Քյալլա-«կիալա»՝ Գյումրին Մեթի, Նիկի, Քեթրինի եւ Թհոնգի աչքերով - Mediamax.am

exclusive
6589 դիտում

Քյալլա-«կիալա»՝ Գյումրին Մեթի, Նիկի, Քեթրինի եւ Թհոնգի աչքերով


Թհոնգ Դո Յանը
Թհոնգ Դո Յանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Քեթրին Լին Ռոբսոնը
Քեթրին Լին Ռոբսոնը

Լուսանկարը` անձնական արխիվից

Քեթրին Լին Ռոբսոնը
Քեթրին Լին Ռոբսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քեթրին Լին Ռոբսոնը
Քեթրին Լին Ռոբսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեթ Սուիթը
Մեթ Սուիթը

Լուսանկարը` Մարաշլեան

Մեթ Սուիթը
Մեթ Սուիթը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մարաշլեան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկ Սկորթիսը
Նիկ Սկորթիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թհոնգ Դո Յանը
Թհոնգ Դո Յանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թհոնգ Դո Յանը
Թհոնգ Դո Յանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թհոնգ Դո Յանը
Թհոնգ Դո Յանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Ինչպիսի՞ն է Գյումրին: Այս հարցի լավագույն պատասխանների հեղինակները գյումրեցիներն են, քաղաքի հին ու նոր, իրական ու մտացածին պատմություններով, քաղաքով ապրող մարդկանց ու պատմական շինությունների հիշողություններով, որոնք փաթեթավորվում են կատակների ժապավենով ու հրամցնում:

 

Բայց քաղաքը նման է մարդուն, ինչքան էլ ճանաչես ինքդ քեզ, միեւնույնն է, ներքին բջիջներով կառուցված տեսակիդ արտացոլանքը տեսնում ու գնահատում են ծանոթ-բարեկամները, ընկերներն ու նույնիսկ թշնամիները: Քաղաքը ճանաչելու համար էլ նախ հարկավոր է ծանոթանալ, շփվել, դրանից հետո միայն կարող ես լսել քաղաքի աղմուկը, տեսնել անցյալը, զգալ քաղաքի համն ու հոտը, փոշին ու փայլը, շոշափել կնճիռները, եւ միայն այդ դեպքում կարելի է պատկերել քաղաքի մի ամբողջական նկար՝ ներսով ու դրսով:

 

Այդ նկարը գտնելու հետքերը տարան այն մարդկանց մոտ, ովքեր եկել են օվկիանոսից ու ծովերից անդին ու մի քանի ամիս է ապրում են Գյումրիի զարկերակով:

 

Գյումրիի ու օտարի ծանոթությունը

 

Կյանքի առաջընթացը հիմա ծանոթության այլ պայմաններ է թելադրում, քաղաքի ու մարդու ծանոթությունը ապահովում է Google-ը: ԱՄՆ-ի Խաղության կորպուսի կամավորներն էլ մինչեւ Գյումրիի կհասնեին, նախ վիրտուալ տիրույթում են իրար հետ ծանոթացել:

 

- Ուսումնասիրեցի աշխարհագրությունը, պատմական անցյալը, գրված էր, որ ունի Կումայրի թանգարան, սպորտսմենների ու դերասանների քաղաք է, - ասում Մեթ Սուիթը, ով ՀյուսիսայինԿառոլինայից է։

Մեթ Սուիթը Մեթ Սուիթը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Օ՜, ոչ: Հայաստանի մասին շատ էի լսել, մեծ էր ցանկությունս լինել այստեղ: Գիտեի, որ այն հետաքրքիր պատմական անցյալ ունի, հայտնի է գեղեցիկ լեռներով, հրաշք բնությամբ, տաք արեւով ու եկեղեցիներով: Մեծ քաղաքներում չես տեսնում գույները, իսկ փոքր քաղաքները հնարավորություն են տալիս տեսնելու շրջապատդ, ինքդ քեզ ճանաչելու։ Մարդիկ չեն վազում, ուզում էի ապրել փոքր քաղաքում,- ասում է Քեթրին Լին Ռոբսոնը, ով 64 տարեկանում որոշել է ճանաչել Հայաստանը:

Քեթրին Լին Ռոբսոնը Քեթրին Լին Ռոբսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընտանիքին թողնելով օվկիանոսից այն կողմ՝ մեկ տարի ապրելու ու կամավորական սկզբունքով աշխատելու է Գյումրիում՝ օգնելով գյումրեցի երիտասարդներին:

 

Վիրտուալից՝ իրական

 

Վիրտուալ տիրույթում մարդիկ հաճախ այլ են, մի փոքր խմբագրված անցյալով, հաճելի ու սրբագրված լուսանկարներով: Մարդու օգնությամբ գրեթե նույն վարքագիծը ունեն նաեւ աշխարհագրական վայրերը՝ բարեմասնությունները ընդգծված, որոշ կարեւոր մանրուքներ հաճելիորեն քողարկված:

 

- Առաջին տարբերությունւ Երեւանից Գյումրիի ճարտարապետությունն էր: Այն յուրօրինակ է, սեւ քարի ու նարնջագույնի համադրությամբ՝ ձեւավորված գեղեցիկ նախշազարդերով, նկարներով տեսել էի, իրականում դրանք ավելի տպավորիչ են, - նշում է Նիկ Սկորթիսը: Նա հասցրել է շրջել ու լավ ճանաչել Շիրակի մարզը, Մարալիկի դպրոցներից մեկում դասավանդում է անգլերեն ու իր երկրորդ տունը համարում է Գյումրին:

Նիկ Սկորթիսը Նիկ Սկորթիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Այստեղ իմացա, որ քաղաքը ավերվել է երկրաշարժից հետո ու տեսա շատ դոմիկներ, որ դեռ մնացել են քաղաքի տարբեր հատվածներում, ինչը եւ՛ տխրեցնում է, եւ՛ զարմացնում, - իր առաջին տպավորություններով կիսվում է Թհոնգ Դո Յանը, ով արդեն երկու տարի բնակվում է Հայաստանում:

 

-Վա՜յ, վա՜յ, վա՜յ,- հայերեն բացականչությամբ ու ժպիտով զրույցին միանում է Մեթը ու խոսում քաղաքի նկարներում քողարկված որոշ մանրամասներից։

 

- Գյումրիի փողոցներով դու ոչ թե պետք է քայլես, այլ թռնես, հատկապես մայթերի վիճակը վատ է, իսկ եթե նոր վայր ես գնում, ուզում ես քայլել ու տեսնել: Այդ ցեխերի ու փոշու կողքին վերանորոգված Ռուսթավելի փողոցը շատ սիրուն է: Հույս ունեմ, որ մյուս փողոցներն էլ կզարգանան: Եթե այնտեղ հետաքրքիր սրճարաններ ու ժամանցի այլ վայրեր լինեն, ամենաշքեղ վայրը կդառնա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բոլորն են նշում, որ Գյումրին ունի մեծ առավելություն՝ փողոցներում խցանումներ չկան, ապահով կարելի է շրջել քաղաքում, ամեն մի գյումրեցի իրեն գիդ ու գիտակ է համարում քաղաքը ներկայացնելու հարցում, տանում ցույց է տալիս, թեկուզ անգլերեն չգիտի, բայց բացատրում է, պատմում: Գյումրիի ժամանակավոր բնակիչները սիրում են շրջել Սլաբոդկա թաղամասով: Նրանց համար այն մի առանձնահատուկ վայր է՝ եվրոպական, ռուսական ու հայկական ճարտարապետության խառնուրդով, որը հյուրին տանում է մի քանի դար հեռու:

 

Մի փոքր հայերենով

 

Անցնող ամիսների ընթացքում կամավորները, ինչպես իրենք են ասում, «մի փոքր հայերեն» են սովորել, բայց այդքան էլ բավարար է հասկանալու հայերեն գրական լեզվի ու կառնո բարբառի տարբերությունները:

 

-Եթե հայերեն դժվար է, Գյումրիի բարբառ ավելի դժվար: Իրանք ուրիշ ձեւ օգտագործել ապառնի ժամանակ: Հայերեն ասում են «ինչ ես ուզում», իրանք կասեն «ինչ կուզես»:

 

-Ինճղ, գուգանք, պակա, մեռսի, սովորել ենք արդեն, բայց շատ բարդ:

 

-Շատ օգտագործում են վա՛յ, վա՛յ, վա՛յ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեկը մյուսին հերթ չտալով փորձում են գյումրեցիների պես խոսել, բառերը կարծես նույն են, բայց արտահայտման ձեւը`այլ: Ապա սկսում են պատմել, թե ինչքան համով էր «կիալան»: Զարմացած հայացքիս հասկանում են, որ չեմ ըմբռնում բառը: Ի վերջո, ասում են, որ խոսքը կովի գլխի մասին է՝ քյալլայի, որը առաջին անգամ համտեսել են Գյումրիում, հավանել են, իսկ Թհոնգը նաեւ լուսանկարել է քյալլայի պատրաստման ընթացքն ու իր բլոգում կիսվել տպավորություններով:

 

Ի դեպ, ոչ միայն քյալլայի, այլեւ Հայաստանի գեղեցկությունը իր լուսանկարչական ապարատով ու այլ դիտակետով նկարահանել ու ներկայացրել է արմատներով վիետնամցի մեր Թհոնգը, ում անծանոթ գյումրեցիների հաճախ «չինացի» կամ «տաջիկ» են ասում:

 

Ապրել ու քայլել Գյումրիի հետ համատեղ

 

- Իմ սիրելի վայրերը Գյումրիում ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանն է, Ասլամազյան քույրերի թանգարանը, Գորկի այգին, մարզադաշտը, Վարդանանց ու Անկախության հրապարակը, շատ լավն ա,- հայերենով ներկայացնում է Մեթն ու շարունակում,- գնացքի կայարան, շատ լավն ա, չգիտեմ ինչպես հայերենով, այն շատ լավ օրինակ է խորհրդային շրջանի ճարտարապետության, սիրում եմ գնացքով հասնել Երեւան, շատ դանդաղ է, բայց հարմար:

Մեթ Սուիթը Մեթ Սուիթը

Լուսանկարը` Մարաշլեան

- Իմ սիրելի վայրը Գյումրիի կենտրոնում գտնվող գեղեցկության սրահն է, - ուրախ ու հպարտ ասում է Քեթրինը ու ցույց տալիս մատները,- Կյանքիս մեջ առաջին անգամ Գյումրիում ներկեցի եղունգներս, երբեք չէի ներկել, ինձ դուր է գալիս, հետո այդտեղ շատ բան կարող ես իմանալ քաղաքի մասին:

Քեթրին Լին Ռոբսոնը Քեթրին Լին Ռոբսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Աշխատանքիս վայրը հրապարակին մոտ է ու էդ անվերջ մեքենայի ազդանշանները խլացնում են։ Սկզբից շատ էի զարմացել, վախեցել, թե ինչ է կատարվում, հիմա գիտեմ՝ հայկական հարսանիք է, -պատմում է Թհոնգը ու հիշում, թե ինչպես իրենք էլ մասնակցել են հարսանիքին, ուրախացել, երգել ու պարել հայկական երգերի նվագակցությամբ,- շատ զվարճալի է հարսանիքի ժամանակ այն երիտասարդը, որ երկար դանակի վրա պահում է խնձորն ու պարում է:

 

-Ինձ ասել էին, որ այս քաղաքի մարդիկ սիրում են իրենց բնակավայրը, մեծարում են, բայց մտածում էի, որ բոլորն էլ սիրում են իրենց երկիրը, նույնն էլ այստեղ կլինի։ Երբ ապրեցի այստեղ, հասկացա, որ իսկապես շատ են սիրում իրենց ծննդավայրը: Հիմա ես էլ եմ հպարտ, որ ապրում եմ Շիրակում,- Նիկի այս անկեղծ խոստովանությանը ստիպում է նաեւ Քեթրինին եւս մեկ կարեւոր բան նշել:

Լուսանկարը` Մարաշլեան

- Շատ հետաքրքիր է մարդկանց վերաբերմունքը, բոլորը քեզ բարեւում են, հարցնում են՝ ինչպես ես, հյուրասիրում են: Նույնիսկ եթե շատ աղքատ են, միեւնույնն է, հրավիրում են տուն, մածուն հյուրասիրում: Ամերիկայում մարդիկ ժամանակ չունեն քեզ տրամադրելու համար, նրանք զբաղված են ու օտար մեկով չեն հետաքրքրվի:

Բացահայտումները հաջորդում են մեկը մյուսին, ապա սկսում են պատմել անսովոր, զվարճացնող պատմություններ, որոնք բնորոշում են հայերին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բոլորը փորձում են քեզ ամուսնացնել

 

-Ամեն օր, երբ ծանոթանում եմ որեւէ մեկի հետ, անպայման հարցնում են՝ դու ամուսնացած չե՞ս, ինչու՞, դու պետք է ամուսնանաս: Ասում եմ, ես դեռ 34 տարեկան եմ, հիմա չեմ ուզում, բայց հնար չկա, ասում են, բայց ինչի՞, քեզ պետք է, ես գիտեմ աղջիկ, կհանդիպեք ,- հայերենով պատմում է Մեթը։ Ընկերները հավաստում են, որ իրենց էլ են փորձում ամուսնացել, նույնիսկ Քեթրինին, ում չի փրկում նույնիսկ այն հանգամանքը, որ ամուսին, երեխաներ ու թոռներ ունի:

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ինձ համար անսովոր է երթեւեկությունը: Ամերիկայում ճանապարհային ոստիկան եմ աշխատել, ինձ համար ահավոր է տեսնել, թե ինչպես են մարդիկ որտեղ պատահի անցնում փողոցը, դա էլ քիչ է, երեխայի ձեռքը բռնած, մեկ էլ կտեսնես հրապարակի մեջտեղով անցնում են,- Թհոնգը թեեւ երկու տարի է ապրում է Գյումրիում, բայց դեռ սարսափով է խոսում այդ մասին: Բայց բոլորի համար մի թեմա էլ կա, որ հայերենով ու անգլերենով մեկը մեկին հերթ չտալով խոսում են.

 

-Մարշուտկա ահավոր: Կանգնած գնալ սարսափելի: Ես հաճախ եմ կանգնած Գյումրիից գնացել Մարալիկ:

 

-Մարշուտկայի մեջ գրած է «չծխե՛լ», բայց վարորդը ծխում է:

 

-Գյումրիում վարորդի կողքի երկու տեղերը միայն տղամարդիկ են նստում, իսկ Գյումրի-Երեւան մարշուտկայի մեջ, երբ տղաները ուզում են նստել այդ տեղերը, ասում են կանանց համար է, չես հասկանում ի՞նչու, ի՞նչ տարբերություն:

 

-Ես սիրեցի այս քաղաքը, որովհետեւ այստեղ դու կարող ես գտնել ամեն ինչ՝ կա թատրոն, կինոթատրոն, ֆուտբոլի թիմ, սրճարաններն ու ռեստորանները էժան են, ժամանցային վայրերը հետաքրքիր: Եթե ուզում ես ինչ-որ բան գտնել, կգտնես:

 

Քաղաքի նկարի խմբագրում

 

Թհոնգը ավարտել է Գյումրիում իր կամավորական առաքելությունը: Իբրեւ խորհրդանիշ նվիրել են մուշուրբա, բայց Թհոնգը Գյումրիից տանում է ոչ միայն այս մուշուրբան, այլ իր կյանքի երկու տարիները, որ լի էին զարմանքով, հիացմունքով, հումորով, Հայաստանի տարբեր գեղեցկությունները իր հիշողության մեջ պահած, լուսանկարչական իր խցիկի մեջ հավերժացրած պատկերներով, որոնք նոր բացահայտում են ոչ միայն իր, այլ մեզ համար՝ դրսի աչքով ու գնահատականով:

Կլկլան բաժակի գաղտնիքի պահապանը

Իսկ Քեթրին Լինն Ռոբսոնի, Մեթ Սուիթի ու Նիկ Սկորթիսի համար Գյումրիի ամբողջական նկարը դեռ պատրաստ չէ, մի քանի ամիս եւս ապրելու են քաղաքով ու քաղաքում։ Մեծ ցանկություն ունեն իրենց կյանքի մի մասնիկը դարձած այս քաղաքում ու իրենց մտապահած նկարում որոշ փոփոխություններ անել:

Քեթրին Լին Ռոբսոնը Քեթրին Լին Ռոբսոնը

Լուսանկարը` անձնական արխիվից

Մեթը կուզենար իր նկարում ջնջել փլատակներն ու դոմիկները, Քեթրինը՝ առանց թափառող շների տեսնել քաղաքը, իսկ Նիկը՝ Գյումրին ու Շիրակը տեսնել շատ մարդկանցով:

 

Անահիտ Հարությունյան (Գյումրի)

 

Լուսանկարները` Կարեն Մկրտչյան

 

Շնորհակալություն ենք հայտնում Շիրակ կենտրոնի «Շալե Գյումրի»-ին

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին