«Մ.Ու.Շ.»՝ երբ «նոր սփյուռքը» օգնում է պահպանել հայերենը - Mediamax.am

exclusive
7869 դիտում

«Մ.Ու.Շ.»՝ երբ «նոր սփյուռքը» օգնում է պահպանել հայերենը


Ժաննա Պետրոսյանը, Էդիտա Ղարաբեկյանը եւ Զարուհի Խաչատրյանը
Ժաննա Պետրոսյանը, Էդիտա Ղարաբեկյանը եւ Զարուհի Խաչատրյանը

Լուսանկարը` Ժ. Պետրոսյանի արխիվից

Լուսանկարը` Ժ. Պետրոսյանի արխիվից

Լուսանկարը` Ժ. Պետրոսյանի արխիվից


2017թ. սեպտեմբերին Շվեյցարիայում բացվել է երկրորդ հայկական կիրակնօրյա դպրոցը: «Մ.ՈՒ.Շ.»-ը հիմնել են մի քանի տարի առաջ Նոշատել քաղաք տեղափոխված հայաստանցի երկու ընկերուհիները՝ օրինակ ծառայելով, թե ինչպես կարող է «նոր» սփյուռքը հոգ տանել ավանդական սփյուռքի մասին:

 

19-ամյա Ժաննա Պետրոսյանն ասում է, որ մարզում մոտ 40 հայ ընտանիք կա: Համայնքի անդամները կապը պահում են, շփվում, բայց հավաքվելու հատուկ առիթները շատ չեն: Ամեն ամսվա երրորդ կիրակի օրը Ժնեւի հայկական եկեղեցու քահանան գալիս է Նոշատել՝ պատարագ մատուցելու վարձակալած եկեղեցում: Հավաքվելու այլ առիթներ տեղի հայերը չեն ունենում: Երեխաներն արդեն դժվարանում են հայերերն խոսել:

 

Շվեյցարահայերի միջեւ կապ ստեղծելու ու հայերենը պահպանելու նպատակով Ժաննան ընկերուհու՝ Էդիտա Ղարաբեկյանի հետ, որոշեց բացել կիրակնօրյա դպրոց ու բոլոր ցանկացողներին օգնել սովորել կամ չմոռանալ հայերենը: Դպրոցն այսօր մոտ 20 աշակերտ ունի:

Լուսանկարը` Ժ. Պետրոսյանի արխիվից

«Չէինք հավատում, որ երեխաներն ու ծնողներն այսքան մոտիվացված կլինեն: Ընտանիքներ կան, որտեղ երեխաները սկսել են գերմաներենով ու ֆրանսերենով շփվել, ու դա ծնողներին դուր չէր գալիս: Մեր ամենափոքր աշակերտը 3 տարեկան է, ամենամեծը՝ 29: Ի դեպ, նա ֆրանսիացի է, ամուսնացած է հայի հետ, եւ ուզում է սովորել  կնոջ մայրենի լեզուն»,- ասում է Ժաննան:

 

Կիրակնօրյա դպրոցը գործում է Լա Շո դը Ֆոն քաղաքի կրթական հաստատություններից մեկում. պարապմունքների համար դասասենյակներ են վարձում: Դրա դիմաց «վճարում» են հայկական ուտեստներով: Տարին մի քանի անգամ կրթօջախում կազմակերպվող միջոցառումներին տարբեր ազգեր ներկայացնում են իրենց խոհանոցը: «Մ.Ու.Շ.»-ին էլ խնդրել են միանալ այս նախաձեռնությանը:

 

3-6 տարեկան կրտսեր խմբի երեխաների հետ դասերն անցկացնում է Էդիտան, մեծերի խմբի կրթությունն իր վրա է վերցրել Ժաննան: Աղջիկներին երբեմն միանում է մասնագիտությամբ ուսուցիչ Զարուհի Խաչատրյանը: Դասերը կազմված են երեք 45-րոպեանոց դասաժամերից՝ մեկը նվիրում են այբբենարանի ուսուցմանը, երկրորդ դասին հայագիտական նյութ են ուսումնասիրում, երրորդ դասաժամին հայկական ֆիլմեր, մուլտֆիլմեր են դիտում, հեքիաթներ, պատմություններ կամ Աստվածաշունչ կարդում ու քննարկում: Օգտվում են նաեւ ճանաչողական մեթոդից. «Սովորիր տառերը եւ ճանաչիր կենդանիներին» թեման, օրինակ, ուսումնասիրել են կենդանաբանական այգում:

 

Փորձառության պակասը երիտասարդ ուսուցիչներին չի խանգարում մեծ նպատակներ ունենալ: Ժնեւի հայկական կիրակնօրյա դպրոց են գնացել, տեսել՝ ինչպես են դասերն անցկացնում: Դասագրքերի ու անհրաժեշտ գրականության համար դիմել են Սփյուռքի նախարարությանը եւ ստացել են անհրաժեշտ օժանդակությունը: «Մ.ՈՒ.Շ.»-ի՝ «Մայրենիի ուսուցման շեմ»-ի աշխատանքներից ու աշակերտների արձագանքից ոգեւորված են:

Լուսանկարը` Ժ. Պետրոսյանի արխիվից

«Երկու լեզվով ենք վարում դասերը, որպեսզի եթե էրեխաները հայերեն չեն հասկանում, չկաշկանդվեն: Սկզբում հայերեն ասում եմ՝ շեշտելով ամեն բառը, հետո թարգմանում ֆրանսերեն: Շատ մոտիվացված են, ինչն անսպասելի էր մեզ համար: Շատ պարտաճանաչ են, ունեն իրենց տետրերը՝ Հայաստանի դրոշով, ու զգում եմ, որ արդեն ֆրանսերենի փոխարեն ուզում են հայերեն խոսել»:

 

«Մ.Ու.Շ.»-ի հիմնադիրները ցանկանում են սեփական տարածքն ունենալ, այլ առարկաներ ու խմբակներ ներառել ուսումնական ծրագրում: Միակ խնդիրը, որին առնչվել են, արեւմտահայերեն դասավանդելն է՝ առայժմ դրա հնարավորությունը չունեն:

 

«Այս պահին ոչնչի կարիք չունենք: Նորաստեղծ ենք, երեւի դեռ չենք հասկանում, որ իրականում շատ բանի կարիք ունենք»,- ծիծաղում է Ժաննան:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին