Առանց աղբ ապրող տիկին Շողերն ու ծաղկաման դարձած մանղալը - Mediamax.am

exclusive
10059 դիտում

Առանց աղբ ապրող տիկին Շողերն ու ծաղկաման դարձած մանղալը


Շողեր Աղաբեկյանը
Շողեր Աղաբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Շողեր Աղաբեկյանը
Շողեր Աղաբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շողեր Աղաբեկյանը
Շողեր Աղաբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի նման երկրներում, որտեղ աղբի վերամշակում գրեթե չկա, դժվար է էկոլոգիապես ճիշտ ապրել, բայց անհնարին չէ։ Հնարը գտել է նաեւ տիկին Շողերը. նրա ընտանիքում աղբ հնարավորինս քիչ են տանից դուրս հանում: Պլաստիկ շշերն ու պոլիէթիլենային տոպրակները մի քանի անգամ են օգտագործում, իսկ սննդի մնացորդները այգում են թաղում․․․

 

Հայաստանում սեպտեմբերի 15-ին կազմակերպվող Համաշխարհային մաքրության օրվան (World Cleanup Day) ընդառաջ, էկոլոգիապես զարգացած միջավայր ստեղծելու եւ էկոսովորություններից խոսելու համար հանդիպել ենք Շողեր Աղաբեկյանին ու զրուցել նրա ընտանեկան էկոսովորությունների մասին։

 

Տիկին Շողերենց՝ Երեւանի սեփական տան այգին մի քանի անգամ են փորել ու մթերքի մնացորդերը թաղել հողում: Շողերն ասում է՝ այդպես քաղաքի աղբը գոնե որոշ չափով քիչ կլինի: Ինչը փտելու ենթակա է, մշտապես լցնում են փոսի մեջ՝ անգամ անձեռոցիկները, բայց ոչ թուղթը։ Մենք նախկին փոսի վրա ենք կանգնած, կողքինն է նորը՝ կիսալիքը, տիկին Շողերն առաջարկում է՝ «թարմ» սննդի մնացորդեր բերել ու լցնել փոսը, որ լավ նկարներ ստացվեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամբողջ հողամասով մեկ երեք անգամ արդեն պտտվել ենք՝ փորելով․ այս տուն 2009-ից ենք տեղափոխվել։ Հումուս է․ երկրորդ տարին մթերքի մնացորդները փտելուց հետո ամբողջովին հողի են վերածվում։ Հենց լցվեց, կողքից նոր փոս ենք բացելու, բացած հողով սա կծածկենք, նորը կսկենք լցնել։ Երկու օրը մեկ թթվում է․ եթե հոտ է գալիս, մի քիչ հող ենք լցնում վրան ու վերջ»,- բացատրում է Շողերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղում է մեծացել տիկին Շողերը, ասում է՝ այնտեղ ընդհանրապես մնացորդներ չեն լինում։ Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից է, հպարտությամբ է գյուղից պատմում՝ շատ մաքուր է․ գյուղացին սննդի մնացորդները կենդանիներին է տալիս, իսկ պոլիէթիլենային տոպրակները լվանում է ու մի քանի անգամ օգտագործում։ Տիկին Շողերը նաեւ իր մեծ ընտանիքին է սովորեցնում էկոլոգիապես ճիշտ ապրել։

 

«Երբ ամուսինս աշխատավայրում ծիրան է ուտում, կորիզները բերում է․ արդեն վարակվել է ինձնից․․․ (ծիծաղում է- հեղ.)»,- պատմում է Շողերը։ Զավակներին է միայն դժվար համոզել, որ քիչ տոպրակներ օգտագործեն: Չորս տղա ունի, մեծն ուսանող է, փոքրը դպրոցական (տանը նրանց էլ հանդիպեցինք, բայց չցանկացան նկարվել)։

 

«Տղաներս հաճախ ամաչում են իմ կարած կտորից պայուսակներն օգտագործեն, բայց կարեւորը՝ տեսնում են այս ամենը, նրանց համար սա արդեն օրինակ է»,- ասում է Շողերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Էկոսովորությունները հեշտ է սեփական տանը պահպանել՝ սեփական այգում․ եթե բնակարանում ապրեին, Շողերն ասում է, որ գուցե նրանց համար էլ շատ դժվար լիներ նման ապրելակերպի հետեւել․ հաստատ կամաչեին հանրային այգիներում փոս փորել ու սննդի մնացորդներ թափել։ Ըստ նրա, բնակարանում ապրող մարդիկ կարող են գոնե քիչ պլաստիկ օգտագործել:

 

«Ծանոթներս որտեղ գնում են, իմ մասին են պատմում․ մեր հյուրերը միշտ զարմանում են մեր սովորությունների վրա, բայց զարմանալու ոչինչ չկա, հասարակ բաներ են, կարելի է անել, որ սովորություն դառնա։ Պետք է սովորություն դարձնել, որ այն ապրելակերպի վերածվի: Ասում են՝ ցանկացած սովորույթ 21 օրից կամ վերանում է, կամ ամրապնդվում է»,- պատմում է Շողերը ։

 

Խնդրում եմ, որ նրանց սովորական աղբը ցույց տա: Բակի աղբարկղը գրեթե դատարկ է: Առանձնահատուկ շեշտում է, որ ծխող չունեն, չնայած հինգ տղամարդ կա տանը: Գուցե խոհանոցի աղբարկղում աղբն ավելի՞ շատ լինի: Գնում ենք ներս, ճանապարհին ծաղկամանն է ցույց տալիս․ «Նայե՛ք․ հին խորովածի մանղալ է, որպեսզի չթափենք, ծաղկաման ենք սարքել»։

 

Մի քանի կոնֆետի թուղթ ու նման բաներ՝ հին ու կեղտոտ տոպրակի մեջ․ տիկին Շողերն «արդարանում է»՝ ինչպե՞ս այլ կերպ վարվել․ եթե վերամշակում լիներ Հայաստանում, հատուկ աղբի մեջ կգցեին կեղտոտ տոպրակը։ Աղբի դույլի կողքին էլ մի մեծ արկղում թղթերն են հավաքում․ փոքր տղայի հաճախած դպրոցում են հանձնելու՝ վերամշակման։

Շողեր Աղաբեկյանը Շողեր Աղաբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերադառնում ենք տոպրակների թեմային ու տիկին Շողերը կիսաբարկացած, տխուր  հայացքով պատմում է․ «Երբ Ղարաբաղ ենք գնում, Վարդենիսի դաշտերով անցնելիս, նկատում ենք՝ ամբողջը տոպրակ է, մեղքդ գալիս է հողը, ցորեն չի աճի: Մեր գյուղում նման բան չկա, այնքան մաքրասեր են, գյուղի դպրոցն էլ է տարբեր․ մեծ դպրոց է, բայց երբ հավաքարարը մաքրում է, աղբամանի մեջ շատ քիչ աղբ է հավաքվում։ Բնության մեջ ապրողը գիտի բնության գինը․ գուցե նաեւ վառեն աղբը, որը նույնպես վնասակար է, բայց ավելի լավ է վառեն, քան այսպես»։

 

Տոպրակներից հրաժարվելու համար Շողերը վաղուց է լուծում գտել․ պայուսակներ է գործում: Հին ու հաստոտ կտորներից՝ հատկապես ջինսերից կրկին պայուսակներ ու մեծ վերմակներ է կարում՝ միրգը վրան թափ տալու համար։

 

Շողերն առաջարկում է՝ հացի տոպրակով կարելի է եւս մեկ անգամ կարտոֆիլ ու լոլիկ տուն բերել, կամ մեկ տոպրակի մեջ կարող ենք բոլոր ապրանքները տեղավորել՝ չորսի փոխարեն։ «Խանութում ասում եմ՝ ինձ տոպրակ պետք չէ, պատասխանում են՝ մեզ մոտ անվճար է․ չեն հասկանում, թե ինչո՞ւ եմ հրաժարվում տոպրակից։ Մանկապարտեզից պետք է սկսել ու սովորեցնել բնությունը ճիշտ պահպանել: Իմ երեխան կոնֆետի թուղթը գրպանը դպրոցից տուն է գալիս, գիտի, որ չպետք է փողոցում գցի»,- ասում է Շողերը։

Շողեր Աղաբեկյանը Շողեր Աղաբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Շողերը գերմաներենի մասնագետ է, բայց երբեք չի աշխատել․քաղաքում հեշտ չէ չորս երեխայի մեծացնել։ Գերմանական մշակույթը, սակայն, շատ լավ է ուսումնասիրել․ ասում է՝ այնտեղ վերամշակումն իդեալական է արվում, երազում է, որ Հայաստանը նույնպես այս հարցում Գերմանիայի օրինակին հետեւի։ Իսկ պոլիէթիլենային տոպրակները, ըստ Շողերի, Հայաստանում շատ էժան են կամ նույնիսկ անվճար․ «ամենաաղքատ մարդն էլ ասում է՝ 10 դրամ է եղածը, ու առնում, եթե 50 լինի, գուցե ավելի քիչ օգտագործեն»,-ասում է նա։

 

Պատմում է, որ մի քանի անգամ փորձել է փողոցը աղտոտող մարդկանց հետ զրուցել ու բացատրել հետեւանքները, բայց հիմնականում լավ չեն ընդունել նկատողությունը։ «Մի մեծ կին էր քայլում, պաղպաղակի թուղթ գցեց գետնին՝ երեխայի աչքի առջեւ, ասում եմ՝ ինչո՞ւ եք այդպես անում, վաղն էլ երեխան կանի։ Ինձ ասում է՝ Աստվա՞ծ ես, ի՞նչ ես, որ ինձ վրա խոսում ես։ Մեծերի հետ դժվար է, բայց եթե փոքր տարիքում մարդկանց կրթեն, արդյունքը կերեւա»,- ասում է նա։

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարաները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին