exclusive
8708 դիտում

«Լյուկերի» «10 մետր» հիշողություններ. Բեռլինից՝ Կարս ու Գյումրի


Ալեքսեյ Մանուկյանը
Ալեքսեյ Մանուկյանը
Դիաբերքիրում
Դիաբերքիրում
Բեռլինում
Բեռլինում
Բեռլինում
Բեռլինում
Դրեզդենում
Դրեզդենում
Շուշիում
Շուշիում
Շուշիում
Շուշիում
Շուշիում
Շուշիում
Բեռլինում
Բեռլինում
Բեռլինում
Բեռլինում
Բեռլինում
Բեռլինում
Կարսում
Կարսում
Կարսում
Կարսում
Ալեքսեյ Մանուկյանը
Ալեքսեյ Մանուկյանը
Ալեքսեյ Մանուկյանը
Ալեքսեյ Մանուկյանը
Գյումրիում
Գյումրիում

Գրաֆիտի մեծ կտոր, թուղթ կամ կտավ… Գյումրիի տարբեր թաղամասերում կարելի է հանդիպել մեկին, ով շատ լուրջ դեմքով դիտահորերի կափարիչներն է դրոշմում: Ամեն մի գիծ ստանում է մետաղի ամրությունն ու հստակությունը, րոպեներ անց թղթին է հայտնվում կափարիչի «կրկնօրինակը»:

Հարցական դեմքի արտահայտությամբ՝ շատերն են հետեւում. ոմանք հարցնում ու զարմացած են անցնում, իսկ մի մասն էլ՝ «Է, հա՛, հըբը՞ հետո» ասելով հեռանում են:

Երբ նկարիչը հայտնվեց վերջերս վերանորոգված Ռուսթավելիի փողոցում, որտեղ նախորդ տարվանից հաճախ կարելի է տեսնել զբոսաշրջիկների, շատերը սկսեցին հետաքրքրվել, թե ինչ է անում:

Ալեքսեյ Մանուկյանը Ալեքսեյ Մանուկյանը


Փողոցի նոր դիտահորների «թիթիզ» ծածկոցներն է սկսել դրոշմել, որի վրա «Կումայրի» արգելոց թանգարանի քարտեզն է, ինչպես նկարիչն է բնորոշում` «պուպուշցրած, քաղցրցրած են, տուրիստի աչքին հաճոյանալու համար»:

Միաժամանակ հասցնում է արխիվավորել հարեւան Շիրազի փողոցի դիտահորերը, որտեղ սկսվել է փողոցի շինարարությունը, ու հին դիտահորերը հեռացվում են: Երկար կտավը ձեռքին քայլում է ու նայում ոտքերի տակ՝ գտնելու անտեսվածը՝ երկաթե շրջանակով:
Ալեքսեյ Մանուկյանը Ալեքսեյ Մանուկյանը


Այս աշխատանքի ու գործի կարեւորությունը հասկանալու համար հարկավոր է երկար շրջել փողոցներով մինչեւ հնարավոր կլինի ընթեռնել դիտահորերի թաքնված լեզուն, բայց բավական է մի փոքր զրուցել եւ ճանապարհորդել նկարիչի գործերով ու գտնել «Հըբը հետո՞»-ի պատասխանը:

Գյումրիի բաց դիտահորերի ներշնչանքը

- Գյումրիում՝ մեր 58 թաղամասում, շատ բաց դիտահորեր կային, էդ լյուկերը մինչեւ հմի էլ բաց են: Ու իրանց չեն փակե, որպեսզի լյուկի սինդրոմը մարդիկ զգան, օր ինչքան էլ ապրիս, ստեղծագործես, միշտ վախն էղնի, օր չընկնիս լյուկը: Քեզի կըթվա օր արդեն ձեռքբերումներ ունիս, հանկարծ պինդ ամուր քայլերով կերթաս ու… կընկնիս լյուկը: Մետաֆորիկ այդ իմաստը կա: Ինձի կթվա օր լյուկերը էդօր համար չեն փակե, կարող է մտածված կամ չմտածված քայլ է, բայց օր մարդիկ ավելի զգույշ ու զգոն էղնին,- մեկնաբանում է դիտահորերի տպագրությամբ զբաղվող նկարիչը:
Գյումրիում Գյումրիում


Պատմում է, թե ինչպես է 2012 թվականի ընտրություններն անցկացրել դիտահորի մեջ, համակարգիչը ձեռքին՝ ստատուսներ գրել ու տարբեր խնդիրների անդրադարձել:

Նրա դիտարկմամբ՝ դիտահորերը քաղաքի զարկերակներն են, նայում են երկնքին ընդերքից, որպես ստորգետնյա աշխարհի աչքեր՝ հետեւում են մեզ աննկատ, ու հենց այդ ներքեւի աշխարհից վերեւ, դեպի նոր ելք ու ազատություն, նայելու գաղափարն էլ ներշնչել է նրան:

«Բացարձակ հեչ բան չիդեմ նկարչությունից»

Դիտահորերի կափարիչների մեծ գիտակը գյումրեցի Ալեքսեյ Մանուկյանն է, ով ոչ թե մանկուց է երազել նկարիչ դառնալ, այլ 25 տարեկանում՝ մինչ այդ ստանալով օրթոպեդի մասնագիտություն:

-Երեւանում էի սովորում, գերմանացիների հիմնադրած պրոտեզավորման կենտրոնում: Երկրորդ կուրսից, երբ որ սկսեցինք գծագրություն անցնել, իմ մեջ սկսեց ինչ-որ հետաքրքրություն առաջանալ, սկսեցի գծել, նկարել: 90-ականների կեսերն էր, գնացի Գեղարվեստի ակադեմիա, ներկի հոտը առա՝ դուրս եկավ, հետո Վերնիսաժ կերթայի՝ նկարչական նյութեր կառնեի: Երբ, որ ավարտեցի ուսումս մի մեքենա մոլբերդներ, վրձիններ էի առել ու բերում էի Գյումրի: Առել էի, բայց չիդեի ինչ պտի էնեի:


Վերադառնալով հայրենի քաղաք՝ հաջորդ օրն անմիջապես օրթոպեդ Ալեքսեյը հանդիպում է նորաբաց Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի հետ ու հայտնում իր ցանկության մասին.

-Ասացի, օր ըստեղ պդի սորվիմ, հարցրեց՝ ի՞նչ գիտես, ըսի՝ բացարձակ հեչ բան չիդեմ նկարչությունից, բայց ըստեղ պտի սորվիմ: Ու համառորեն սկսեցի սովորել էդ ակադեմիական լսարաններում, չարչարվեցի, բնորդներ նկարելով, գծի կուլտուրա սովորելով: Մեկ տարի նախապատրաստական գնացի, առաջին տարին չընդունվա՝ հայոց լեզվից կըտրվա,- հիմա արդեն ժպիտով է պատմում Ալեքսեյը իր նկարիչ դառնալու ընթացքը: Չի մոռանում նշել, որ 12 տարի զուգահեռ աշխատել է որպես օրթոպեդ՝ օգնելով հատուկ կարիքներով մարդկանց:

Բայց ուսուցման տարիներն էլ հարթ չեն անցել: Ակադեմիական ու –իզմ-երի աշխարհում Ալեքսեյն ու իր համակուրսեցիներից մի քանիսը որոշեցին դուրս գալ այդ կանոնիկությունից ու ժամանակին համահունչ նորը ստեղծել:

- Նկարիչը մտածողն է, որը պետք է իր կյանքի ու ժամանակի նյութն ու առարկան գտնի, դասավորի, հակադրի ու ցույց տա: Կտավի վրա մարդ նկարողը՝ նկարիչ չէ: Մենք չէինք ուզե անցյալի մեջ մնայինք, մենք գուզեինք մեր իրականությունը ստեղծել: Ձեւավորեցինք «5-րդ հարկ» ստեղծագործական խումբը, որը փոխակերպումների իր առաջարկներով սկսեց աշխատել սոցիալական, մշակութային տարբեր միջավայրերի հետ: Որոշ կազմակերպությունների հետ սկսեցինք համագործակցել ու մենք հայտնվանք Գերմանիայում:

10 մետր հիշողություն՝ քաղաքից

2011 թ. Գերմանիայում էլ Ալեքսեյի մտապատկերներում պտտվող դիտահորերը կենդանություն են առնում: Մանկությունից մնացած մետաղյա մանրադրամները թղթի վրա տպելը հիշելով՝ մետաղադրամի փոխարեն սկսում է փորձել թղթի վրա դաջել դիտահորերի կափարիչները: Բեռլինի դիտահորերը դառնում են առաջինը:
Բեռլինում Բեռլինում


-Էնտեղ գնացի սուպերմարկետ ու սկսեցի խելագարի նման թուղթ ման գալ: Ու էդպես 10 մետրերով թուղթ գնեցի, ու սկսեցի լյուկերը նկարել: Պարզվավ, օր ինքը ներկայացման էր նման: Հետո հասկացա, որ մարդիկ կանգնած դիտում են, հետաքրքրվում, սկսեցի քաղաքի տարբեր հատվածներում լյուկեր տպել:

Արվեստագետները շատ հավանեցին ու հուշեցին վերնագիրը… «Բեռլինի 10 մետրը»:
Դրեզդենում Դրեզդենում


Բեռլին, հետո Դրեզդեն, մյուսը Բրյուսելն էր... ամեն քաղաքից 10 մետր հիշողություն վերցնելով հեռանում էր նկարիչը: Ոչ միայն դիտահորերի կափարիչներն էին դրոշմվում, այլ փողոցի քարերը, տարբեր անցուղիները, մարդկանց կարծիքները՝ հանձնված թղթի 10 մետրին:
Դիաբերքիրում Դիաբերքիրում


Նկարիչի հաջորդ կայարանը Կարսն էր, հետո Տիգրանակերտ-Դիաբերքիրը: Ի դեպ, միակ «10 մետր»-ն է, որ մի փոքր պատռվել է՝ փողոցում աշխատող նկարչին չի զիջել իր ուղին մոտոցիկլով անցորդը:



Մեկը մյուսին հաջորդեցին քաղաքները՝ Ստամբուլ, Լյուբլին, Կոպենհագեն, Մեց, Գյումրի ու Շուշի... Նկարիչը լուռ երկխոսության մեջ էր մտնում ոտքերի տակ գտնվող «արժեքների» հետ, նաեւ շարժում հիշողությունն ու ժամանակը: Թղթե սավանների վրա քաղաքի հետքերը Ալեքսեյը տանում է իր հետ այլ քաղաքներ: Ժամանակի իր սղագրությունը անելով չի թողնում ջնջվի, անհետանա մոռացության փոշու ու զարգացման ընթացակարգում:
Շուշիում Շուշիում


Դիտահորերի կափարիչների շերտագրությունը

Ամեն մի դիտահորի կափարիչ իր պատմություն ու հետքն ունի ժամանակի ու նույնիսկ հասարակարգի մասին: Միայն ուշադիր աչքը կարող է տեսնել ու գնահատել, մաքրել փոշուց ու լուռ երկաթից ինֆորմացիա քամել:

«Շուշիում բավական նոր շերտեր բացահայտեցի, լյուկ կար, որի վրա գրված էր՝ Բաքու. ադրբեջանական հետքերը մնացել էին: Բռնապետության շրջանի դիտահորերը լրիվ ուրիշ են, դրանց մեջ մի բութ, կոշտ ու կոպիտ բան կա: Ստալինյան ժամանակվա դիտահորերը նայեսգը սարսափելի բութ վիճակ է, կոպիտ գրած է՝ 1933: Ու կզգաս էդ ժամանակը՝ դավաճանությունը, սպանությունը, ազգի հանճարին սպանելու միտումը, ամեն ինչի մեջ բութ վիճակը կա, ա՛յ, էդ դիտահորերը մեզ էդ շերտերն ու պատմությունը կբացահայտեն: Մեզի կտանին վախի դարաշրջան՝ չհասկացված ու չխոսված դարաշրջան»,- ասում է Ալեքսեյը:
Շուշիում Շուշիում


Պատահական չեն ընտրվում դիտահորերի արտաքին պատկերները, քաղաքաշինական դետալներ լինելով՝ քաղաքային միջավայրի կարեւոր դրոշմներ են, ամեն քաղաք, թաղամաս ունի դիտահորի իր շրջանակի նկարը, տարբերվում են, նույնիսկ, արդյունաբերական տարածքների ու բնակելիների դիզայնը: Օրինակ Գերմանիայում կենտրոնը ունի իր գեղեցիկ նկարներով դիտահորերի կափարիչները, որը նույնպես զբոսաշրջիկներին գրավելու հնարք է, ինչպես մեզ մոտ՝ Ռուսթավելիում:
Կարսում Կարսում


- Գյումրիի 58 թաղամասինը ուրիշ է, Հայաստանում նման դիտահորների կոլեկցիա չկա, քանի որ երկրաշարժից անմիջապես հետո հավաքական ուժերով է կառուցվել թաղամասը: Ամեն մեկը իրա հանրապետությունում արտադրված դիտահորներն է բերել: Ցավոք սրտի, դրանք վերանում են, ասֆալտի շերտերի տակ են մնում, կամ կոտրվում են,- դիտահորերի իր տեսությամբ կիսվում է նկարիչը: Կարեւոր փաստ է նշում՝ սկզբնական շրջանում Հայաստանի դիտահորերի վրա գրել են ռուսերեն, հետո հայերեն են դարձել, նորից վերադարձել են ռուսերենին, ապա եկել է երկաթագիր հայերենը՝ հայկական տարրերով համեմված /խաղող, նուռ, ազգային նախշեր/: Բայց աշխարհի բոլոր երկաթե շրջանակների համար կա ընդհանուր մի լեզու եւս. ջրի դիտահորերի վրա ալիքներ կան, հեռախոսի լարերինը՝գծեր, էլեկտրականությանը՝ արեւի սիմվոլներ:

Անահիտ Հարությունյան (Գյումրի)

Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյան՝ հատուկ Մեդիամաքսի համար

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am