Ժպտացող Yandexman-ները՝ պաստառներին ու ղեկին - Mediamax.am

exclusive
8772 դիտում

Ժպտացող Yandexman-ները՝ պաստառներին ու ղեկին



Հունիսի 1-ից Yandex.Taxi-ն Երեւանի տարբեր հատվածներում տեղադրել է պաստառներ՝ իր հետ համագործակցող վարորդների դիմանկարներով: Նախկինում նրանց միայն դիմացի փոքրիկ հայելու մեջ կամ կողքից ենք տեսել, իսկ հիմա վարորդները ժպտալով մեզ են նայում ու պատմում են՝ ինչու են սիրում իրենց գործը:

Մեդիամաքսը զրուցել է վարորդներից մի քանիսի հետ ու պարզել, թե ովքեր են սկսել ճանաչել նրանց եւ ինչպես համաձայնեցին հայտնվել պաստառների վրա:

 

Սերգեյ Ասրյանց

 

Ընկերներս ասում էին՝ փաստորեն շոու-բիզնեսի մեջ եմ հայտնվել: Դեռ նկարս չէի տեսել, ընկերս զանգեց ու ասաց, որ ժպիտ եմ պարգեւում ողջ Երեւանին. հարցրի տեղն ու գնացի տեսա, որ իրոք այդպես է: Նկարահանումն անսովոր էր, առաջին անգամ էին ինձ հարդարում (գրիմ) անում:

 

Երբ հարազատներս իմանում էին, որ տաքսի եմ վարում, ասում էի՝ ես Marvel-ի հերոսների նման եմ՝ yandexman եմ, եթե սուպերմենի կրծքին S տառն է պատկերված, իմ մոտ էլ ռուսերեն Я տառն է: Մենք բոլորս էլ Yandexman ենք. մեր աշխատանքի հերոսն ենք, այնպես ենք աշխատում, որ հաճախորդները միշտ գոհ մնան:

 

Ալբերտ Բաղրամյան

 

Երբ զանգեցին ու առաջարկեցին մասնակցել նախագծին, ասացի, որ ես դեռ մեկ տարվա աշխատող եմ, ինչպե՞ս մեկ տարում հասկացաք, որ լավ աշխատող եմ եւ ուզում եք նկարս փակցնեք քաղաքում: Պատասխանեցին, որ ուսումնասիրել են ու պարզել՝ ամենաբարձր ցուցանիշներից մեկն իմն է: Հաճելի է, որ նկարս քաղաքում փակցրել են:

 

Yandex-ի պատվիրատուների գրեթե 80 %-ը ճանաչում է ինձ: Ես երկրորդ աշխատանք չունեմ, տաքսի վարելն իմ հիմնական գործն է: 62 տարեկան եմ: Առավոտը յոթն անց կես դուրս եմ գալիս տանից եւ մինչեւ երեկոյան վեցը վարում եմ: Երբ քաղաքում նկարներիս կողքով եմ անցնում, հաճախ ինքս եմ ուղեւորներիս ցույց տալիս նկարս: 

 

Անդրանիկ Ասիլբեկյան

 

Չեմ ամաչում իմ կատարած աշխատանքից. հիմնական աշխատանքից հետո տաքսի եմ վարում եւ վայելում եմ գործս: Մասնագիտությամբ երաժիշտ եմ, նկարահանվելն ինձ համար հաճելի էր եւ նորություն չէր. բազմաթիվ տեսահոլովակներ ունեմ:

 

Այս ընթացքում դեռ մեկ անգամ եմ անցել նկարիս կողքով: Առաջինը եղբայրս էր ուշ գիշերը նկարել պաստառն ու զարմացած ուղարկել, նաեւ ծնողներիս էր ուղարկել: Հաջորդ օրը ծնողներս հատուկ այդ նկարը տեսնելու համար դուրս էին եկել զբոսնելու, հետո էլ նկարիս կողքին նկարվել էին:

 

Արսեն Արզումանյան

 

Զանգեցին ու միանգամից գնացի նկարվելու, աշխատանքի մեջ էի այդ ժամանակ: Ուղեւորներից են ինձ ճանաչել, ասում էին՝ «վա՜յ, էն ռեկլամի մեջի տղեն ա»: Առաջին անգամ չէր, հայկական ֆիլմերում երկրորդական դերերում նկարվել էի... 

 

Տաքսի վարելն իմ հիմնական աշխատանքն է: Երկու համալսարան եմ ավարտել. մեկը՝ կարմիր դիպլոմով, բայց դժվար է մասնագիտությամբ աշխատանք գտնելը: Եթե ուղեւորները բարի են լինում, աշխատանքս սիրում եմ, հետաքրքիր է անցնում:

 

Արտաշես Խանբեկյան

 

Ամեն օր եմ տաքսի վարում, նախկինում 18 տարի ավտոբուսի վարորդ եմ եղել՝ Ստեփանավան-Երեւան երթուղում: 2002 թվականից սկսել եմ սեփական մեքենայով տաքսի վարել:

 

Քաղաքում երեք տարբեր տեղերում իմ նկարով պաստառ կա: Շատերն են նկարս տեսել ու ինձ ճանաչել: Ապրում եմ Երեւանում, բայց Ստեփանավանից եմ, այնտեղից զանգում են ու ասում, թե «գովազդի մարդ» եմ դարձել:

 

Մի քանի օր առաջ Մոսկվայից հյուրեր էին ուղեւորներս, կանգնեցրին նկարիս մոտ ու նկարվեցին ինձ հետ:

 

Հովհաննես Ազիբեկյան

 

Մասնագիտությամբ երաժիշտ եմ՝ դաշնակահար: Դեռ նկարներս չեմ տեսել քաղաքում, ընկերներս են տեսել, նկարել, ուղարկել են ինձ: Սկզբում չէի համաձայնում, որ ինձ նկարեն, հետո համոզեցին... Մի երկու անգամ զանգեցին, չուզեցի կտրուկ մերժել, ի վերջո համաձայնեցի:

 

Կարլեն Աղեկյան

 

Մարդիկ շատ են բողոքում տաքսի մեքենաների մաքրությունից, վարորդների պահելաձեւից, խոսելաոճից, դրա համար սիրով համաձայնեցի նկարվել, որ հասարակությունը տեսնի, որ նորմալ վարորդներ նույնպես կան:

 

8 ամիս է համագործակցում եմ Yandex-ի հետ: Հիմնական աշխատանքիս զուգահեռ եմ վարում: Տաքսի վարելը հարմար գործ է. որոշեցի համատեղել, քանի որ ժամանակի առումով պարտականություն չկա: Նկարը դեռ չեմ տեսել, ընկերներս են նկատել: Շատերը չգիտեին, որ տաքսի եմ վարում, պաստառներից են իմացել ու զարմացել:

 

Արմեն Սարհատյան 

 

Նկարահանումը շատ միամիտ ստացվեց, չգիտեի, որ պետք է նկարեն մեզ, մտածում էի՝ վարորդների հետ հարցազրույց պետք է անցկացնեն նոր առաջարկների ու բողոքների շուրջ: Պարզվեց, որ նկարելու են մեզ: Ծիծաղս գալիս էր, թե մյուս վարորդներն ինչպես էին պատասխանում հարցերին, մտածեցի՝ մի քիչ էլ ես ծիծաղեցնեմ: Ուղեւորներն են ինձ ճանաչել, ասում էին՝ դեմքս ծանոթ է իրենց:

 

Ամալի Խաչատրյան

 

Լուսանկարները՝ Yandex.Taxi

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին