Կամավոր «Թելադրություն»՝ մարտի 18-ին - Mediamax.am

exclusive
13837 դիտում

Կամավոր «Թելադրություն»՝ մարտի 18-ին


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` «Թելադրություն»


Բացի դպրոցական խիստ թելադրություններից, այսուհետեւ կլինի նաեւ «Թելադրություն»՝ որին ինքներս կամավոր կդիմենք, կգրենք ու վերջում էլ կգնահատվենք: Գուցե ավանդաբար սխալները կարմիրով էլ նշվեն, բայց միեւնույն է՝ գնահատականը միայն մեզ կասեն, եւ կարող ենք անգամ անանուն մնալ: «Թելադրություն» նախագծի կազմակերպիչները հայախոս հասարակությանը հրավիրում են թելադրություն գրելու Երեւանում եւ Դիլիջանում մարտի 18-ին, իսկ Մոսկվայում՝ 17-ին, թելադրել կսկսեն ժամը 14:00-ին:

 

Ինչպե՞ս

 

«Թելադրության» ռուսական անալոգը վաղուց է գործում՝ Тотальный диктант: Նրանք էլ մերոնց նման փոքր քայլերով էին սկսել 2014-ից, իսկ այժմ աշխարհով մեկ են տարածվել: Արդեն 60 քաղաքներում ամեն տարի ռուսախոս հասարակությունը այսպես անվճար ստուգում է իր գրագիտությունը:

 

«Թելադրության» նախաձեռնողները նույնպես աշխարհի հայերին գրավելու մտքեր ունեն. կաշխատեն հաջորդ տարիներին Սփյուռքն էլ ներգրավել: Ի դեպ, ծրագիրը Հայաստանում ներկայացնելու գաղափարն էլ Ռուսաստանից էր եկել, առաջարկել է սկսկել կազմակերպիչների ընկերներից մեկը, որը երկար տարիներ այնտեղ բնակվելուց հետո տեղափոխվել է Հայաստան: Չնայած, ասում են, որ նախագծերն իրար հետ կապ չունեն, մերոնք այստեղից պարզապես կազմակերպչական խորհուրդների համար են դիմում:

 

Ինչո՞ւ

 

Ոչ մրցույթ է, ոչ էլ քննություն. սա նախաձեռնողներն առանձնահատուկ են ուզում շեշտել: Ըստ նրանց, այն տոն է, որ մեկ օր պետք է ուշադրություններս հրավիրենք մայրենի լեզվի գրագիտությանը:

 

Կազմակերպիչներից Հայկ Դավեյանն ասում է, որ «Թելադրությունով» դժվար կլինի հետեւություններ անելը, թե ինչքանով մարդը լավ կամ վատ գիտի հայերեն՝ մարդիկ պարզապես կսկսեն մտածել ճիշտ գրելու մասին:

 

«Մենք չենք հավակնում գնահատման գործիք դառնալ: Իհարկե, մի թելադրությամբ չես փոխի մարդկանց գիտելիքները, բայց մարդիկ կսկսեն ավելի լավ մտածել ամեն բառը գրելուց առաջ: Այնպես չէ, որ նախաձեռնող խումբն էլ շատ լավ է գրում, բոլորս էլ այսօր գրագիտության կարիք ունենք», - ասում է Հայկը:

Լուսանկարը` «Թելադրություն»

Քանի որ մրցույթ չէ, չկան նաեւ գերազանցիկներ եւ ծույլիկներ, բայց խոստանում են՝ կլինեն ինչ-որ խրախուսական նվերներ ամենամաքուր ու գրագետ թելադրություն հանձնող մասնակիցների համար:

 

Տեխնիկական հարցեր

 

Քանի որ կազմակերպիչները հին գնահատման համակարգի սերնդից են՝ գնահատականները կլինեն 1-ից 5-ը, սխալները կուղեկցվեն բացատրություններով եւ մեկնաբանություններով: Թելադրության տեւողությունը՝ 20 րոպե: Արդյունքները կստուգեն մոտ երկու շաբաթում եւ մասնակիցներին կուղարկեն էլեկտրոնային փոստով: Այս ամենից հետո տեքստի անբասիր տարբերակը կտեղադրվի կայքում եւ ֆեյսբուքյան էջում:

 

Չնայած ծրագիրն այսքան խիստ կազմակերպված չի ավարտվելու, «շոուն» շարունակվելու է սոցցանցերում, խոստանում են՝ հրապարակել ամենակկրկնվող, հետաքրքիր ու տարօրինակ սխալները: Խայտառակ ոչ ոք չի լինի. հավատացնում են՝ ամեն ինչ անանուն  է լինելու, հետո էլ մասնակիցը կարող է իր կամքով թերթիկի վրա հանգիստ չնշել իր անուն-ազգանունը, միայն մասնակցության համարը բավական է:

 

Որտե՞ղ

 

Միջոցառումը նույն ժամին կանցկացվի տարբեր վայրերում, մասնակիցը գրանցվելիս կարող է ընտրել:

 

Երեւանում հստակ պայմանավորվածություն կա դեռ միայն երեք վայրի համար՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) եւ Բրյուսովի անվան համալսարաններում եւ Մշակույթի պետական քոլեջում: Մոսկվայում կկազմակերպեն հայկական եկեղեցական համալիրի հիմնական դահլիճում:

Լուսանկարը` PAN Photo

Հարթակներն ավելացնելու հետ կապված բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, կփորձեն պայմանավորվել Կոնսերվատորիայի, հնարավոր է նաեւ Բյուրոկրատ գրախանութ-սրճարանի հետ: Նախնական պայմանավորվածություն կա նաեւ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ:

 

Նախաձեռնողների խոսքով՝ սկզբունքը բաց լինելն է, ու եթե տարբեր ընկերություններ ցանկանում են միանալ նախագծին, կարող են դիմել թիմին եւ «Թելադրությունն» անցկացնել նաեւ իրենց մոտ:

 

Տեքստի վրա աշխատեցին

 

Տեքստը գրելու եւ թելադրելու են ժամանակակից հեղինակներ: Հատուկ թեմա չկա, գրողին առաջարկել են թելադրել այն, ինչի մասին ինքը կուզեր խոսել մեծ լսարանի առջեւ: Միայն թե քաղաքական եւ շատ տխուր թեմաներ չլինեն՝ դրականը նախագծում առանձնահատուկ են կարեւորում: Այնուհետեւ ընտրված տեքստերի հետ կաշխատեն լեզվաբանները:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար

 

«Թելադրությունն» անվճար է, ու նախատեսված է բոլորի համար՝ անկախ տարիքից:

 

Գրանցումը բաց է մարտի 2-ից, մինչեւ հիմա մոտ 100 մասնակից է գրանցվել: Մասնակիցները հույս ունեն 500-600 մարդ հավաքել, չնայած 1000-ի սպասելիքներ էլ են հնչել: Հայկն ասում է՝ գրանցվողների 90 %-ը կանայք եւ աղջիկներն են, շատերը 90-ականներին ծնվածներն են: Կանխատեսել են նաեւ հիմնական սխալները, օրինակ, կարծում են՝ շատ կլինեն տրանսլիտի հետ կապված վրիպակները, մեկումեջ կհայտնվեն լատինատառեր կամ ավելորդ տառեր, օրինակ «դզուկ»: Նախագծով կփորձեն ոչ միայն այս վտանգների վրա աշխատել, այլեւ ուշադրությունը հրավիրել շատ տարածված սխալների վրա, որոնց սխալ լինելը հաճախ լեզվի կրողներս չենք էլ զգում: Ի դեպ, լատինատառից ու նաեւ համակարգչից ազատվելու համար թելադրությունը գրելու են շատերին արդեն անսովոր, բայց ավանդական ու պարզ գրիչով՝ թղթի վրա:

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին