ռեակցիայի ականատես» դառնան։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հարցին, թե մի քանի տարի հետո, երբ Մերգելյան ինստիտուտը նորից դառնա «Մերգելյան», կարո՞ղ ենք ասել, որ FAST-ով սկսվեց վերածնունդը, Օրուջյանը վստահաբար պնդում է. «Այո, կարող ենք։ FAST-ում աշխատող յուրաքանչյուր մարդ այդ հարցում իր ներդրումն ունի»։

 

FAST-ի մարդկանց՝ «առանց դռների» տարածքը

 

Երբ որոշել են, որ «նոր կյանք» պետք է ստեղծեն ապրելու հույս չունեցող տարածքում,  նկատի են ունեցել  ոչ միայն գրասենյակային տարածքը, այլեւ գույների բազմազանությունը, բույսերի առատությունն ու «մթնոլորտի» այն տեսակը, որտեղ ամեն մեկն իրեն տարածքի մի մասնիկը կզգար։

 

Դիզայնը Արմեն Օրուջյանն է որոշել, բայց թիմի հետ քննարկել է բոլոր մանրուքները։

 

«Ես չեմ ապրում այստեղ։ Գալիս եմ վաղ առավոտյան, գնում եմ ուշ երեկոյան, բայց այնքան կարեւոր է, որ ամեն ինչ դրական ու բնական լինի այստեղ՝ լույսը ճիշտ ընկնի, բույսերը պատի տակ լինեն, գույները հանգստացնեն»,-բացատրում է FAST-ի տնօրենը։

 

Ըստ նրա, հանգստությունը բոլոր սենյակներում պետք է զգալ, անգամ խոհանոցում։ Առանց պատերի խոհանոց կառուցելիս կարեւոր է եղել, որ այն այնքան էլ խոհանոց չհիշեցնի։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ես շատ էի ուզում, որ այն լինի աշխատանքային մի տարածք, որտեղ կարելի է աշխատել եւ հաց ուտել, այլ ոչ տարածք, որտեղ կարելի է ուղղակի հաց ուտել։ Թիմի ներսում սա շատ երկար է քննարկվել։ Բոլորը պնդում էին, որ խոհանոցը պետք է դռներ ունենա։ Ես հասկանում էի, որ դա մշակութային կարծրատիպի արդյունք է եւ ուղղակի ասում էի՝ վստահեք ինձ եւ կտեսնեք ինչ է ստացվում»։

 

Երկար քննարկվել է նաեւ առաստաղները հարթեցնելու հարցը։ Ի վերջո` այն մնացել է իր նախնական տեսքով, միայն մաքրել են եւ ավելացրել որոշ մասնիկներ։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Հյուրեր ունեինք Ճապոնիայից, որոնք եկել էին աշխարհի լավագույն գրասենյակներից եւ նայելով մեր տարածքին, բարձրաձայն ասացին, որ շատ տպավորիչ է։ Սա գնահատական էր։ Այստեղ եկող բոլոր մարդիկ են հասկանում, որ կարող են ոչ միայն աշխատել, այլ նաեւ շփվել, հանգստանալ ու մնալ իրենց մտքերի հետ։ Մենք ցնցող եւ անկրկնելի ինչ-որ բաներ չունենք ներսում, ուղղակի ամեն ինչ արել ենք,  որ մարդն իրեն այստեղ  լավ զգա եւ երջանիկ լինի, որ հենց այդ աշխատանքով է զբաղվում»։

 

Գրասենյակում կան տարածքներ, որտեղ կարելի է աշխատել, օրինակ, պատուհանների դիմաց պառկած կամ նստած։ FAST-ի տնօրենն ասում է, որ ինքն էլ է հաճախ այդպես անում։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

FAST-ի ստարտափերի ստուդիաները հատկապես մարդաշատ կլինեն նոյեմբերին, երբ մեկնարկի երիտասարդ ձեռնարկատերերի զարգացման ծրագիրը։ Այն սեփական ձեռնարկությունների ստեղծման մասին տեսական եւ գործնական գիտելիքներ է տրամադրելու։ Առանձին բաժին է գործելու նաեւ սկսնակ կին ձեռնարկատերերի համար։

 

Մեդիտացիայի «Zen» սենյակը

 

Գրասենյակի ամենավերջին անկյունը փակ դռնով մեդիտացիայի սենյակն է։ Երբ հյուրերը պարզում են դրա գոյության մասին, Օրուջյանին հաճախ են հարցնում, թե ի՞նչ կանի որպես ղեկավար, եթե պարզի, որ իր աշխատակիցներն այնտեղ են անցկացնում, օրինակ, 4 ժամ։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ես նրանց միշտ ասում եմ, որ ավելի քան հպարտ կլինեմ, եթե պարզվի, որ FAST-ում կան մարդիկ, որոնք գալիս են եւ «Զեն» սենյակում կարող են մի քանի ժամ մնալ, որովհետեւ մեդիտացիայի սենյակում չես կարող գնալ ու քնել, կամ խոսել, ուտել, աչքերով շփվել։ Դու պետք է գնաս այնտեղ եւ զբաղվես միայն մեդիտացիայով, հանգստացնես մտքերդ, մնաս ինքդ քեզ հետ»,- մանրամասնում է Արմեն Օրուջյանը։

 

Ասում է, եթե այնտեղ կարող ես անցկացնել 15-20 րոպե՝ ֆենոմենալ է, եթե այնտեղ կարող ես մնալ 4 ժամ՝ ապա ֆանտաստիկ է, որովհետեւ եթե այդ լուռ տարածքում չորս ժամ կարողանում ես մաքրել գիտակցությունդ, ուրեմն կարող ես աշխատել շատ ավելի արդյունավետ, քան եթե 12 ժամ նստած մնաս համակարգչիդ դիմաց։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Շուտով նաեւ հատուկ թրեյնինգներ են անցկացնելու եւ հույս ունեն, որ դրանցից հետո ավելի հաճախ եւ ավելի շատ մարդ կայցելի այդ սենյակ։

 

«Զեն» սենյակի այցելու Արմեն Օրուջյանը

 

Արմեն Օրուջյանը «Զեն» սենյակ գնալու ճանապարհին  պատմում է, որ կան այդ սենյակ մտնելու «հայկական» բարդույթներ։ Ինքը նման բարդույթներ չունի։ 12 տարի զբաղվում է մեդիտացիայով։ Այդ մասին խոսելիս անգլերենը սահուն փոխարինվում է հայերենով, հարցազրույցը վերածվում գրեթե մենախոսության։

 

«Օր կա 15 րոպե, օր կա 2 ժամ զբաղվում եմ մեդիտացիայով, հիմնականում առավոտյան կամ գիշերը քնելուց առաջ։ Ինձ համար հատկապես կարեւոր է երեկոյան մեդիտացիաները, որովհետեւ ճիշտ ուղղության վրա է դնում։ Լոս-Անջելեսում մեդիտացիա էի անում նաեւ քայլելով, Երեւանում չի ստացվում։

 

Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Գիտեք, մեդիտացիան անհարմար բան է։ Շատ անհարմար է լինել ու մնալ ինքդ քեզ հետ եւ դա հատկապես դժվար է այն մարդկանց համար, որոնք իրենց «ես»-ը շատ են սիրում։

 

Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ իրականությունն այն է, որ երբ մնում ես ինքդ քեզ հետ, ցնդում են բոլոր այն հեքիաթները, որոնք ստեղծել ես ինքդ քո մասին։ Հեշտ չէ։ Դժվար է, որովհետեւ ամբողջ կյանքում զբաղված ես քո ներսի երկու «ես»-երը իրարից հեռացնելով։ Քո մի «ես»-ը իրական է, նրան միայն դու ես ճանաչում, մյուս «ես»-ը դրսի աշխարհի համար է։

 

Ու ամբողջ կյանքում քայլում ես ձեռքերդ բաց, որ հանկարծ քո այդ երկու «ես»-երը, քո այդ երկու աշխարհները չգան, չմիանան, չմիավորվեն իրար։ Որովհետեւ բազմաթիվ վախեր ունես։ Որովհետեւ ստեղծել ես մի կերպար, որով ներկայանում ես ամբողջ աշխարհին՝ խելացի, հպարտ, անվախ։ Եվ ահա դրա կողքին ապրում է քո իսկական տեսակը, որն ունի անտանելի վախեր, մութ անկյուններ, կոմպլեքսներ եւ շարունակ հարցնում է քեզ՝ «իսկ գուցե դու այդքա՞ն էլ խելացի չես»։

 

Այդ երկու աշխարհներն իրարից հեռու պահելն անտանելի շատ էներգիա է խլում, բայց դու պատրաստ ես ամեն ինչի, միայն թե դրանք չմոտեցնես իրար։ Օրինակ, ժամանակդ վատնում ես ֆեյսբուքում։

 

Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մեդիտացիան քեզ բերում է «գիտակցական» վիճակի։ Քեզ հանում է միջանկյալ վիճակից եւ օգնում, որ մոտեցնես քո երկու «ես»-երը։

 

Երբ աշխատում ես համակարգչով եւ մի քանի պատուհան միաժամանակ ես բացում, հասկանում ես, որ համակարգիչդ դանդաղում է։ Նույնն էլ մարդու ուղեղն է։ Անընդհատ բաց պատուհաններ կան։ Մեդիտացիան փակում է ավելորդ պատուհաները, թողնում է մեկը, ամենակարեւորը»։

 

Աշխատանքային փոխված արդյունավետություն

 

Արմեն Օրուջյանն այն կարծիքին է, որ կարեւոր չէ, թե FAST-ի աշխատակիցն ինչքան ժամանակ է անցկացնում գրասենյակում։ Ինքն անձամբ ոչ մեկին չի ասում աշխատավայրում քիչ կամ շատ մնացեք։

 

Լուսին Մկրտչյանը զրուցում է Արմեն Օրուջյանի հետ Լուսին Մկրտչյանը զրուցում է Արմեն Օրուջյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Պատմում է, որ իրեն գրում են նույնիսկ կիրակի օրերին, եւ երբ հասկանում է, որ մարդիկ աշխատում են հանգստյան օրերին, ուղղակի ասում է՝ գնացեք տուն։

 

Նոր գրասենյակում բարձրացել է ոչ միայն արդյունավետությունը, այլեւ գործի որակը։ Փոխվել է աշխատանքի մասին մտածելու եղանակը։

 

«Նախկինում մենք աշխատում էինք IDeA-ի գրասենյակում։ Տեղափոխվելուց հետո էլ շարունակում ենք IDeA-ի թիմի հետ մի ամբողջություն զգալ, բայց այս տարածքը մեզ թույլ է տալիս ավելի լայն մտածել։ Այստեղից աշխարհն ավելի լայն է երեւում։ Ինչ տեղափոխվել ենք, մարդիկ սկսել են ավելի մեծ նախագծեր մտածել»։ 

 

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին