«Դուխովը»՝ նոր Հայաստանի սիմվոլ - Mediamax.am

exclusive
14101 դիտում

«Դուխովը»՝ նոր Հայաստանի սիմվոլ


Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Ասլանյանը (աջից)
Արա Ասլանյանը (աջից)

Լուսանկարը` Պավել Ղալեչյան

Լուսանկարը` Արա Ասլանյան

Լուսանկարը` Արա Ասլանյան

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Rakcham


Դո՞ւ էլ ես «դուխով» գլխարկ ուզում ու մտածում՝ եթե այս օրերին գնես, շատ սիմվոլիկ կլինի, թե՞ արդեն ունես: Գուցե՞, «դուխովի» պատմությունն էլ հետաքրքրի...

Դիզայներ Արա Ասլանյանի հեղինակած «դուխով» լոգոյով գլխարկներից անգամ Բոստոնից են ուզում: Հիմա դեռ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի սկսած շարժման հետ է կապվում «դուխովը», բայց շուտով, դիզայներ Արայի խոսքով, այն կդառնա ջահելության, նոր Հայաստանի, նոր սերնդի ու հաղթանակի սիմվոլը: 

Թե ինչպես երկար մտածված «դուխովն» առաջ ընկավ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ու դարձավ վերջին օրերի խորհրդանիշը, ինչպես տարբերել «հեղինակային» գլխարկներն անցումի տակ վաճառվող տպագրվածներից, ու ինչպես է «դուխովը» օր օրի վերածվում ազգային բրենդի, Մեդիամաքսին պատմել է Արա Ասլանյանը: 

Այս օրերին միշտ եմ «դուխով» գլխարկով.

 

բոլոր գույները հերթով ինքս կրում եմ: Ամենաշատը կարմիրն եմ սիրում: Հենց առաջին օրինակից սկսած ես էի կրում, այն նույն գլխարկն էր, որ Նիկոլը կրեց: Տվել էի նաեւ ընկերներիս, օգտագործեցին, խնդրեցի, որ վերադարձնեն, որովհետեւ միակ օրինակն էր ու փոխանցեցի Նիկոլին: Իսկ հիմա առիթից օգտվելով՝ ուզում եմ խնդրել բոլորին, որ այդ առաջին օրինակ գլխարկը գտնենք. ես հաստատ կճանաչեմ, որ տեսնեմ: 

 

Արա Ասլանյանը (աջից) Արա Ասլանյանը (աջից)

Լուսանկարը` Պավել Ղալեչյան

 

Աշխատում եմ «Վիվառո» ընկերությունում, ստեղծագործական գծով տնօրենն եմ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ մի ծրագիր ունեինք. պետք է հատուկ ու հետաքրքիր ձեւով գովազդային արշավ կազմակերպեինք: Աշխատեցինք ու եկանք այն մտքին, որ պետք է սկսել ինչ-որ «վիրուսային», գովազդային արշավով մի ծրագիր անել եւ արշավի անունը դրեցինք «դուխով»: 

 

Ինչո՞ւ «դուխով», 

 

որովհետեւ մարդկանց դուխ է պետք, հատկապես ֆուտբոլի ժամանակ  երկրպագուները միշտ արձագանքում են. օրինակ, «Դավայ դուխով, Հենո՜, գո՜լ... »: Ես եմ որոշել, որ հենց այդ բառը պետք է լինի, երկար մտածել էի, որ այն շատ լավ է աշխատելու: Մի քանի տարբերակներ կային գովազդային արշավի համար, բայց «դուխովն» ընտրվեց. Սովետի թվից մարդիկ իրար ասում էին դուխով, ռեփեր Միշոն իր երգերում է ասում դուխով, Նիկոլն իր ճառերում է ասում դուխով, առօրյայում օգտագործվող բառ է: Մյուս տարբերակներից, օրինակ, ունեինք «դուխ տալ», «դուխով տղա», «դուխով գոլ»... Պետք է խորհրդանշեր ջահելությունն ու սպորտը, քանի որ շուտով ֆուտբոլի առաջնությունն է, մեր նպատակն էր «դուխով» բրենդը զարգացնել ֆուտբոլի առաջնությամբ, հետո շարունակել: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երբ Նիկոլ Փաշինյանի շարժումը սկսվեց, 

 

մտածեցի, որ իդեալական կլինի մեզ համար, եթե Նիկոլը կրի այդ կեպկան, քանի որ նա էլ շատ էր ասում՝ դուխո՜վ, դուխո՜վ. համընկավ: Մտածել էի՝ եթե կրի, ես շատ մոտ ապագայում 2 000-3 000 գլխարկ կպատրաստեմ ու կբաժանեմ մարդկանց: 

 

Ծրագիրն արդեն գծած, պատրաստ սպասում էի, ու հենց գլխարկը դրեց, սկսեցի: Ամեն ինչ արեցի, որ շարունակական լինի, սթիքերներ պատրաստեցի, դրոշներ բաժանեցի մարդկանց: 

 

 

 

Մի քանի օր առաջ էի փոխանցել գլխարկը, սպասում էի` երբ է վերջապես կրելու, ու հենց այն իդեալական պահին դրեց, երբ իրեն ազատ էին արձակել: Շատ հաղթական էր ամեն ինչ, Սերժ Սարգսյանն էլ իր հերթին «օգնեց» բրենդի կայացմանը, հրաժարական տվեց, մի ցնծություն էր, եւ զգացմունքային առումով շատ համապատասխանում էր. ապացուցվեց, որ ամեն ինչ դուխով է պետք անել: 

 

Լուսանկարը` Rakcham

 

Ես տրամադրում եմ լոգոն,

 

բրենդինգը. համագործակցում եմ տարբեր կազմակերպությունների հետ: Եթե ասում են օրինակ՝ ուզում ենք «դուխով» գինի ունենալ, հատուկ դիզայն եմ պատրաստում նրանց համար: 

 

Լուսանկարը` Արա Ասլանյան

 

Բոլորին ներկայացնում եմ նաեւ duxov.am կայքում, «դուխովի» հետ կապված այստեղ ամեն ինչ կգտնեք՝ որտե՞ղ, ինչքա՞ն, ինչպե՞ս... Այժմ «դուխով» լոգոյով կան գլխարկ, շապիկ, հեռախոսի պատյան, սթիքեր, օծանելիք, գինի, գարեջուր... Նիկոլի դեպքում կատարյալ էր կեպկան, որովհետեւ այդ օրերին միշտ գլխարկով էր նա: 

 

Լուսանկարը` Արա Ասլանյան

 

«Դուխովը» ոչ թե իմ հեղինակայինն է, այլ ես եմ ստեղծել լոգոն՝ դիզայներական տեսակետից: Քանի որ անմիջական իմ կողմից այդքան շատ մեծ «բում» եղավ, չեմ կարող ինքս վերահսկել ու գնալ, օրինակ, անցումի տակ 1000 դրամանոց շապիկի համար: Երբ հասկանում են, որ պետք է հեղինակին դիմել սկզբում, ինձ դիմում են համագործակցության համար, սակայն, օրինակ, Գյումրիից չեն դիմել կամ Երիտասարդական անցումի վաճառողներից էլ ինձ չեն դիմել: Ոչ թե դեմ չեմ այդ ամենին, այլ հաճելի չէ, որ իմ հեղինակային լոգոն առանց իմ թույլտվության օգտագործում են, հետն էլ վատ են տպում: Մեր արտադրածի ձախ հատվածում մեր պիտակը կգտնեք: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Տառատեսակը մոտ 3-4 տարի առաջ եմ ստեղծել, այն ժամանակ դեռ փորձում էի ավելի փոքր ինչ-որ արշավներ կազմակերպել «դուխովի» նման, որ առօրյա արտահայտությունը դարձնեինք թրենդ ու հենց այդ ժամանակ այս ֆոնտը ստեղծեցի: 

 

Ամեն տեղ վաճառվում է, 

 

նաեւ այն, ինչ իմ համագործակցությամբ է արտադրվում: Սկզբում անվճար գլխարկները տալիս էի, որ բաժանեն, նաեւ duxov.am-ում առաջին գրանցվողներին անվճար էի տրամադրում: 3-4 օրվա ընթացքում 1500-ից ավելին մարդ էր գրանցվել, բոլորին անվճար հասավ, հետո հասկացա՝ պետք է դադարեցնել, որովհետեւ ֆիզիկապես ի վիճակի չէի լինի այդքան բաժանելու: Քանի որ նախատեսված բյուջեն վերջացավ, սկսեցինք վաճառք կազմակերպել: 

 

Երիտասարդականի անցումի տակ վաճառվողները տպագրված են, այդպես ավելի էժան է ստացվում, իսկ մերը շատ որակով է, ասեղնագործած է: Էժա՞ն է, թե՞ թանկ, բացարձակ չի հետաքրքրում, իմ նպատակը բիզնես անելը չէ, այլ բրենդը զարգացնելը: 

 

Ես շատ եմ ուզում, որ «դուխովը» ազգային բրենդ դառնա,

 

կփորձեմ ամեն ինչ անել, որ այդպես լինի. պոտենցիալը կա, լավն է: 

 

Բոլորն ասում են՝ «դուխովն» ասես դարձել է նոր Հայաստանի, ջահելության, նոր սերնդի, խաղաղության, հաղթանակի սիմվոլը: Այսպես՝ «ֆսյո՜, արդեն պրծանք» էմոցիաները եկել ու զետեղվել է այս բառով լոգոյի մեջ: 

 

Լուսանկարը` Թումո

 

Ինչպես օրինակ Փարիզի փողոցներում սեւամորթները հատակին 20 դոլարով «Prada» են ծախում, մոտավորապես նույնը եղավ այստեղ. «դուխովն» ամեն տեղ կա: Պատկերացնում էի, որ նման տարածում կստանա, բայց չէի ակնկալում, որ Ռոստովի կամ Բոստոնի հայ համայնքից կզանգեն ինձ: 

 

Գնում էի ցույցերին ու գլխարկ էի բաժանում,

 

իմ մասնակցությունը ցույցերին սրանով է պայմանավորված: Փողոց չեմ փակել, ցույցերին արեւի տակ չեմ կանգնել... Սկզբից չէի գնում հավաքներին, երբ Ֆեյսբուքը լցվեց միայն Նիկոլի շարժումով, հասկացա, որ շատ արագ պետք է դադարեցնել այն, ինչ անում էի ու անցնել սրա իրագործմանը: Դուրս եկա, «օդը շնչեցի», կարդացի, մոնիտորինգ արեցի, որ վստահ լինեմ՝ կաշխատի ու սկսեցի: Վերջերս հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին մշակութային մի միջոցառման ժամանակ. իմացավ, որ ես եմ «դուխովի» հեղինակը, բայց շատ խառն էինք, հետո որոշեցինք նորմալ նստել-խոսել, ասացի՝ ուզում եմ նրա imagemaker-ը (հանրային կերպարի պատասխանատու) դառնալ: 

 

Մեկ էլ ավելացնեմ. Նիկոլ ջան, գլխարկս գտի...

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին