07/12/88` 30 վայրկյանի 29 տարվա հուշը - Mediamax.am

exclusive
8609 դիտում

07/12/88` 30 վայրկյանի 29 տարվա հուշը


Մեր օրերում բեմադրված
Մեր օրերում բեմադրված

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Լուսանկարը` Լարիսա եւ Իգոր Շիրյաեւների արխիվից

Լուսանկարը` Լարիսա եւ Իգոր Շիրյաեւների արխիվից

Լուսանկարը` Լարիսա եւ Իգոր Շիրյաեւների արխիվից

Մեր օրերում բեմադրված լուսանկար
Մեր օրերում բեմադրված լուսանկար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Մեր օրերում բեմադրված լուսանկար
Մեր օրերում բեմադրված լուսանկար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան


Քեզ համար, Հայաստան... Ազնավուրի ու Կառվարենցի այս երգը 29 տարիների ընթացքում շատերը երգեցին, բայց ինչքան էլ պրոֆեսիոնալ, ինչքան էլ հզոր ձայնով օժտված լինեին կատարողները, միեւնույնն է, անկրկնելի կմնա առաջինը:

 

 

Միայն այդ տարբերակում, ամեն մի նոտա ու բառ թափանցում է մարդու սիրտ, հպվում ու փաթաթվում զգայուն լարերին, պատեպատ զարկելով փշրում անտարբերության պատերն ու արթնացնում հոգին, Մարդ լինելու ու Մարդ մնալու ոգին:

 

Երգի ամեն մի զարկ փրկող մարդու մի ձեռք է, որ ջանք թափելով, քերծվելով ու արյունոտվելով վեր է բարձրացնում, քաշում է, դուրս հանում փլատակներից կյանքի այն ծառը, որը ընձյուղվելու է ու շիվ է տալու: Ֆրանսիացի արտիստների փրկող ու սիրով լցված ձայների գույնի ու ուժի շնորհիվ է, երեւի, որ այս երգը դարձավ հայության ու մարդասիրության հիմնը: Իսկ երգի հեղինակը հայի ամենամեծ բարեկամն ու ամենազոր փրկարարը:

 

Փրկվածների սիրո վկան Շարլ Ազնավուրի արձանն է Գյումրիում: Նրա հայացքի առաջ Գյումրին վերականգնվեց, բայց եւ նրա աչքերից չվրիպեց քաղաքի մնացող վերքերը, այն մեծ վերքը՝ հիշողությունը ու զրոյից սկսելու պարտադրանքը, որ շատերը դեռ հաղթահարում են:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Հեքիաթ, որ կիսատ մնաց...   

 

Մանկապարտեզում դաստիարակը հեքիաթ էր կարդում, երբ ցնցվեց շենքը: Պատուհանները սասանվեցին, ապակիները փշուր-փշուր եղան:

Մեր օրերում բեմադրված լուսանկար Մեր օրերում բեմադրված լուսանկար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Աղմուկ-աղաղակ... մի քանի րոպեից իրարից անկախ գործարանից մանկապարտեզ վազելով հասած ծնողներիս գրկում էինք ես ու քույրս: Ինժեներ հորս հագին գործարանի կապույտ խալաթն էր՝ ուսը փոշոտ էր: Միայն երջանիկ պատահականությամբ փրկվել էր առաստաղից պոկվող բետոնի մեծ կտորից, դիպել էր ուսին ու ընկել գետին:

 

Երկար ժամանակ ոչ ոք չէր հասկանում, ինչ է կատարվում: Մտածում էին, նորից վերադառնալ մանկապարտեզի հեքիաթին, բայց պարտեզ չմտանք, մեր տուն էլ չգնացինք:

Լուսանկարը` Լարիսա եւ Իգոր Շիրյաեւների արխիվից

Տատիկենց տունն էինք: Բոլոր հարազատներով մի տեղ էինք հավաքվել, շշուկով էին խոսում ու մի տեսակ տարօրինակ էին: Լույս չկար, բայց բոլորը նայում էին ջահերին, ոչ թե լույս ունենալու ակնկալիքով, այլ որ հանկարծ չշարժվի:

 

-Լուստրը կշարժվի, ժաժք է, փախե՜ք….

Լուսանկարը` Լարիսա եւ Իգոր Շիրյաեւների արխիվից

ԺԱԺՔ… մանուկներս էլ սովորեցինք այդ ահավոր բառը, որը վախեցնում էր մեծերին: Բոլորը միանգամից ճչալով դուրս էին վազում տներից ու մնում դրսում որոշ ժամանակ: Ժաժքը 4 տարեկանիս ընկալումներում «լուստրի շարժվելն էր», մեծերից ոչ ոք չբացատրեց, թե ով է գաղտնի շարժում «լուստրը»: Այլ հարցեր եւս մնում էին անպատասխան:

Լուսանկարը` Լարիսա եւ Իգոր Շիրյաեւների արխիվից

-Աստղիկին են գտել էրեխուն գիրկը... 7 օր է Կարինեին ու էրեխուն ման գուգան, չեն գտնի,-այս խոսքերը լսում էի, բայց թե ու՞ր էին գնացել ու ի՞նչու կորան հորաքույրերիս դուստրերն ու թոռները, ոչ ոք այդ ժամանակ պատասխան չուներ ինձ համար:

 

Սպասում էի տորթիկիս

 

Դեկտեմբերի 16-ին իմ տարեդարձն է: Այդ տարի այլ էր, ժաժքից ինը օր հետո էր ծնունդս: Ընտանիքով տատիկենց տունն էինք, լույս էլի չկար, ճաշ եփող չկար: Ունեցած ուտելիքը վերջանում էր, պապիկս, հայրս ու քեռիներս ուտելիք էին բերում: Լավ հիշում եմ այդ օրերի հացը՝ օգնության հացը: Բարակ-բարակ կտրած հացի շերտեր էին, շատ համով էր, մենք չէինք տեսել այդպիսի հաց, «իմպռտնիի» էր, շատ ավելի սպիտակ, նուրբ: Բայց քիչ էր, միայն թոռնիկներիս համար:

 

-Նանի ջան, դե փչե մոմերը, օր դառնաս 5 տարեկան,- մայրս մոտեցրել էր ինձ վառվող մոմերը, որոնց լույսի ներքո էլ տեսա, որ տորթ չկար:

Մեր օրերում բեմադրված Մեր օրերում բեմադրված

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Մայրիկս 5 հատ խնձորներ էր դրել սկուտեղի մեջ, վրան դրել մոմեր, որ իմ ծնունդը, թեկուզ այդ դժվարին, անորոշ օրերին չմնար մոռացված ու անտեսված: Փչեցի մոմերը: Բայց կամակոր աղջկան, երբ հարցնում էին, քանի տարեկան ես, «խոզուկ» տեսքով պատասխանում էր.

 

-Չորս տարեկան եմ, ես տորթի մոմերը չեմ փչել օր դառնամ 5 տարեկան:

Մեր օրերում բեմադրված լուսանկար Մեր օրերում բեմադրված լուսանկար

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Փետրվարին, ստիպված ինձ համար տորթ թխեցին, արդեն տորթի հինգ մոմերը փչեցի ու դարձա 5 տարեկան:

 

Մենք դոմիկ ունեցանք

 

-Փեսա, փետով սարքելու տեղը, լիքը քար են բերել քաղաք, քարով սարքե էդ դոմիկը:

 

-Քարովն ինչ բդի էնենք, ըսելեն էրկու տարի հետո, մեզի տուն բդի տան...

 

Մորական պապիս ու հորս խոսակցություններ էր տնակ սարքելու ժամանակ: Մեզ տվել էին 7քմ տնակ, իսկ հայրս փայտե տախտակներով ավելացրեց եւս մի քանի քառակուսի, որ ապրեինք մինչեւ տուն տային: Շարքերով տնակներ տեղադրվեցին քաղաքի բաց տարածքներում, ամեն մեկը հորս նման իր ձեռքերով հարմարեցրեց կառուցել տնակի անհրաժեշտ հավելյալ հատվածները: Ուրախացել էին իրենց նոր տանիքով, այն միակ ունեցվածքն էր երկրաշարժից հետո իրենց հագած հագուստից բացի:

 

Տնակը փոքր էր, իրերով լցված, ազատ տարածք գրեթե չկար, ինչը շատ լավ էր չարաճճի քույրերիս համար, երբ մայրս պատժում ու պահանջում էր անկյուն կանգնել, հակառակվում էինք. «Մամ, ախր, մեր տունը անկյուն չկա, ուրդեղ անկյուն կանգնինք»:

 

Երկու տարին անցավ… Տուն չստացանք: 30 կետանոց անօթեւանության հերթացուցակի 29 կետում էինք, ոչ մի արտոնություն չունեինք՝ ուղղակի տուն էինք կորցրել, ինչպես մեզնից առաջ ու հետո գրանցված մոտ 20,000 ընտանիքներ:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Հարազատներիցս մեկը ծնողներիս առաջարկեց «քիչմ ժիր էղինք ու առաջ գցենք մեր հերթը», ինչպես իրենք էին արել: Իրենց երեխայի սրտի աննշան խնդիրը վերագրել էին ժաժքից մնացած հետեւանքին ու տուն ստացել ավելի շուտ: Նույնը առաջարկում էին մեզ:

 

-Ես առողջ էրեխուս հաշմանդամ չեմ սարքե, էրկու տարի սպասել ենք, էրկուս էլ կսպասենք, տուն կունենանք,- մայրս անխախտ էր իր որոշման մեջ: Երբեք չփոշմանեց: Բայց շատերը դիմեցին այս եւ այլ քայլերի: Աշխարհի ծռությանը ամեն մարդ իր տեսանկյունից էր նայում, փորձում էր այն ուղղել անարդարների օգնությամբ ի հաշիվ արդարների:

 

Մայրցամաքի տարբեր անկյուններից ստացվող օգնությունն էլ «ժիր» մարդիկ ու ղեկավարները կարողացան «գնահատել»: Մի նոր խոսք ծնվեց վիճակը բնութագրող. «Մեկի համար ժաժք էր, մյուսի համար հրաշք էր»:

 

Մանկության, պատանեկության ու երիտասարդության դոմիկը

 

Անցավ եւս 2, 4, 8, 10 տարի... Մեր դոմիկը սկսեց դրսից ու ներսից նոր գույն ստանալ, խունանալ, խեղճանալ: Տարիների ընթացքում մեզ սկսեցին հյուր գալ կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչներ: Մկներ, որդեր, բայց անտանելին սունկն էր: Սունկը ինձ համար բույս չէ: Ահեղ գազան է, որ խժռում էր մեր դոմիկի հատակը, պատերը, կահույքը, իսկ հոտը մինչեւ հիմա զգում եմ: Ծնողներս պարբերաբար մաքրում էին, բայց հնար չկար, մեծ սպիտակ ու դեղին սնկերը վարակում էին ամեն ինչ, խեղդում ու փոշիացնում փայտերը:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Հայրս փոխում էր հատակը, պատերի մի մասի փայտը: Բայց ոչինչ չփոխվեց, միայն նորոգումների առաջին շրջան էր երկարաժամկետ: Ձմեռն ու գարունը միշտ նույն գույնն ունեին դոմիկում՝ ցուրտ ու թաց: Վառարանը վառելուց կես ժամ հետո արդեն ցուրտ էր, իսկ գարնանը՝ կաթկթոց էր դրսում ու ներսում: Հույսը աստիճանաբար մարում էր, որ տուն կստանայինք:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

-Մարդ էլ գլխին կռիշ չունենա օր բանմ առնի քցե տան քյոշեն, թե ի՞նչի մնացինք էս քաղաքի, էս դոմիկի մեջ, երթայինք էլի, տուն կուտային, ըսպես ինչքան սպասենք,-ծնողներիս վեճի թեման դարձավ դոմիկը: Մտածում էին հեռանալ շատերի նման, նոր կյանք սկսել այլ ափերում:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

Մնացինք: Դպրոցական տասը տարինները եւս անցան տնակային դպրոցում: Այժմ այլեւս Գյումրիում նման դպրոցներ չկան, քարաշեն են, ընդարձակ, մեր դպրոցը փայտից էր, նեղլիկ, աշակերտներով հարուստ: Հիմա դպրոցները մեծ են, լուսավոր, աշակերտները՝ քիչ:

 

Տանիք՝ 24 տարի անց

 

Քաղաքում տարբեր տարիներին սկսվում ու ընդհատվում էր բնակարանաշինությունը: Պետական մեկ այլ ծրագրով մեր ընտանիքին եւս առաջարկեցին բնակարանի գնման վկայագիր, այսինքն՝ սահմանված գումար, որ տուն գնեինք: Փորձեցինք, բայց հատկացված գումարը բավարար չէր տուն գնելու համար, մեր ընտանիքի տնտեսած ռուբլիները խնայբանկում էր` «կա ու չկա տարբերակով», իսկ հավաքած դրամն էլ բավարար չէր: Նորից փորձառու մարդիկ «խորհուրդ» տվեցին՝ «Վերցրեք գումարը, բարեկամի տունը ձեւակերպեք ձեր անունով, «փողը հանեք»՝ պետությունը էլ տուն սարքողը չէ»: Բայց վերադարձրեցինք գումարը պետությանը ու նորից սպասեցինք:

 

Մենք մենակ չէինք ապրում այս սպասումով: Միայն թե անօթեւանությունը այլ երանգներ էր ստացել: Կային մարդիկ, ովքեր հասցրել էին տուն ստանալ, վաճառել ու նորից հայտնվել տնակում: Մյուսները զարտուղի «խորհուրդներն» էին կատարել: Տան հատկացրած գումարը ստացել էին, որոշ սոցիալական խնդիրներ լուծել ու փաստացի տնակում ապրելով, պաշտոնապես դարձել էին օթեւան ունեցող: Իսկ տուն ստացած դատարկվող տնակներում եկան ապրելու մարզի տարբեր գյուղերից նոր բնակիչներ: Բայց նրանց սպասումը ուրիշ էր, ավելի հեռու... մերը՝ մոտ էր:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան

2012 թվականին, երկրաշարժից 24 տարի անց, մարզպետարանից զանգեցին: Հարկավոր էր մասնակցել բնակարանների բաշխման վիճակահանությանը: Թղթիկի վրա գրված էր՝ Մուշ թաղամասում երկրորդ հարկում էր լինելու մեր տունը: Դեռ ընթանում էր շինարարությունը, չէինք տեսել, չէինք հավատում, որ շուտով տուն ենք ունենալու:

 

«Լուցկու տուփ է», «հավի բուն է», «շատ փոքր է», «անորակ է»… նոր տները այսպես բնութագրեցին շատ գյումրեցիներ: Բայց մեզ համար այն տանիք էր, «թազա տունն էր»: Տնակում դեռ փոքրուց մեզ համար թեկուզ սպասք, կենցաղային իր ու տեխնիկա գնելու մասին ցանկությունները պտտվում-պտտվում, հանգում էր այս նախադասությանը.

 

-Թազա տուն ունենանք, կառնինք:

 

Վերջապես իրականություն էր ամուր տանիքով քարաշեն փոքր անկյունը՝ արեւոտ ու գունավոր սենյակներով: Անսովոր էր, 24 տարիների ընթացքում սպասումը հարմարվել էր իրավիճակին, ցանկալի նորի դեմ պայքարում էր ապրած ու անդարձ տարիների հուշը:

 

Նոր վարագույրներով բնակարանամուտ նշեցինք: Մեր 4 անձից կազմված ընտանիքը չէր մեծացել, մեր բնակարանը բավարար էր, հարմարվեցինք, երեխայի պես ուրախացանք՝ պատշգամբ ունեինք, իսկական բաղնիք, տաք ջուր: Մի խոսքով, ինչպես ասում են գյումրեցիները. «զարգացանք»:

 

Բայց շատ ընտանիքներ 4-ից դարձել էին 15 անձ ու հատկացված մեկ սենյականոց բնակարանում նույնիսկ կանգնած չտեղավորվեցին: Ընտանիքները բաժանվեցին, մի մասը նոր բնակարանում ապրեց, մյուսները շարունակեցին ապրել տնակում, որոշ ընտանիքներում «կռիվ ընկավ»՝ նոր տունը արդեն 4 տարի է չեն կարող բաժանել, դատարկ տունը սպասում է տնակում ապրող տերերին: Մարդ կա` չի կարողանում բաժանվել տարիներով իր ձեռքով ստեղծած տնակից ու կից բակից, դժվար է պատկերացնում շենքում ապրելու համատեղության պարտադրանքը: Ոմանք եկան արտերկրից տան բանալիները վերցրեցին, փակեցին կամ վաճառեցին տներն ու գնացին:

 

Այս տարի պետությունը Գյումրիում գրանցած անօթեւանների նկատմամբ պարտավորությունը կատարեց՝ վերջին անօթեւաններին բնակարանի գնման համար գումար հատկացրեց: Բայց 2000 –ից ավելի ընտանիքներ մինչ այժմ ապրում ու պայքարում են տնակում՝ ամեն մեկը մի պատմությամբ ու ճակատագրով:

 

Քննադատական, մեղադրական, խնդրի լուծման հազար ու մի կարծիք կա այս հարցում: Բայց մեկ պարզ ճշմարտություն էլ կա «քաշողը գիտե, աշողն ինչ գիտե»:

 

Ժաժքի ուժո՞վ, փոփոխվող իշխանավորների անուշադրությա՞ն, թե՞ հենց իրենց մեղքով մարդիկ մնացին տնակում, արդեն կարեւոր չէ: Դոմիկը դարձավ դաջվածք մարդկանց ու քաղաքի կյանքի թեւերի վրա, որը փորագրեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ի 30 վայրկյանի կորուստների, խոստումների ու սպասումների 29 տարիները:

 

Անահիտ Հարությունյան (Գյումրի)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին