Ամենափրկչի օրինակը կարող է փրկել Նոր Զելանդիայի Քրայսթչըրչը - Mediamax.am

exclusive
4041 դիտում

Ամենափրկչի օրինակը կարող է փրկել Նոր Զելանդիայի Քրայսթչըրչը


Լուսանկարը` Կոլաժը՝ Աննա Աբրահամյանի

Քրայսթչըրչ տաճարը՝ փլուզումից հետո
Քրայսթչըրչ տաճարը՝ փլուզումից հետո
Քրայսթչըրչ տաճարը՝ մինչեւ փլուզումը
Քրայսթչըրչ տաճարը՝ մինչեւ փլուզումը
Ջեֆրի Ռաթբանը, Ռաֆիկ Եղոյանը եւ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը
Ջեֆրի Ռաթբանը, Ռաֆիկ Եղոյանը եւ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի համանուն տաճարը, որն ընդգրկված է երկրի պատմական կարեւորություն ունեցող կառույցների շարքում, 2011թ. փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով մասամբ քանդվել է: Տաճարը բազմիցս վնասվել էր նաեւ տարբեր տարեթվերին տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով: Քրայսթչրչի քաղաքապետն ու եպիսկոպոսը համարեցին, որ քանդված հին եկեղեցու փոխարեն պետք է նորը կառուցվի: Քաղաքի բնակիչների մի մասը համակարծիք եղան, իսկ մյուս մասն առ այսօր պայքարում է հին եկեղեցին պահպանելու եւ վերականգնելու համար: 

 

2012թ. սկսեցին աշխատանքներ տարվել տաճարը հիմնովին քանդելու ուղղությամբ: Այդ ընթացքում նույնիսկ ժամանակավոր տաճար կառուցվեց հավատացյալների համար:

 

Արդյունքում, տաճարի պահպանման համար ձեւավորվեց Save the cathedral խորագրով շարժումը, որի շարքերում են հայտնի մարդիկ, քաղաքական գործիչներ եւ այլք: Շարժումը գլխավորում է ինժեներ Ջեֆրի Ռաթբանը, որը պարզել է, որ համանման դեպքեր են եղել նաեւ Իտալիայի քաղաքներից մեկում եւ Հայաստանում` Գյումրիում, որտեղ 1988թ. երկրաշարժից քանդվել, ապա տարիներ անց վերականգնվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:

 

Ջեֆրի Ռաթբանը կապ է հաստատել ճարտարապետ Գարեգին Եղոյանի հետ, որի հայրը՝ ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը, որդու հետ վերակառուցել է երկրաշարժից քանդված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Այս տարվա օգոստոսի վերջին Ջեֆրի Ռաթբանն այցելել է Գյումրի` ուսումնասիրելու Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցման փորձն ու ապացուցելու իր քաղաքի իշխանություններին, որ քանդված եկեղեցին վերականգնելը արդարացված քայլ է:

 

Մեդիամաքսը զրուցել է Ջեֆրի Ռաթբանի հետ այցի մանրամասների եւ տպավորությունների մասին:

 

Save the cathedral շարժումը գլխավորող Ջեֆրի Ռաթբան

 

Մեր քաղաքի եկեղեցու վերակառուցման թեման բազմիցս քննարկվել է: Նման քննարկումներից մեկի ընթացքում մի կին ասաց, որ Հայաստանի Գյումրի քաղաքում էլ նման դեպք է գրանցվել ու պատմեց, որ այն հիմա վերակառուցման փուլում է: Իսկապես, շատ ընդհանրություններ գտա ու միանգամից որոշեցի ժամանել ու տեղում հասկանալ` որքանով ձեր եկեղեցու օրինակը կարող է օգտակար լինել մեզ:

Քրայսթչըրչ տաճարը՝ մինչեւ փլուզումը Քրայսթչըրչ տաճարը՝ մինչեւ փլուզումը

 

Կարծում էի, որ Գյումրիի եկեղեցու վերակառուցումը կարող է ոգեշնչել մեր քաղաքի բնակիչներին, հատկապես նրանց, ովքեր դեմ են եկեղեցու պահպանմանը: Հիմա, երբ ծանոթացել եմ գյումրեցիների հետ, նրանց ուժն ինձ հետ Նոր Զելանդիա եմ տանում: Համոզված եմ` այն կկարողանա հրաշքներ գործել ու կօգնի մեզ լինել ուժեղ ու վճռական` մինչեւ վերջ պայքարելու ու եկեղեցին փրկելու համար:

 

Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցին շատ գեղեցիկ է ու ոգեշնչող, ես պատկերացրի, որ մեր եկեղեցին էլ մի օր նման կերպով մյուսներին կոգեշնչի: Այցիս ընթացքում հանդիպել եմ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, որը քաջալերեց ինձ:

Քրայսթչըրչ տաճարը՝ փլուզումից հետո Քրայսթչըրչ տաճարը՝ փլուզումից հետո

 

Քանդված եկեղեցին մեր քաղաքի համար խորհրդանշական է, ինքս այդ քաղաքում եմ մեծացել: Եթե չվերականգնենք եկեղեցին, կարծում եմ` կկորցնենք մեր քաղաքի ամենակարեւոր մշակութային կոթողներից մեկը: Քրայսթչրչում մոտ 400 հազար բնակիչ կա. վստահ եմ, եթե եկեղեցին քանդվի, բնակիչներից շատերի համար սա անձնական կորուստ կլինի: Հույս ունեմ, որ համաքաղաքացիներից սերը կօգնի մեզ փրկել եկեղեցին, ես էլ փորձում եմ նրանց համար տարբեր բանալիներ գտնել, որ արթնանան, պայքարեն ու պահպանեն:

 

Ճարտարապետ Ռաֆիկ Եղոյան

 

Ամենափրկիչ եկեղեցու մեծ գմբեթի փլուզումը զգալի ազդեցություն ունեցավ բնակիչների վրա: Բոլորի համար սա մի բացասական մթնոլորտ ստեղծող երեւույթ էր:  Դեռեւս դպրոցական տարիքից նկարում էի այս եկեղեցին, դրա համար բնական էր, որ որոշեցի զբաղվել վերականգնման հարցով: Երկրաշարժից հետո մի քանի անգամ դիմեցի մարզպետին, բայց մերժում ստացա: Իմ կարծիքով` սա առանցքային խնդիր էր, որ պիտի նպաստեր բնակչության հոգեւոր զարգացմանը: Ի վերջո, 1990-ականների սկզբին սկսվեցին վերականգնողական աշխատանքները:

Ջեֆրի Ռաթբանը, Ռաֆիկ Եղոյանը եւ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Ջեֆրի Ռաթբանը, Ռաֆիկ Եղոյանը եւ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

 

Բնակիչների մոտ մեծացավ վստահությունը` եթե վերակառուցվեց Ամենափրկիչ եկեղեցին, տունն էլ, փողոցն էլ կկառուցվեն: Երբեւէ չէի կարող մտածել, որ ինչ-որ մեկի համար Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցումը օրինակի պես մի բան կդառնա: Հիմա հավատում եմ, որ նման խորհրդանշական քայլն իսկապես կարող է ոգեշնչել աշխարհի մյուս ծայրում ապրող մարդկանց: 

 

Ճարտարապետ Գարեգին Եղոյան

 

Սա մշակութային շերտ է, որ պարտավոր էինք պահպանել: Բացի այն, որ Ամենափրկիչ եկեղեցին մեծ նշանակություն ուներ քաղաքի ու բնակչության համար, այն նաեւ վերածննդի խորհրդանիշ դարձավ, որովհետեւ այդ մասշտաբի մեծ կառույցը քանդված վիճակում հոգեբանական մեծ ճնշում ուներ քաղաքացիների վրա:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

 

Քաղաքը միշտ կարկանդակի հետ եմ համեմատում: Եթե կորցնենք շերտերից մեկը` քաղաքն անհամ կդառնա: Ցանկացած նմանատիպ կառույց ժառանգություն է, որի ոչնչացման մասին խոսք անգամ չպիտի լինի, միայն պահպանում: Դրա համար էլ Գյումրիում հնարավոր դարձավ փրկել եկեղեցին: Հավատում ենք, որ Ջեֆրիին կհաջողվի փրկել իրենց եկեղեցին:

 

Լենա Գեւորգյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին