Մի քիչ հայ, մի քիչ աֆրիկացի Վանիկը. «Ինքդ պետք է երազանք դառնաս» - Mediamax.am

exclusive
41779 դիտում

Մի քիչ հայ, մի քիչ աֆրիկացի Վանիկը. «Ինքդ պետք է երազանք դառնաս»


Վանիկ Մինասը
Վանիկ Մինասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշլիի եւ Ֆլորայի հարսանիքը Նիգերիայում
Աշլիի եւ Ֆլորայի հարսանիքը Նիգերիայում

Լուսանկարը` անձնական արխիվից

Վանիկը
Վանիկը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանիկը՝ քրոջ հետ
Վանիկը՝ քրոջ հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Աշլիի եւ Ֆլորայի ընտանիքը՝ Գեղարդում
Աշլիի եւ Ֆլորայի ընտանիքը՝ Գեղարդում

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից

Աշլին եւ Ֆլորան
Աշլին եւ Ֆլորան

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշլին եւ Ֆլորան
Աշլին եւ Ֆլորան

Լուսանկարը` անձնական արխիվից

Վանիկ Մինասը
Վանիկ Մինասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանիկ Մինասը
Վանիկ Մինասը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ոչ սովորական ճակատագրով Վանիկ Մինասին, չնայած իր խիստ հայկական անունին, արտաքինը միանգամից «մատնում է». թուխ մաշկն ու գանգուրները նրա մեջ աֆրիկյան հետքի մասին են հուշում: Բայց բավարար է մի քանի բառ զրուցել եւ լսել նրա հրաշալի հայերենը, որ սկսեք կասկածել՝ գուցե՞ սովորական երեւանցի տղա է:

 

Նիգերուհի Ֆլորայի ու հայ, կիսով չափ հնդիկ Աշլի Վանիկի 25-ամյա որդին արդեն 23 տարի է՝ Հայաստանում է ապրում: Տարբեր երկրներում է եղել, այդ թվում՝ Ֆլորայի հայրենիք Աֆրիկայում, բայց իրեն ամենից լավ Երեւանում է զգում:

 

Նիգերուհի մաթեմատիկոսը եւ հայ բժշկի սերը, որ նրանց բերեց Հայաստան

 

Վանիկի հայրը՝ Կալկաթայի հայ Աշլին, գինեկոլոգ-վիրաբույժ է, մաթեմատիկոս կնոջ հետ ծանոթացել էր Աֆրիկայում, որտեղ հայտնվել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ աշխատելու արդյունքում: Երիտասարդները Նիգերիայում էլ ամուսնացել էին՝ տեղի ավանդույթներով եւ ծեսերով: 

 

Աշլիի եւ Ֆլորայի հարսանիքը Նիգերիայում Աշլիի եւ Ֆլորայի հարսանիքը Նիգերիայում

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Ամուսնությունից 9 ամիս անց ծնվել էր առաջին դուստրը: Վանիկն ընտանիքի երկրորդ զավակն է, որից հետո ամուսինները եւս մեկ տղա են ունեցել:

 

Վանիկը Վանիկը

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Նիգերիայում սեփական հիվանդանոցն ունեին եւ, գուցե, այնտեղ էլ շարունակեին ապրել, եթե չիմանային Արցախում ընթացող պատերազմի մասին: 1994թ.-ին, երբ Վանիկը երկու տարեկան էր, Աշլին ու Ֆլորան որոշեցին գալ Հայաստան՝ պատերազմող Արցախում հիվանդանոց բացելու համար: 

 

Վանիկը՝ քրոջ հետ Վանիկը՝ քրոջ հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

 

«Մեզ ուղարկեցին Մեղրի, որտեղ ապրեցինք 7 տարի: Այնտեղ ծնվեց փոքր եղբայրս՝ Տիգրանը: Մեղրիում «Մինասյան» բժշկական¬ կենտրոնը հիմնեցինք, այնուհետեւ հիվանդանոցներ բացեցինք նաեւ Ասկերանում եւ Երեւանում: Մեղրիում, անկեղծ ասած, մի քիչ բարդ էր, որովհետեւ փոքր բնակավայր էր, որտեղ արտասահմանցիներ չէին ապրում: Դժվարությամբ, բայց ընտելացանք: Մայրս, բնիկների հետ շփվելով, հայերեն սովորեց, ինչը հորս մոտ ավելի դժվարությամբ ստացվեց: Այժմ մայրս ավելի լավ է հայերեն խոսում: Ի տարբերություն հորս, նրա համար ավելի հեշտ էր նոր կյանքին ու միջավայրին հարմարվելը, քանի որ բնավորությամբ ավելի շփվող է եւ հեշտությամբ է հասկանում մարդկանց»,- պատմում է Վանիկը:

 

Աշլին շատ նվիրված էր բժշկությանը եւ հիվանդանոցների առողջապահական մասով նա էր զբաղվում, մյուս հարցերով` կինը: 

 

Աշլիի եւ Ֆլորայի ընտանիքը՝ Գեղարդում Աշլիի եւ Ֆլորայի ընտանիքը՝ Գեղարդում

Լուսանկարը` անձնական արխիվից

 

9 տարի Մեղրիում ապրելուց հետո տեղափոխվեցին Երեւան ու հենց քաղաք մտնելու առաջին օրը մտերմացան մի ընտանիքի հետ.

 

«Երեւան հասանք գիշերը: Մերոնք տան տեղը շփոթել էին եւ օտար մարդու դուռ թակեցինք: Երբ պարզվեց, որ շփոթել ենք հասցեն, տան տերերը մեզ չթողեցին հեռանալ այդ ուշ ժամին եւ պահեցին իրենց տանը: Մենք մինչ օրս մտերիմ ենք այդ մարդկանց հետ: Հայերս շատ ջերմ ազգ ենք, աշխարհում ուրիշ ոչ մի տեղ այդպիսի բան չի լինում»:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Վանիկը Երեւանում կրթությունը շարունակեց Նորքի 2-րդ զանգվածի անգլիական թեքումով դպրոցում. «Դժվարն առաջին օրերն էին, հետո ընկերացանք, ես այդ առումով շատ բախտավոր եմ, չեմ զգացել կյանքումս մի վայրկյան, որ ճնշված եմ կամ նեղված»: 

 

Աշլին եւ Ֆլորան Աշլին եւ Ֆլորան

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Հրաշքով փրկված Սառան ու տարբեր ուղղություններով թեքված ճանապարհը

 

4-րդ երեխան՝ Սառան, նրանց միացավ Երեւանում: Ընտանիքը բարեգործական հիմնադրամ ուներ, որով մանկատուն հերթական այցի ժամանակ էլ հանդիպեցին փոքրիկ Սառային.

 

«Այդ մանկատանն ապրում էին առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ, որոնցից մեկն էլ Սառան էր: Հայրս միշտ երազում էր երեխա որդեգրել: Նկատեցինք Սառային, ով շատ աշխույժ, ճարպիկ երեխա էր: Որդեգրման պրոցեսը մոտ երկու տարի տեւեց, ինչից հետո փոքր քույրս մի քանի ծանր վիրահատություններ տարավ: Բժիշկներն ապրելու հույս չէին տալիս, քույրս երկար ժամանակ կոմայի մեջ էր: Սառային տեղափոխեցինք Իտալիա՝ բուժման, ամիսներ շարունակ մնաց կոմայի մեջ, բայց մայրս չէր դադարում հավատալ, որ նա կապրի: Մամայի համառությունը հաղթեց, Սառան հրաշքով ապրեց: Դրանից հետո էլ բժիշկներն ասում էին, որ Սառան չի քայլելու, բայց մեկ տարի անց լիարժեք առողջ էր»:

 

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Աշլիի ու Ֆլորայի ճանապարհն այլ ուղղություններով կիսվեց, երբ Վանիկը 14 տարեկան էր: Ամուսնալուծությունից հետո հայրը մեկնեց Հայաստանից, իսկ մայրը որոշեց մնալ, քանի որ երեխաներն այստեղ էին մեծացել:  

 

Աշլին եւ Ֆլորան Աշլին եւ Ֆլորան

Լուսանկարը` անձնական արխիվից

 

«Հայրս այժմ Ռուանդայում է ապրում, որն Աֆրիկայի ամենազարգացած երկրներից է եւ իր պատմությամբ շատ նման է Հայաստանին: Մայրս էլ մոտ 6 տարի առաջ մեկնեց Հայաստանից, Նիգերիայում է ապրում՝ Սառայի հետ: Վերջին անգամ մամային հունվարին եմ տեսել: Հաճախ ե՛ւ մենք ենք գնում իր մոտ, ե՛ւ նա է գալիս: Մեծ քույրս՝ Սիրունը, եղբայրս՝ Տիգրանն, ու ես չուզեցինք գնալ: Քույրս պլաստիկ վիրաբույժ է, եղբայրս՝ գրաֆիկական դիզայն է սովորում: Մենք մեզ Երեւանում շատ լավ ենք զգում: Երբ գնում եմ Աֆրիկա, ինձ ասում են` գնա այստեղից, դու սպիտակ ես (ծիծաղում է,- հեղ.): Ես երեւանցի եմ, սիրում եմ Երեւանն ու չեմ ուզում ուրիշ տեղ երկար ապրել»,- ասում է Վանիկը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երեւանի քամին եւ օրվա առեղծվածային ժամը

 

Երեւանում Վանիկն ամենից շատ սիրում է քայլել գիշերային ժամերից մինչ արեւածագ, երբ փողոցները դատարկ են ու լսելի է միայն քամու ձայնը:

 

«Գիշերվա ու լուսաբացի ժամերին, հատկապես, մեր քաղաքը աննկարագրելի գեղեցիկ է: Մինչեւ արեւածագը Երեւանում քամի է բարձրանում, որը ոչ մի տեղ չկա: Երբ լույսը բացվում է, այդ քամին, քաղաքում տարածվող հոտն ու սառնությունը ոչ մի տեղ չեմ զգացել: Երեւանում մի վայր կար, որ շատ էի սիրում: Ամերիկյան համալսարանի հետնամասում դատարկ տարածություն էր, որտեղ կարող էիր կտրվել աշխարհից, քայլել, լինել ազատ: Այնտեղ շատ երջանիկ ու սիրուն պահեր եմ ապրել: Երեւանից դուրս սիրում եմ Դիլիջանն ու անձնահատուկ՝ Շուշին»: 

 

Yandex.Taxi-ն, աֆրիկացներին զարգացնելու ցանկությունն ու համառության արդյունքը

 

Վանիկը Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող է: Աշխատանքի բերումով շատ է ճամփորդում եւ չի կարողանում շատ ժամանակ տրամադրել ուսմանը. «Եթե անկեղծ, բժշկությունը չեմ սիրում եւ երբեք չեմ զբաղվելու դրանով, այնպես որ՝ գուցե, չավարտեմ էլ»:

 

Ի տարբերություն բժշկությանը, Վանիկը շատ է սիրում այն աշխատանքը, որով այժմ զբաղվում է, եւ իր ողջ եռանդն ուղղում է դրան: 

 

«Երբ Yandex.Taxi-ն եկավ Հայաստան, ես այդ ժամանակ մտածում էի երկար ժամանակով Աֆրիկա տեղափոխվելու մասին: Սկսեցի օգտվել Yandex.Taxi-ից եւ զգացի, թե որքան կարեւոր է տաքսի ծառայության հենց այդ տեսակը: Մեկնեցի Նիգերիա, որտեղ գործում է Uber-ը: Հենց այդ ժամանակ էլ ինձ մոտ միտք առաջացավ, որ լավ կլիներ Yandex ընկերությունը, որ բազմաթիվ նախագծեր ունի, գար Աֆրիկա: Ես ուզում էի, որ Աֆրիկայում զարգանան այդպիսի կազմակերպությունները, որովհետեւ այնտեղ ժողովուրդն աշխատանք չունի եւ ժամանակակից տրենդերին համապատասխան զբաղմունք չկա: Ուզում եմ, որ Աֆրիկայում սերունդը փոխվի, այնտեղ բնակչության 50%-ը 18-40 տարեկան է, երիտասարդ, եւ այդ տարիքում մարդիկ զբաղվում են գողությամբ ու հանցագործություններով: Պատճառը մարդկանց՝ աշխատանք չունենալն է: Աֆրիկայում անհրաժեշտ են ընկերություններ, որոնք կգան եւ կզբաղվեն իրական բիզնեսով, կկրթեն եւ կզարգացնեն հասարակությունը, կփոխեն նրանց առօրյան ու ապագան»:

 

2017թ.-ի աշնանը հենց այս մտքերով Վանիկը գրեց առաջին նամակը, որը հետագայում դառնալու էր դեպի իր նոր նպատակներ տանող բանալին: Նամակը հասցեագրված էր Yandex.Taxi-ի միջազգային լրատվական ծառայությանը եւ, ի վերջո, հասավ ընկերության միջազգային զարգացման տնօրենին, ով նույնպես հայ է:

 

Վանիկ Մինասը Վանիկ Մինասը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Միջազգային զարգացման տնօրեն Մուշեղ Սահակյանը զանգահարեց ինձ, երբ Աֆրիկայում էի, որտեղ արագ սննդի կետ ունեմ: Զանգեց, հայերենով խոսեցինք, հարցրեց՝ Աֆրիկայում ի՞նչ ես անում: Պատասխանեցի՝ ախպեր, հայ եմ, Աֆրիկայում ի՞նչ պիտի անեմ, շաուրմա եմ վաճառում(ծիծաղում է,- հեղինակ): Ես համառ մարդ եմ եւ մինչեւ վերջ դրսեւորեցի համառությունս: Երբ իմացա, որ միջազգային զարգացման թիմը գալու է Հայաստան, ինքնաթիռի տոմս գնեցի ու ես էլ եկա: Հանդիպեցինք, շփվեցինք, ինձ հրավիրեցին Մոսկվա: Մի սովորություն ունեմ, եթե ուզում եմ, որեւէ ուղղությամբ աշխատել, պետք է սկսեմ զրոյից: Միանգամից չես կարող ղեկավար պաշտոն ստանալ, գործի ամենափոքր մանրուքը պիտի իմանաս, որպեսզի հաջողության հասնես: Այդ պատճառով ավելի վաղ Yandex-ում տաքսու վարորդ եմ աշխատել: Կյանքում արածս ամենաբարդ գործը դա է եղել: Հայերիս մոտ կարծրատիպ կա, թե տաքսու վարորդներն իրենից ցածր են: Ես կուզեմ՝ դա վերանա: Մեր բիզնեսում ամենակարեւոր մարդը վարորդն է, քանի որ ամեն ինչ սկսում է իրենից եւ ավարտվում իրենով: Եթե նա չլինի, չի լինի ընկերությունը: Ինչքան էլ մենք` աշխատասենյակում նստած հետաքրքիր նախագծեր եւ լուծումներ մտածենք, եթե վարորդը սրտացավ չլինի, ոչինչ չի կարող ստացվել»:  

Համառությունն ու Yandex.Taxi տանող երկար ուղին Վանիկին հասցրեցին ընկերության Միջազգային զարգացման բաժին: Այժմ Վանիկը պատասխանատու է Աֆրիկյան մայրցամաքի զարգացման համար: 

 

«Աֆրիկայում օնլայն տաքսիների մշակույթը զարգացած է որոշ չափով, մեծ ընկերություններ արդեն կան, ինչպես նաեւ զարգացած են տեղական բրենդերը: Այնտեղ թեկուզ տաքսիների մեքենաները հին են, բայց շատ ավելի մաքուր են ու կոկիկ: Եթե մաքուր չլինեն, մարդիկ ուղղակի չեն օգտվի դրանցից: Մենք էլ մոտ ժամանակներս կունենանք առաջին մեկնարկը, հուսով եմ` լավ կստացվի: Ինձ համար շատ ուրախալի է, որ Yandex.Taxi-ն որոշեց գալ Աֆրիկա: Վստահություն ունեմ, որ այդ կազմակերպությունը մնալու եւ զարգացնելու է Աֆրիկան»: 

 

Վանիկ Մինասը Վանիկ Մինասը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ժամանակը, մարդկային տեսակն ու ապագան

 

Վերադառնալով իր պատմությանն ու ապագայի նպատակներին՝ Վանիկը նախ խոսում է մարդու տեսակի ու զարգացման անհրաժեշտության մասին.

 

«Իմ մեջ չորս ազգի արյուն է հոսում, բայց ես չեմ համարում, որ ազգությունը պիտի որոշի քո մարդկային տեսակը: Ես երեւանցի եմ, հայ եմ, բայց ազգայնական չեմ, դա սխալ եմ համարում: Մարդն ինքը պիտի որոշի՝ ով լինի: Ժամանակը չի կանգնում, մարդիկ ու շրջակայքը փոխվում են, դու էլ ես փոխվում: Շատ հետաքրքիր է այդ ժամանակի մեջ հետել քո եւ ուրիշների զարգացմանը: Դա շատ ակնհայտ է լինում, երբ հաճախ ես ճամփորդում, այլ քաղաքակրթությունների հանդիպում»:

 

Մարդու համար ամենակարեւորը, ըստ Վանիկի, ոչ թե երազանքները, այլ նպատակները պետք է լինեն. 

 

«Եթե մարդն իր անելիքները հնարավորությունների սահմաններում անի մաքսիմալ լավ, Աստված, Տիեզերքը, Բնությունը, ինչին հավատում եք, նրան կտա ավելի լավի հնարավորությունները: Չես կարող նստել ու սպասել հրաշքների, պիտի գործես: Մի ապրիր երազանքներով, այնպես արա, որ դու դառնաս երազանք»:

 

Թե ուր կտանի ապագան, Վանիկը չգիտի եւ չի էլ մտածում այդ մասին. «Կարեւորն այն է, որ ուրախությամբ ընդունես այն, ինչ բացվում է քո առաջ»: 

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Վանիկ Մինասի անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին