Վերածնված Կարոն եւ նրա թիկունքին կանգնած մայրն ու քույրը - Mediamax.am

exclusive
6424 դիտում

Վերածնված Կարոն եւ նրա թիկունքին կանգնած մայրն ու քույրը


Կարոն
Կարոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Աիդան
Տիկին Աիդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանեն
Գայանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարոն, Գայանեն եւ տիկին Աիդան
Կարոն, Գայանեն եւ տիկին Աիդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարոն մայրիկի հետ
Կարոն մայրիկի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարոն եւ Գայանեն
Կարոն եւ Գայանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարոն
Կարոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարոն
Կարոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարոն
Կարոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանեն եւ տիկին Աիդան
Գայանեն եւ տիկին Աիդան

Լուսանկարը` Մեդիամաքս


 

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցության կենտրոնը 2006թ.-ից մինչս օրս ունեցել է մոտ 24 հազար շահառու: Կենտրոնն իրականացնում է ապաստանման, արտակենտրոնային աջակցության, թեժ գծի, խնամատարության, ցանցային աշխատանքի եւ մի շարք այլ ծրագրեր:

 

Մեդիամաքսը ներկայացնում է Երեխաների կենտրոնում ապաստանած, խնամատար ընտանիքի հոգածությանը տրված եւ ընտանիք վերադարձած երեխաների պատմություններ, որոնց ճակատագրերում իր ստորագրությունն է դրել նաեւ ՀՕՖ-ը:

 

Այժմ Երեխաների կենտրոնում ապաստանող սաների թիվը 21-ն է, խնամատարության ծրագրի շահառու է 57 երեխա (կանխարգելման բաղադրիչով՝ 201 երեխա, 32-ը խնամվել է ընտանիքներում): 2006-ի համեմատ, երբ կենտրոնից դուրս գրված երեխաների 20 %-ը կողմնորոշվել է մանկատուն, 2016-ին այդ թիվը կազմել է ընդամենը 0,2%: Մյուսները վերադարձել են կենսաբանական, խնամատար ընտանիք կամ հանձնվել են խնամակալին:

 

***

 

 - Մամ, ես եկա:

 

Կարոյի ձայնը լսելով Աիդան շտապում է դիմավորել որդուն: Կարոն գրկում է մորը, բարեւում նրան, հանում կոշիկները, ձեռքերը լվալուց հետո մտնում հյուրասենյակ: Մեզ բարեւում է մի քիչ ամաչելով, այդ ողջ ընթացքին հիացած ժպիտով հետեւում է Գայանեն ու չի կարողանում պահել զգացմունքները.

Կարոն մայրիկի հետ Կարոն մայրիկի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

-Լավն ա չէ՞ ապերս: Բնավորությամբ էլ ա շատ լավը, դաստիարակված, շնորհքով:

 

Կարոն իր պարզ ժպիտով մեզ հարցնում է` ինչպե՞ս ենք: Հետո շարունակվում է մինչեւ նրա գալը սկսված զրույցը: Տղան մեկ նայում է մորը, մեկ` քրոջն ու հյուրերին` զուգահեռ լսելով Աիդայի պատմությունն ու կծելով մոր պատրաստած թխվածքը:

 

-Ամուսնուս շատ էի սիրում, շատ սիրով ընտանիք էինք, աղջիկս` Գայանեն, երկու տարեկան էր: Վերջին օրը` առավոտյան ես ու ամուսինս աշխատանքի էինք գնացել: Ինքը շուտ էր վերադարձել: Երեկոյան երկրաշարժի փոշին ծածկել էր ամբողջ քաղաքը: Տուն եկա, լսեցի, որ մեր շենքը փլվել է: Ամուսինս, դուստրս ու սկեսուրս տանն էին… Երկրաշարժը խլեց ընտանիքս: Քիչ անց իմացա, որ հղի եմ, որոշեցի, որ այս երեխայից չեմ հրաժարվելու, սիրելի ամուսնուս կորստից հետո նա ուժ տվեց ապրել: Ծնվեց աղջիկ` հորը շատ նման: Գայանե անունով կնքեցի: Հիմա ամբողջ սերս փոխանցում եմ իմ երկու երեխաներին` Կարոյին ու Գայանեին: Նրանք գիտեն, որ իրենց թիկունքին կանգնած եմ, ե´ւ հայր եմ իրենց, ե´ւ մայր:

 

Աիդան լռում է` հպարտ հայացքը սահեցնելով երեխաների վրա: Նախ` Գայանեն է խախտում լռությունը. «Մամայի պատմությունը լրիվ կինո ա», ապա Կարոն շարունակում է քրոջը.

 

-Մաման կյանքի շատ մեծ փորձ ունի: Լավ խոսք կա, ասում է` կյանքի լավագույն ուսուցիչը փորձն է, ճիշտ է` մի քիչ թանկ է վերցնում, բայց դասը շատ արժեքավոր է:  Մաման մի լավ հատկություն ունի, ինչքան էլ դժվար իրավիճակ լինի, չի կոտրվում, դա ես իրենից սովորել եմ: Մեր կյանքում եղել են բարդ պահեր, ու ես միշտ զգացել եմ, որ նույնիսկ ամենավատ իրավիճակում չի ընկճվել, ելք գտել է, ես էլ պետք է մինչեւ վերջ ընդօրինակեմ դա: Էդ հատկության շնորհիվ է, որ մաման առանց ամուսին նորից փլատակներից տուն է դարձել:

 

-Իմ ամենաչսիրած բառը «չեմ կարող»-ն է, ամեն ինչին էլ ելք կա: Երեխաներին պիտի ցույց տաս ճիշտ ճանապարհը, որ իրենք էլ դրանով առաջ գնան:

Տիկին Աիդան Տիկին Աիդան

Լուսանկարը` Մեդիամաքս

-Այն դժվարությունները, որ միասին տարել ենք, հիմա օգնում են, որ միասին լինենք,- Կարոն ժպտում է մորը նայելով:

 

Այդ պահին անցած դժվարությունները սահում են 18-ամյա տղայի դեմքի սպիների փոսերով, իջնում այտերին ու վերածվում ժպիտի: Կարոն գիտի, որ ընտանիք ունի, որն էլ ցանկացած դժվարություն հաղթահարելու լավագույն միջոցն է: Իր ամենամեծ ցանկության մասին խոսելիս երկար չի մտածում, ասում է` ուզում է միշտ մոր ու քրոջ կողքին լինել:

 

Որդու ուշացած ծնունդը

 

Աիդայի որդին` Կարոն, «լույս աշխարհ» է եկել 10 տարի առաջ` խնամատարության ծրագրով: Աիդայի տնից քիչ հեռու` Վանաձորի մանկատանը յոթ տարի մեծացած տղան գալիս է մի քիչ անսպասելի, բայց կարճ ժամանակում գրավում թե հարազատների, թե բակի մարդկանց սրտերը:

 

Գայանեն մինչեւ վերջին պահը չէր հավատում, որ մայրը իսկապես երեխա կբերի:

 

-Մի երեկո լուրերով լսեցինք, որ Վանաձորում մի կին երեխային գցել է աղբամանն ու հեռացել: Գայանեն անմիջապես վեր թռավ տեղից` մամ, գնանք բերենք, պահենք էդ երեխային: Ասում եմ` ո՞ւմ երեխուն բերես, համբերի: Առավոտյան յոթին վեր կացավ, թե` գնո՞ւմ ենք երեխայի հետեւից: Եթե չենք գնում, ուրեմն իջնելու ես բակ իմ հետ խաղաս: Ես զգացի, որ աղջիկս միայնություն է զգում:

Գայանեն Գայանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ Կարոյի գալը Աիդան պատահաբար ծանոթանում է մի կույր տատիկի հետ, ու դստեր հետ որոշում են խնամել նրան իրենց տանը: 8 ամիս անց տատիկին վերցնում է ամուսինը, իսկ քաղաքապետարանի սոցիալական բաժնում, իմանալով այս մասին, Աիդային առաջարկում են ներառվել խնամատարության ծրագրում:

 

-Ծանոթացա ծրագրին, դիմումը գրեցի: Բոլոր խնամատար ընտանիքների նման անցա գնահատման, նախապատրաստական աշխատանքների, վերապատրաստումների փուլերը: Որոշել էին, որ Վանաձորի մանկատնից են երեխա տալու: Մի քանի անգամ այցելեցի, տեսա Կարապետին, որից հետո երկու ժամով բերեցին մեր տուն:

 

Առաջին այցը տուն

 

Կարոյին սոցիալական աշխատողն ու ՀՕՖ-ի ներկայացուցիչն են բերում: Դեռ մուտքի մոտ Գայանեն նկատում է տղայի հուզմունքն ու նրան «փախցնում» խոհանոց:

 

-Շատ վատ էր զգում իրեն: Դժվար է, հասկանալի է, չգիտես` ո՞ւր ես գնում, ովքե՞ր կլինեն: Նստեց խոհանոցում: Հարցրեցի` ինչ կուզես, ասաց` ոչինչ: Ես էլ որոշեցի ձվածեղ պատրաստել:

 

-Էսքանը ի՞նձ,- զարմանում է Կարոն ու սկսում ուտել` զուգահեռ շարժելով ոտքը. առաջին նշանն էր, որ հավանել է քրոջը:

 

-Եթե ձվածեղը գիտեք, դա ամենալավ պատմությունն ա,- ասում է Գայանեի ու Աիդայի հետ մեր զրույցին քիչ ուշ միացած Կարոն,- առաջին օրը դժվար էր շատ: Մանկատնից հետո դժվար էր միանգամից ընտելանալը: Դե թողնում ես այն վայրը, որին արդեն սովոր ես ու լրիվ ուրիշ տեղ գնում ապրելու: Էմոցիոնալ ճնշվածություն ունեի, բայց ոչ թե նրա համար, որ հասկանում էի` ուր եմ գնում, ինչի համար եմ գնում, այլ որ երեխաների հետ էի սովոր ապրել: Ես վերջին երեխան էի, որ պետք է ընտանիք գնար: Արդեն գիտեի, որ մյուսներին վերցրել են ընտանիքների խնամատարության տակ, էնտեղ են ապրելու եւ էլ չեն գալու:

Կարոն Կարոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին այցը տեւում է երկու ժամ, իսկ հաջորդը` 6 ամիս: Այս շրջանն էլ հաջողությամբ անցնելուց հետո Կարոն տեղափոխվում է իր նոր ընտանիքի հետ ապրելու:

 

 -Հագին փոքր կոշիկներ էին, ոտքի մատները ծալված էին, չէին բացվում: Այնքան մերսեցի, մինչեւ բացվեցին: Հագուստը մաշված էր: Գլխի վրա սպիներ կային: Երբ իրեն ոչ հաճելի թեմայից էինք խոսում, ձայն չէր հանում, բայց նույնիսկ հագուստի տակից երեւում էր, թե ինչ արագ է աշխատում սիրտը: Սրտաբանի դիմեցինք, ասացին` սպորտով պիտի զբաղվի: Կարոյին ուղարկեցինք հեծանվասպորտի:

 

-Իմ ամենասիրած բանը հեծանիվն էր: Հեծանիվից էն կողմ էլ բան չկար իմ համար: Ինձ որ ուղարկեցին հեծանիվի, ուրախությանս չափ չկար, երեք տարի զբաղվեցի դրանով:

 

Առաջին «մամ»-ը

 

Երբ Կարոն վերջնական տեղափոխվում է Աիդայի տուն, թոռան գալու մասին իմանալով, գյուղից գալիս է Աիդայի մայրը: Կարոն տատիկին միանգամից է հավանում ու ողջ օրն անցկացնում է նրա հետ:

 

-Կարոն մտավ մամայիս թեւի տակ ու տատի փեշից կպած ման էր գալիս: Ես էլ հաց էի պատրաստում խոհանոցում ու լսում էի երկուսի զրույցը:

 

-Կարո ջան, ինչո՞ւ ես Աիդա տոտա ասում, տես ինքն ինձ «մամա» է ասում: Ինքը քո մաման է, դու էլ իրեն պետք է այդպես դիմես:

 

-Տատիկ, ես ուզում եմ իրեն «մամա» ասեմ, բայց ամաչում եմ:

 

Տատիկը որոշում է օգնել Կարոյին ու ասում է, որ եթե Աիդային «մամա»-ով դիմի, ապա կստանա` ինչ ուզի: Կարոն էլ երկար չի մտածում եւ ասում է, որ «հավի բուդ է ուզում տատիկը գնի»:

 

-Դժվար էր «մամա» ասելը, բայց դե փոքր էրեխուն ինչո՞վ կարող են կաշառել` խաղալիքով կամ ուտելիքով: Տատիկն ասաց, քո համար լավ բաներ կառնեմ, մենակ թե էլ մի ասա Աիդա տոտա,- հիշում է Կարոն:

 

Տատիկը բացում է դրամապանակը, վերցնում միայն տրանսպորտի գումարը, իսկ մնացածը տալիս Կարոյին: Այդ պահին խոհանոցից հյուրասենյակ է մտնում Աիդան` ճաշը ձեռքին: Կարոն ցատկում է տեղից.

 

-Մամ ջան, բեր օգնեմ:

Կարոն Կարոն

Լուսանկարը` Մեդիամաքս

-Չհասկացա, թե ինչ կատարվեց այդ պահին հետս,- հիշելիս Աիդան գլուխն ափերի մեջ է վերցնում, մայրական սերը վառվում է այտերին,- գլուխս տաքացավ, ոտքերս դողացին, ձեռքերս թուլացան: Չէի հասկանում ինչ է կատարվում ինձ հետ:

 

-Որոշեցի կամացից սովորել: Մեկ «մամ» էի ասում, մեկ «Աիդա տոտա», մինչեւ սովորեցի: Էդ ժամանակ հավի բուդ ուզեցի, բայց հիմա ուտելիքներից ամենաշատը մամայի եփած սպասն եմ սիրում:

 

Սկզբնական շրջանում Կարոն մահճակալին է քնում, Աիդան` բազմոցին` տղային մոտ լինելու համար:

 

-Երբ մի փոքր շարժվում էր, վեր էի թռնում: Մեկ էլ կամաց գալիս էր մոտս, էնքան էր պինդ գրկում, որ նույնիսկ դժվար էի շնչում: Հենց պառկած տեղիցս վեր էի կենում, միանգամից վազում էր տեղս, վերմակը քաշում գլխին ու քնում:

 

-Ես միշտ սիրել եմ մամայի մոտ քնեմ: Էդ լրիվ ուրիշ, մի ընտիր բան ա:

 

Մուտք նոր կյանք

 

Մինչ Աիդայի տուն տեղափոխվելը Կարոն մանկատան երեխաների դպրոցում էր սովորում, նրան այլ դպրոց են տանում, ինչից հետո Կարոն սկսում է ավելի լավ դրսեւորվել: Դպրոցում էլ նրա հանդեպ շատ ուշադիր էին ու հոգատար:

 

-Դպրոցում նորմալ էր շատ, ինձ չգիտեին որպես խնամատար ընտանիքի երեխա: Դժվարություններ չեղան, մնում էր մի քանի օր երեխաներին ընտելանայի: Բակում էլ նորմալ էր շատ, իմ հասակակիցների հետ ընկերացա: Ճիշտ է` մի քիչ վատ վարք ունեի այդ ժամանակ, երեխա էի, շատ կռիվ անող, ջարդող-փշրող, բայց հետագայում փոխվեցի, մեծացա: Էն օրը կանգառում մեր հարեւան տեսավ, ասաց` քո մասին միշտ լավն են խոսում: Ուրախացա, որ կարողացել եմ հասնել այդ ամենին:

 

Մայրիկի կիսված սերն ու Կարոյի պաշտպանը

 

Կարոն չար երեխա էր, բայց ընտանիք տեղափոխվելուց հետո հասկանում է, որ հասարակության մեջ օրենքներ կան, որոնք պետք է հարգել: 7 տարի փակ ապրած տղայի համար սկզբում, իհարկե, դժվար էր սովորել նոր կյանքին:

 

-Բակն էլ է իրեն շատ դաստիարակել: Կարոյի մեջ շատ խիստ է դրված ուրիշի իրավունքները, ուրիշի տարածքը հարգելու պատասխանատվությունը: Մինչեւ հիմա էլ, որ հարեւանից մի բան է ուզում վերցնել, հարցնում է` կարելի՞ է: Հիմա էդ բառը շատ քչերն են գործածում,- ասում է Աիդան:

 

17 տարեկան Գայանեի համար ամենաբարդ բանը մոր սերը կիսելն էր.

 

- Երեւի տարիքային մեծ տարբերությունը շատ օգնեց, եթե հասակակից լինեինք, գուցե այլ կերպ լիներ: Ես հասկացա, որ ինքը մեկն է, ով ունի իմ աջակցության, պաշտպանության կարիքը: Առաջինը խնդիրը բակում էր, թեեւ մեր հարեւանները խաղաղասեր մարդիկ են: Մի տղամարդ բարկացել էր Կարոյի վրա, որ գնդակը գցել էր իր բակը, պատուհանից տեսա, արյունը խփեց գլխիս: Հետո բոլորը զարմացել էին, թե ինչպես երիտասարդ աղջիկը, ում բոլորը օրինակելի ու հանգիստ մարդ էին ճանաչում, կարողացավ ուժով հեռացնել գինովցած տղամարդուն: Պարզ չէ՞, եղբորս պիտի պաշտպանեի:

Կարոն, Գայանեն եւ տիկին Աիդան Կարոն, Գայանեն եւ տիկին Աիդան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչպես բոլոր քույր ու եղբայրները, Կարոն ու Գայանեն էլ են կռիվեր անում, բարձերով խփում իրար: «Հակամարտությունները» հիմնականում երեկոյան դիտելու ֆիլմերի ընտրության շուրջ են լինում:

 

-Եւ այդ ընթացքում մաման է գալիս` հողաթափը ձեռքին,- ծիծաղում է Աիդան ու շարունակում,- քույր ու եղբայր իրար հետ ավելի մոտ են, քան ինձ հետ: Ես բարդ խնդիրները լուծողն եմ, բայց փոքր վեճերը ինքնուրույն են կարգավորում: Միշտ միասին են լինում: Միասին են վերադառնում աշխատանքից: Կարոն արդեն մեծ եղբայրություն է անում` էս շորը մի հագի, էսպես մի արա:

 

-Կարոն շատ զարմանալի արագ հարմարվեց մեզ, մենք էլ իրեն: Ուրիշ մարդ չէր էլ կարող լինել, պատահական չէր, որ հենց նրան տվեցին մեզ խնամատարության: Մեծամասնությունը գիտի, թե Կարոն մեր արյունակիցն է, նույնիսկ մամային հարցնում են` էս նորից ամուսնացե՞լ ես: Մենք այս տարիներին երբեք տարբերություն չենք դրել, նույնիսկ արդեն դիմագծերով ենք նմանվել:

Գայանեն եւ տիկին Աիդան Գայանեն եւ տիկին Աիդան

Լուսանկարը` Մեդիամաքս

- Բոլորը գիտեն` Աիդայի տղան է, Կարոն է: Կարոն անուշ երեխա է ու հեշտությամբ է գրավում մարդկանց սերը: Ունի լայն ընկերական շրջապատ` ամեն տարիքի: Ես իր մեջ սեր ու փոխադարձ վստահություն եմ ներարկել, որը հիմա նա արտահայտում է հասարակության մեջ իր պահվածքով:

 

-  Ամենաշատը սիրում եմ, որ դրսից գալիս եմ տուն, դուռը բացում եմ, դեռ ներս չմտած ասում եմ` «մա՛մ», ասում ա` «հա ջան»:

 

Մանկատան երեխաների ճակատագրերի փրկությունը

 

-Հիմա պատկերացրեք` խնամատարությունը չգործեր… էս մի երեխան էլ փրկվեց: Դա իսկապես փրկություն է: Ի՞նչ կլիներ, եթե Կարոյի նման երեխան մնար մանկատանը, նա այնտեղից բոլորովին այլ մարդ դուրս կգար,- Աիդան զրույցը սահուն տանում է դեպի խնամատարության ծրագիրը. այս ընտանիքում դրա արժեքը լավ են գիտակցում:

 

- Մանրակրկիտ ուսումնասիրում են երեխաներին, ընտանիքներին ու ճիշտ ընտրում են, թե որ երեխային որ ընտանիքին տան: Հաճախ ենք մտածում` բա՞ որ Կարոն չլիներ: Չէինք հարմարվի,- ասում է Գայանեն,- պատկերացրեք` Կարոն մանկատանը մնար, հիմա արդեն 18 է, դուրս գար, ի՞նչ էր անելու: Իսկ այժմ ունի ընտանիք: Նա հնարավորություն ստացավ դրսեւորվելու, լավ մարդ դառնալու եւ այդ հնարավորությունն օգտագործեց ամբողջությամբ: Ես զարմանում եմ, որ ասում են խնամատարությունը լավ բան չի, ո՞նց կարող են այդպես մտածել: Սա երեխաներին ապագան փրկելու լավագույն տարբերակն է, տուն վերադարձից հետո, իհարկե:

 

Կարոն էլ գիտի` եթե այս ընտանիք չգար, իր կյանքը այլ կերպ կընթանար.

 

-Խնամատար ընտանիքների ծրագրի արդյունավետությունը շատ տեսանելի է, եթե դուք տեսնեիք, թե 10 տարի առաջ ինչպիսի երեխա էի ես ու ինչպիսին եմ հիմա… փոփոխությունը շատ մեծ է: Ոչինչ չի փոխարինի այն սիրուն, որ մարդ ստանում է ընտանիքում:

 

Կարոյի երազանքները

 

Կարոն սովորում է Առեւտրի քոլեջում` շուկայագետ մասնագիտությամբ: Ուզում է հեռակայել, որպեսզի հասցնի ե´ւ աշխատել, ե´ւ սովորել: Մեքենա է ուզում գնել առեւտրի գործ սկսելու համար:

 

-Ամենաշատը չասեմ, բայց շատ ուզում եմ մի որոշ ժամանակ հետո ունենամ նորմալ աշխատանք, ավտոմեքենա, ավտոտնակ, սեփական տուն: Կարողանամ ընտանիքիս հոգսերի գոնե 70%-ը հոգամ: Ուրիշ երազանքներս դեռ իմ մեջ ա, չեմ ուզում ասեմ: Սիրած աղջիկ չունեմ, բայց կունենամ, չեմ շտապում: Հենց նորմալ աշխատանք լինի, պատրաստ լինեմ տուն պահելու, կմտածեմ այդ ուղղությամբ:

 

-Ինքը լուրջ տղա ա,- ծիծաղելով միջամտում է քույրը:

 

-Ամուսնացնելու եմ,- վստահեցնում է Աիդան,- մեր տունը փոքր է, մտածում եմ ներքեւի հարկի տունը գնեմ Կարոյի համար, որ մոտ լինենք իրար: Ինքն էլ չի ուզում առանձին ապրել: Որպես ծնող` իմ պարտքն է, որ երեխաս տանիք ունենա:

 

Կարոն նաեւ լուսանկարչությամբ է հետաքրքրվում: Երբեմն մատիտով է նկարում, փայտից հուշանվերներ պատրաստում: Աիդան խնամքով պահում է փայտից պատրաստված փոքրիկ վարդը, որ նվիրել է իրեն:

 

-Կարոն ամեն ինչից էլ մի քիչ գլուխ է հանում: Լինում է, որ առանձնանում է, արդեն գիտեմ, որ մի բան սարքում է:

 

-Մեկ էլ սիրում եմ ֆիզիկայի օրենքները, հատկապես հետաքրքրվում եմ մագնիսական դաշտով, էլեկտրական մակածումով, հոսանքով: Հիմնականում էլեկտրական սարքավորումներ եմ պատրաստում: Ֆիզիկայի քննությանը մի սիրուն բան էի սարքել, տարա, ուսուցիչը շատ ուրախացավ: Մամայի համար էլ մի հատ օդափոխիչ էի սարքել, ափսոս փչացել է հիմա: Բայց խնդիրներ լուծել չեմ սիրում, կիրառվող բաներն են հետաքրքրում: Չգիտեմ էդպիսի բան կա՞, որ սովորեմ` ինտերնետի միացումներ, տեսախցիկների տեղադրում, համակարգչային ցանց, եթե կարողանայի սովորել, աշխատել այդ ուղղությամբ, շատ լավ կլիներ: Այ դա իսկապես շատ ուզում եմ:

Կարոն Կարոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարոյի մյուս սիրելի զբաղմունքը հավերն են, տան հետնամասում մի փոքրիկ տարածքում հավեր է պահում, որոնք սնվում են տղայի ձեռքի ափի մեջ լցված ցորենով:

 

Կարոն ասում է, որ կյանքում շատ բաներ կան, որ կարեւոր է համարում:

 

-Ամենակարեւորը լինեմ ընտանիքիս հետ, հանկարծ չթողնեմ իրենց: Շատ ընտանիքներ այսօր բաժանված են, անջատ են ապրում, ամեն մեկն իր համար: Շատերին գիտեմ, բայց կարեւոր եմ համարում, որ երբ մեծանամ` չթողնեմ իմ ընտանիքը: Ես 10 տարի մեծացել եմ որպես այս ընտանիքի երեխա, որպես իրենց տղա, ոչ մի բան չի կարող խախտել այդ կապը: Եթե դու որոշում ես, որ 18 տարեկանդ լրանալուց հետո պիտի մնաս, ծնողդ էլ որոշում է, որ վերջ, դու իրենն ես, էլ ինչը՞ կարող է խանգարել երջանիկ ապրել:

 

Սպասված մարդը

 

Աիդայի, Գայանեի ու Կարոյի ընտանիքն այս օրերին անհամբեր է. Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնից կարեւոր լուրի են սպասում: Կարոյին հաջողությամբ մեծացնելուց հետո Աիդան որոշել է` եւս մեկ տղա են «ունենալու»:

 

-Սպասում ենք, որ մյուս երեխային վերցնենք: Կարոյին եղբայր կդառնա: Նա ամենաշատն է սպասում, նույնիսկ, փոքրացած հագուստն է պահում նրա համար:

 

Կարոն մեզ տանում է իր սենյակ եւ ցույց տալիս այն հատվածը, որտեղ նոր մահճակալ են դնելու:

Կարոն եւ Գայանեն Կարոն եւ Գայանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

-Սենյակումս տեղ եմ պատրաստել իր համար, շորերը, հեռախոսը, ամեն ինչ պատրաստ է: Հեծո էլ եմ առնելու,- Կարոյի աչքերում կրակներ են վառվում, երբ խոսում է ապագա եղբոր մասին:

 

Ամենակարեւոր բանը, որ սովորեցնելու է եղբորը` ընտանիքը չթողնելն է:

 

-Ամենաանհամբերը ես եմ, որովհետեւ ուզում եմ ախպեր ունենամ: Ուզում ենք գա ու ընտանիքի անդամը դառնա: Եթե լավ ախպեր լինի, լսող լինի, ես ախպերավարի կդաստիարակեմ իրեն, իմ ունեցած փորձը, գործիքների հետ աշխատելու, ինչ-որ բաներ քանդել-հավաքելու հմտությունները կսովորեցնեմ իրեն, ու երկուսով կանենք բոլոր գործերը, երկուսով էլ մամային կպահենք:

 

Մարի Թարյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին