Չտեսնող երիտասարդները նախընտրում են լսել եւ ոչ թե կարդալ - Mediamax.am

exclusive
4531 դիտում

Չտեսնող երիտասարդները նախընտրում են լսել եւ ոչ թե կարդալ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Նիկողոսյանը
Վահան Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Նիկողոսյանը
Վահան Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թելման Բոյաջյանը
Թելման Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Կարապետյանը՝ դստեր հետ
Հակոբ Կարապետյանը՝ դստեր հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Կարապետյանը՝ դստեր հետ
Հակոբ Կարապետյանը՝ դստեր հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Նիկողոսյանը
Վահան Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիգեն Գալոյանը
Վիգեն Գալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Դրայզեր, Եսենին, Զորյան, Զոլա, Թումանյան…»,- թվարկում է Վահան Նիկողոսյանը՝ մատները գրադարակից գրադարակ սահեցնելով: Արդեն 11 տարի նա Հայաստանի կույրերի միավորման բրայլյան գրադարանի ավագ գրադարանավարն է՝  միակ աշխատակիցը: Ասում է՝ 1960-ականներին հիմնադրված գրադարանը ժամանակին երկու հարկ էր զբաղեցնում, 10 հազարից ավելի անուն գիրք ունենին: Բայց դժվարին 90-ականների ազդեցությունը նաեւ իրենք են զգացել: Հիմա մեկ սենյակում չեն կարողանում տեղավորել 1500 անուն՝ մոտ 5 հազար կտոր գիրքը:

 

«Առաջ մարդիկ գալիս, ժամերով փնտրում էին, որ գիրք գտնեին: Իմ նախաձեռնությամբ մաքրել, ամբողջը դասավորել եմ այբբենական կարգով: Բայց գրադարանի պայմանները լավը չեն, տեղը քիչ է, գրքերը պատուհանագոգին ու հատակին ենք շարում: Այս մի պահարանում գրքերը լրիվ խառն են դրված: Ուրիշը գա, գլուխ չի հանի: Ես մոտավորապես հիշում եմ՝ որ գիրքը որ շարքում է, անմիջապես գտնում, տալիս եմ ընթերցողին»,- ասում է մասնագիտությամբ արեւելագետ Վահան պապը:

Վահան Նիկողոսյանը Վահան Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրքերը չեն կարողանում տեղավորել անգամ այն պարագայում, երբ տպագրության ծավալը, ըստ գրադարանավարի, փոքրացել է: Հայաստանի կույրերի միավորման հրատարակչության տնօրեն Թելման Բոյաջյանն ասում է, որ տարեկան տպագրում են 4227 թերթ: Կախված ծավալից՝ 10-20 գիրք են հրատարակում՝ յուրաքանչյուրը 10-ական օրինակով:  Արդեն պատրաստի գրքի մեկ թերթի վրա ծախսվում է մինչեւ 300 դրամ: Այդ գրքերը գնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու հանձնում Կույրերի միավորման Երեւանի եւ մարզային գրադարաններ, նաեւ՝ Հայաստանի ազգային գրադարան:

 

1956 թվականին հիմնադրված Կույրերի միավորումը գրականության տպագրության եւ «Խոսող գրքեր» նախագծի համար պետական ֆինանսավորում սկսել է ստանալ 2006 թվականից: Տարեկան 10,5 միլիոն դրամը, ըստ Թելման Բոյաջյանի, զգալի օգնություն է, բայց բավարար չէ: Իրենք տարեկան 28 միլիոն դրամ են ծախսում:

 

Գրադարանն այս տարի 7 նոր գիրք է ստացել՝ Գուրգեն Եղիազարյանի «Գայլի հանգույց», Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը», Վարդան Գրիգորյանի «Հավերժական վերադարձ»… Ո՞րը կլինի հաջորդը, որոշվում է հրատարակչությունում:

Թելման Բոյաջյանը Թելման Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ մոտավոր ընտրությամբ գրախանութից ձեռք ենք բերում գրքեր: Հետո արդեն կատարում ենք ընտրություն, որով հիմնականում զբաղվում եմ ես, բայց նաեւ խորհուրդ ունենք: Հաշվի ենք առնում ընթերցողների հետաքրքրությունը: Առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում հայ ժողովրդի պատմական ճակատագրի լուսաբանմանը, մեծ տեղ են գրավում համաշխարհային գրականության նմուշներ, նաեւ՝ արցախյան ազատամարտին նվիրված գործերը»,- ասում է Թելման Բոյաջյանը:

 

Տասնամյակների ընթացքում ոչ միայն գրքերի, այլեւ ընթերցողների թիվն է զգալի կրճատվել: Վահան Նիկողոսյանն ասում է՝ մոտավորապես 60 ընթերցող ունեն, եռամսյակում մոտ 25 չտեսնող մարդու է սպասարկում, հիմնականում՝ մեծահասակ: Ընթերցողների գործը թեթեւացնելու համար առաքիչ ունեն, որը գրքերը տանում-բերում է:

 

Վիգեն Գալոյանը միակ ընթերցողն է, որ անձամբ է գալիս գրքեր տանելու: Հարեւանությամբ է բնակվում: Գրադարանի հավատարիմ ընթերցողն է հիմնադրման օրից:

 

«Դեռ գիրքը չստացած՝ Վիգենն արդեն հերթ է կանգնում»,- ծիծաղում է ավագ գրադարանավարը:

Վիգեն Գալոյանը Վիգեն Գալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիգեն պապը հիշում է՝ 1956-ին նորաբաց տպարանում առաջինը հրատարակեցին Եղիշե Չարենցի ստեղծագործությունների գիրքը:

 

«Միշտ օգտվել եմ գրադարանից: Բոլոր գրքերն ընթերցել եմ, որոշները՝ նույնիսկ 2-3 անգամ: 2 շաբաթում 9 գիրք եմ կարդում: Կուզենայի ավելի շատ արտասահմանյան գրականություն լիներ»:

 

Վահան Նիկողոսյանն ասում է, որ չտեսնողները, հատկապես՝ երիտասարդները, նախընտրում են «Խոսող գրքեր»-ը: Թելման Բոյաջյանն էլ վստահ է, որ տպագիր գիրքն իր տեղը չի զիջի աուդիոգրքերին: Տարեկան ձայնագրում են 10-18 գիրք՝ 160 ժամ ընդհանուր տեւողությամբ, եւ բազմացնում 10 օրինակով:

 

34-ամյա Հակոբ Կարապետյանը չի հիշում, թե վերջին անգամ երբ է մտել կույրերի գրադարան: Գրքերի բովանդակությունն ու ժանրային ուղղվածությունը երկրորդական է նրա համար: Ասում է՝ առավել կարեւոր ու մտահոգիչ խնդիր կա: Չտեսնող մարդը նախ պետք է կրթվելու, գրաճանաչ դառնալու հնարավորություն ունենա, հետո արդեն ընտրի՝ ինչ կարդալ, ու առհասարակ կարդալ, թե՝ լսել:

Հակոբ Կարապետյանը՝ դստեր հետ Հակոբ Կարապետյանը՝ դստեր հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Չտեսնողի համար օբյեկտիվորեն սովորելու հնարավորություն գրեթե չկա: Կույրերի համար նախատեսված դպրոցում (Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց - հեղ.) այսօր գրեթե չկան բրայլյան դասագրքեր: Ավելի վատ խնդիր էլ գոյություն ունի. մեր շրջապատում շատ չտեսնողներ կան, որոնք նույնիսկ դպրոց չեն գնում: Պետք է նախ փորձենք այս մարդկանց գտնել, տանել դպրոց, գրագետ, գրաճանաչ դարձնել, որ հետո կարողանան այդ գրադարանից օգտվել, հակառակ դեպքում այդ գրադարանի հսկայական հարստությունը, որի վրա այդքան ռեսուրս է ծախսվել, ժամանակի ընթացքում կդառնա անիմաստ բան: Իսկ մենք հույսներս դրել ենք տարեց մարդկանց վրա, որոնք ժամանակին դպրոցում սովորել են, կարդալ գիտեն, գրադարանից օգտվում են, ցուցանիշներ ենք ներկայացնում՝ այսքան մարդ կարդում է»: 

 

Հակոբը եւս այս դպրոցն է ավարտել, բայց խորհրդային տարիներին, ասում է, դասագրքի խնդիր չունեին: Հիմա տարբեր ծրագրերի շրջանակում աշխատում է չտեսնող երեխաների եւ երիտասարդների հետ, Ն. Տիգրանյանի անվան դպրոցում քրիստոնեական կրթության դասեր է տալիս ու լավ ծանոթ է խնդիրներին: Ասում է՝ տեսականորեն անհնար է, որ դպրոցում՝ դասապատրաստման 2 ժամվա ընթացքում, դաստիարակը բոլոր առարկաների դասագրքերն ընթերցի այնպես, որ բոլորը հասցնեն ընկալել: Իսկ դպրոցը գիշերօթիկ է, եւ շատ երեխաներ տանը՝ տեսնող մեկի օգնությամբ դաս սովորելու հնարավորություն չունեն:

 

«Խորհրդային տարիներին Կույրերի միավորման միջոցներով տպագրում էինք հանրակրթական դպրոցի բոլոր դասագրքերը: Բայց երբ կարգերը փոխվեցին, շուկայական հարաբերություններ մուտք գործեցին, սկզբունքը փոխվեց, մենք արդեն ի վիճակի չէինք դասագրքեր հատկացնել դպրոցին: Եթե տպագրում ենք, ապա՝ պատվերով՝ նախարարություն կողմից հատկացված միջոցներով կամ դպրոցի հայթայթած միջոցներով»,- ասում է հրատարակչության տնօրենը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կույրերի միավորումը 80 տպաքանակով ամսագիր է հրատարակում եւ անվճար բաժանում չտեսնողներին: Ամսագրի վերջին համարը 130 էջ է: Հակոբն առաջարկում է ամսագրի փոխարեն յուրաքանչյուր առարկայից գոնե 2-ական դասագիրք տպագրել, ծայրահեղ դեպքում՝ ձայնագրել դասագրքերը:

 

«Մենք ճիշտ ենք համարում դասագրքերը տպագրել, ոչ թե՝ ձայնագրել,- հակադարձում է Թելման Բոյաջյանը: - Տարիների փորձով եկել ենք այն հստակ համոզմանը, որ ձայնագրված դասագրքից աշակերտն անհամեմատ դժվար է օգտվում, սովորում, քան, եթե անձամբ ընթերցի»:

 

Հակոբը չտեսնողներին համակարգչային ծրագրեր է սովորեցնում: Ասում է՝  ուզենք, թե չէ,  երիտասարդները հիմա ավելի շատ ինտերնետից են օգտվում. ավելի հեշտ է գիրքը գտնել համացանցում, քան՝ գրադարանում: «Չտեսնող մարդու համար համակարգիչն աչք է, բաց պատուհան դեպի աշխարհ»,- համոզված է Հակոբը:

 

Բրայլյան դասագրքերի խնդրին Մեդիամաքսը կանդրադառնա առաջիկայում:

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին