exclusive
20426 դիտում

Ինչպես Մարգարեթ Թեթչերը «փախցրեց» ՀՀ ապագա նախագահի ժպիտը


Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից

Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից


Փետրվարի 23-ին, երբ հանդիպել էի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին՝ այս հարցազրույցի համար, նրա սեղանին նկատեցի մի թղթապանակ, որի մեջ արխիվային լուսանկարներ կային: Պարոն Սարգսյանը համաձայնեց պատմել դրանցից մի քանիսի մասին, եւ այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեր զրույցի երկրորդ մասը:

***

ԱՄՆ նախկին պետական քարտուղար Ջեյմս Բեյքեր

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից


Ջեյմս Բեյքերը հիանալի անձնավորություն է, մեծ շարմ ունի: Կարծում եմ, նա կարող էր ԱՄՆ պատմության մեջ լավագույն նախագահներից մեկը դառնալ, եթե դառնար Հանրապետական կուսակցության թեկնածուն:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկի

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից


Որպես ՀՀ վարչապետ այցելել էի ԱՄՆ, եւ Զբիգնեւ Բժեզինսկին հրավիրեց ինձ ելույթ ունենալ Ռազմավարական եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտում (CSIS):

Տարօրինակ ձեւով ներկայացրեց ինձ՝ ասելով, որ «Կովկասի Վացլավ Հավելն եմ» (ծիծաղում է-հեղ.):
Արմեն Սարգսյանը Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բժեզինսկին, իհարկե, երբեք չէր թաքցնում, որ բացասաբար է վերաբերվում Ռուսաստանին, ինչը նաեւ պայմանավորված էր իր լեհական արմատներով: Բայց նրանից շատ բան էիր սովորում՝ այդ հակառուսականության մեջ գտնում էիր ամերիկյան քաղաքականությունը բացատրող կարեւոր նրբերանգներ:

Նրա հետ բազմիցս հանդիպել ենք նաեւ հետո, երբ պետական պաշտոններ չէի զբաղեցնում: Բնական է, մեր տեսակետները հաճախ չէին համընկնում: Ինձ ասում էր, որ «սովետական պրոդուկտ» եմ: Ես էլ ասում էի, որ լեհերն ու ռուսներն այնքան ընդհանուր բան ունեն, որ հնարավոր հակամարտությունը բերելու է շատ վատ հետեւանքների:

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռ

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից


Առաջին անգամ հանդիպել էինք, երբ որպես Հայաստանի վարչապետ Վաշինգթոնում էի: Հետագայում բազմիցս հանդիպել ենք տարբեր առիթներով եւ լավ բարեկամական հարաբերություններ ունենք: Պետք է ասեմ, որ ես որոշակի դերակատարություն եմ ունեցել նրանում, որ Գոռը դարձավ «կանաչ տնտեսության» ջատագովներից մեկը:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչեր

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից


1993 կամ 1994 թվականն է, երբ Մարգարեթ Թեթչերը այլեւս վարչապետ չէր: Այդ օրը Հարավային Կովկասի եւ Ադրբեջանի հետ Մեծ Բրիտանիայի հարաբերություններին նվիրված բավական բուռն զրույց ունեցանք, ինչի մասին վկայում է դեմքիս արտահայտությունը: Լավ դաս էր ինձ համար՝ անկախ նրանից, թե ինչպես է հանդիպումն անցել, ժպիտը դեմքից երբեք պետք չէ կորցնել (ծիծաղում է-հեղ.):

Մարգարեթ Թեթչերը փայլուն հիշողություն ուներ, ամենայն մանրամասնությամբ հիշում էր իր այցը Հայաստան՝ 1988 թվականի երկրաշարժից հետո: Նրա ամուսինը՝ Դենիսը, ընկերություն էր անում Գալուստ Գյուլբենկյանի որդու՝ Նուբարի հետ, եւ շատ լավ գիտեր հայոց պատմության մասին:

Անձնական կապերը շատ կարեւոր են: Օրինակ, Գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլը եւս շատ լավ տեղյակ էր հայերի մասին՝ նրա մտերիմ ընկեր եւ կուսակից Հանս Քլայնը նախկինում լրագրող էր եւ Լիբանանի քաղաքացիական պատերազմը լուսաբանելիս շատ հայ ընկերներ էր գտել:

Հովհաննես Պողոս Երկրորդ

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից


Հովհաննես Պողոս Երկրորդի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեինք: 1999 թվականին, Վատիկանում «Հռոմ-Հայաստան» ցուցահանդեսի բացումից որոշ ժամանակ անց նա պետք է Հայաստան այցելեր: Սակայն Կրակովում պատարագի ժամանակ ընկավ եւ վնասեց ոտքը՝ այցը հետաձգվեց ու կայացավ միայն 2001 թվականին:

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոն

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից


Բիլ Քլինթոնի հետ շփվում ենք երկար տարիներ, բազմիցս հանդիպել ենք Դավոսի ֆորումի շրջանակում: Մեր առաջին հանդիպում շատ անսպասելի էր՝ վարչապետ եղած ժամանակ հանդիպում էինք Ալբերտ Գոռի հետ: Հանդիպման վերջնամասում Գոռը բոլորին խնդրեց դուրս գալ սենյակից եւ մեզ մենակ թողնել: Քիչ անց սենյակ մտավ Բիլ Քլինթոնը եւ ինձ իր հետ տարավ Օվալաձեւ գրասենյակ, որտեղ բավականին երկար զրուցեցինք:

Շարլ Ազնավուր

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից


Շատ արժեքավոր նկար է ինձ համար: Երբ դեսպան էի Եվրոպական միությունում, Շարլ Ազնավուրը տարեկան երկու անգամ գալիս էր, միասին գնում էինք տարբեր հանդիպումների: Այս նկարում հանդիպում ենք հանձնակատար Էմմա Բոնինոյի հետ:

Երբ Շարլը գալիս էր, ինձ «թագավոր» էի զգում, բոլորն ինձ ընդունում էին, երեկոյան էլ ընթրիք էի կազմակերպում՝ Ազնավուրի հետ: Այս մարդը եղել է մեր ամենափայլուն դիվանագետներից՝ Հայաստանի անկախության առաջին իսկ տարիներից:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջեր եւ ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշին

Լուսանկարը` Արմեն Սարգսյանի արխիվից


Որոշ իմաստով խորհրդանշական լուսանկար է՝ հայերը ռուսների եւ ամերիկացիներին օգնում են ընդհանուր եզրեր գտնել (ծիծաղում է-հեղ.):

Արմեն Սարգսյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am