Բարիում գորգերի գործարան հիմնած ֆուտուրիստ Հրանտ Նազարյանցը - Mediamax.am

exclusive
10353 դիտում

Բարիում գորգերի գործարան հիմնած ֆուտուրիստ Հրանտ Նազարյանցը


Հրանտ Նազարյանցը Բարիի հայ համայնքի անդամների հետ
Հրանտ Նազարյանցը Բարիի հայ համայնքի անդամների հետ

Լուսանկարը` «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոն

Հրանտ Նազարյանցը
Հրանտ Նազարյանցը

Լուսանկարը` «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոն

Կարլո Կոպպոլան
Կարլո Կոպպոլան

Լուսանկարը` «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոն


Ցեղասպանությունից փրկված մի քանի տասնյակ հայերի համար 1920-ական թվականներին փրկության կղզի դարձավ իտալական ծովափնյա Բարի քաղաքը: Հայ փախստականներն այստեղ հիմնեցին «Նոր Արաքս» թաղամասը: Փրկված հայրենակիցներին Իտալիա տեղափոխեց գրող, հասարակական գործիչ Հրանտ Նազարյանցը, որը ծննդավայր Պոլսից հեռացել էր 1913-ի գարնանը:

 

«Չնայած՝ բարդ ժամանակներ էին, Իտալիայում ֆաշիզմն էր տիրում, եւ ազգային փոքրամասնություններին լավ աչքով չէին նայում, բայց Նազարյանցը կարողանում է հայ փախստականներին Իտալիա տեղափոխելու միջոց գտնել: Նա այդ հիանալի գաղափարը իրականացնում է՝ Բարիում հիմնելով գորգերի գործարան:  Դա անում է Մուսոլինիի կառավարության օժանդակությամբ, հայկական սփյուռքի ֆինանսական աջակցությամբ եւ կաթոլիկ եկեղեցու միջնորդությամբ: Գործարանի նպատակը միայն արտադրական չէր, այլ օգնում էր ցեղասպանությունից փրկված մարդկանց վերականգնվել»,- ասում է «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի համահիմնադիր ու ղեկավար Կարլո Կոպպոլան, որն այս օրերին Հայաստանում է:

Կարլո Կոպպոլան Կարլո Կոպպոլան

Լուսանկարը` «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոն

«Նոր Արաքս» թաղամասից այսօր քիչ բան է պահպանվել՝ անունը, գործարանի շենքն ու փոքրաթիվ հայ բնակչությունը: Բայց Բարիում չեն մոռանում Հրանտ Նազարյանցի անունը: 

 

1886 թվականին ծնված պոլսահայ բանաստեղծը կրթություն ստանալու նպատակով Փարիզ ու Լոնդոն է մեկնում: Վերադառնում է ու սկսում ակտիվ ստեղծագործել, աշխատակցում է տասնյակ թերթերի, հանդեսների՝ տպագրելով սեփական երկերն ու կատարած թարգմանությունները:

 

1912 թվականին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների հայերեն առաջին ժողովածուն՝ «Խաչուած երազներ»-ը, որը թարգմանվում է իտալերեն եւ ֆրանսերեն: Բայց անձնական ու ստեղծագործական խնդիրները ստիպում են թողնել Պոլիսը:

 

«Իտալիան բանաստեղծի մը համար ապրելիք միակ երկիրն է»,- խոստովանել է Նազարյանցը: Իտալիայում նրա առաջին հանգրվանը Բարին էր:

 

«Նազարյանցը Բարի քաղաքում շատ կարեւոր դերակատարություն ունեցավ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին աշխատում էր Բարիի ռադիոյում: Ռումբերի պայթյունների ներքո՝ նա ռադիոյով խոսում էր մշակույթի մասին, ներկայացնում էր Դոստոեւսկուն, խոսում էր Շոպենի, Մոցարտի ստեղծագործություններից, որպեսզի հասարակությանը շեղի տեղի ունեցող իրադարձություններից: Այդ հաղորդումների միջոցով շատ մարդիկ հասկացան՝ ինչ է արվեստը: Նազարյանցին հիշում են որպես մարդու, որը կարողացավ իր հետեւից բերել մշակույթ»,- ասում է Կոպպոլան:

 

Անգլերենի, ֆրանսերենի, աստիճանաբար նաեւ իտալերենի կատարյալ իմացությունը նրան հնարավորություն է տալիս արագ ներգրավվելու Իտալիայի գրական-մշակութային շրջանակներում, տարվում է ֆուտուրիզմով: Իտալացի գրող Ռոբերտո Մարվազիի հետ խմբագրում է «Fantasma» գրական ամսագիրը, որի էջերում հրատարակում է Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Զարդարյանի եւ հայ այլ գրողների գործեր՝ «ծանօթացնելու համար, այսպէս, հայ միտքը ու հոգին իտալացիներուն»:

 

«Աշխարհում հայկական մշակույթի ներկայացման գործում մեծ է Նազարյանցի ներդրումը:  Մասնավորապես նրա՝ հայկական մշակույթի մասին առաջին նոթերն ու տեղեկությունները հիմնականում ֆրանսիական պարբերականներում էին տպագրվում, հետո՝ թարգմանվում իտալերեն: Սա  հնարավորություն էր ընձեռում հայկական մշակույթը ներկայացնել եվրոպական երկրներում»,- ասում է Կոպպոլան:

 

Հրանտ Նազարյանցի արխիվը պահվում է Կոնվերսանոյի Մշակույթի եւ պատմության հետազոտությունների կենտրոնում: Կարլո Կոպպոլան առաջին անգամ Նազարյանցի անունն այստեղ է լսել: Ասում է՝ մինչ այդ ծանոթ չէր հայերին, հայոց պատմությանը: Նազարյանցը, օգտագործելով իր անձնական կապերը, կարողացել է Իտալիայի լայն շրջանակներին  ծանոթացնել ոչ միայն հայ մշակույթին, այլեւ՝ հայկական հարցին:

 

Երկրորդ աշխարհամարտից հետո Նազարյանցի մասին աստիճանաբար մոռանում են: Բարիից տեղափոխվում է Կոնվերսանո: Ըստ Կոպպոլայի, այստեղ նա նոր շունչ է բերում հատկապես երիտասարդներին:

 

«Նա նամակներ էր գրում ժամանակի հայտնի մտավորականներին, խնդրում՝ «ինձ քո մակագրությամբ վերջին գիրքդ է անհրաժեշտ այսինչ գրադարանի համար»: Եվ նրանք, իհարկե, ուղարկում էին այդ գրքերը: Այդ մակագրված օրինակները պահպանվում են եւ այսօր նաեւ նյութական մեծ արժեք ունեն»:

 

Կոնվերսանոյից Նազարյանցը տեղափոխվում է ավելի փոքր քաղաք՝ Կազամասիմա, որտեղ երկու տարում վեց տուն է փոխում. ծայրահեղ աղքատ գրողը չէր կարողանում տան համար վճարել:  Իտալիայի ակադեմիայի անդամ, Նոբելյան մրցանակի թեկնածու Հրանտ Նազարյանցը 1962-ի հունվարին մահանում է Բարիի հիվանդանոցներից մեկում՝ միայնակ ու լքված:

Հրանտ Նազարյանցը Հրանտ Նազարյանցը

Լուսանկարը` «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոն

Նազարյանցի ժառանգությունը պահպանելու, քիչ հայտնի էջերը հանրահռչակելու նպատակով 2011 թվականին Կարլո Կոպպոլան, Մշակույթի եւ պատմության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կոզմա Կաֆուերին եւ փոխտնօրեն Պաոլո Լոպանեն եւ Ռուբեն Թիմուրյանը հիմնել են «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնը:  Գիտաժողովներ են անցկացնում, գրքեր հրատարակում, բլոգ են վարում, Վիքիպեդիայում ներկայացնում Իտալիայում հայկական մշակույթը: Կարլո Կոպպոլան ասում է, որ ցանկանում են հիմնադրամ ստեղծել, որը կզբաղվի ոչ միայն Նազարյանցի ժառանգությամբ, այլեւ՝ հայկական մշակույթի տարածմամբ:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին