«Կաթողիկե Սբ. Աստվածածին». եկեղեցու պատմության անհայտ էջերը - Mediamax.am

exclusive
12826 դիտում

«Կաթողիկե Սբ. Աստվածածին». եկեղեցու պատմության անհայտ էջերը


«Կաթողիկե Սբ. Աստվածածին». եկեղեցու պատմության անհայտ էջերը
«Կաթողիկե Սբ. Աստվածածին». եկեղեցու պատմության անհայտ էջերը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հին եկեղեցու բեկորներից:
Հին եկեղեցու բեկորներից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հին եկեղեցու բեկորներից:
Հին եկեղեցու բեկորներից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

«Կաթողիկե Սբ. Աստվածածին». եկեղեցու պատմության անհայտ էջերը
«Կաթողիկե Սբ. Աստվածածին». եկեղեցու պատմության անհայտ էջերը

Լուսանկարը` Նարեկ Վան Աշուղաթոյանի:

«Կաթողիկե Սբ. Աստվածածին». եկեղեցու պատմության անհայտ էջերը
«Կաթողիկե Սբ. Աստվածածին». եկեղեցու պատմության անհայտ էջերը

Լուսանկարը` Կարո Ղաֆադարյանի «Երեւան. միջնադարյան հուշարձանները» գրքից:

Նարեկ Վան Աշուղաթոյանը:
Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:


Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում գտնվող Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցին Երեւանի կենտրոնի եզակի, եթե ոչ միակ միջնադարյան քրիստոնեական հուշարձանն է: Եկեղեցու պատերին եղած արձանագրություններից ամենահինը թվագրված է 1264թ.-ին:

 

Հետաքրքիր է` ի՞նչ կպատմեր մեզ Կաթողիկեն, եթե խոսել իմանար: Երեւի թե կվկայեր, թե ինչպե՞ս է իրեն հաջողվել դարեր շարունակ կանգուն մնալ եւ հատկապես XX դարում դիմակայել խորհրդային իշխանությունների հակաեկեղեցական քաղաքականությանը:

 

Տարբեր ժամանակաշրջաններում եկեղեցին անվանել են «Կաթողիկե», «Սուրբ Աստվածածին» կամ «Երեւանոյ ժամատեղի» անվանումներով, ինչը ստիպում է ենթադրել, որ փոքրիկ եկեղեցու կողքին եղել են այլ եկեղեցիներ, որոնք պատմական տարբեր իրադարձությունների զոհ են դարձել:

 

Վերջերս Ծիրանի Մշակութային Հանգույցի միջոցառումներից մեկի ժամանակ հետաքրքիր մանրամասներ ներկայացվեցին Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու պատմությունից:  Ծիրանիի նախագահ Նարեկ Վան Աշուղաթոյանը, ով դպրոցական տարիքում դպրություն է արել եկեղեցում, իսկ հետագայում նաեւ վավերագրել է եկեղեցու շուրջ ծավալված շինարարությունը, համաձայնել է Մեդիամաքս-ի ընթերցողներին ներկայացնել եկեղեցու պատմության ոչ հայտնի էջերը:

 

Սուրբ Աստվածածին եւ Կաթողիկե

 

Երիտասարդ սերունդը կդժվարանա հիշել, որ փոքրիկ եկեղեցու կողքին ժամանակին գտնվում էր ԳԱԱ Լեզվի ինստիտուտը, որը 2007թ. քանդվեց: Իսկ թե ի՞նչ շինություն է կանգնած եղել եկեղեցու բակում մինչեւ Լեզվի ինստիտուտը, գիտեն քչերը: 

 

Պատմում է Նարեկ Վան Աշուղաթոյանը.

 

«Բնակվելով եկեղեցու հարեւանությամբ, դպրոցական տարիներիս ամեն կիրակի այցելում էի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցի եւ Սբ. Պատարագի ժամանակ խորանի վրա կամավոր ծառայությամբ օգնում էի եկեղեցու քահանային:

 

Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Լուսանկարը`Մեդիամաքս:

 

Ինձ հետաքրքիր էին եկեղեցու մասին հնարավոր բոլոր տեղեկությունները: Տարբեր պատմական աղբյուրներում հանդիպելով Կաթողիկե եւ Սուրբ Աստվածածին անվանումներին` հասկացա, որ գործ ունենք երկու տարբեր եկեղեցիների հետ: Ժամանակին տարածքում եղել է մեծ եկեղեցի, որը քանդվել է խորհրդային շրջանում, իսկ փոքր եկեղեցին պահպանվել է մինչ օրս: Եկեղեցին ուներ Կաթողիկե անվանումը, իսկ փոքր խորանը`Սբ. Աստվածածին:

 

Մոտ 20մ երկարություն եւ 16մ լայնություն ունեցող եկեղեցին քանդվել էր խորհրդային իշխանությունների օրոք եւ հետաքրքիր էր` ի՞նչ էր եղել եկեղեցու բեկորների հետ: Ենթադրում էի, որ մեծ եկեղեցու բեկորներն օգտագործվել էին Լեզվի ինստիտուտի շենքի կառուցման համար, սակայն դա միայն ենթադրություն էր, քանի դեռ շենքը չէր քանդվել եւ ապացույցներ չունեի:

 

2006թ. լուրեր տարածվեցին, որ Լեզվի ինստիտուտի շենքը պետք է քանդվի եւ դրա փոխարեն կկառուցվի մեծ եկեղեցի եւ կաթողիկոսական նստավայր:  2007թ. անակնկալ ձեւով եկեղեցին պատեցին փայտյա եւ մետաղյա թիթեղներով, եւ ծանր տեխնիկան մտավ տարածք` շենքը քանդելու նպատակով: Ես էլ լուսանկարչական սարքով հայտնվեցի իրադարձությունների կիզակետում, փորձում էի ամեն քար եւ շարժում ֆիքսել:

 

Բնականաբար, ինձ չէր թույլատրվում այնտեղ գտնվել, սակայն շենքի ապամոնտաժումն ինձ համար ավելի շուտ մեծ եկեղեցու բեկորների պեղում էր, իսկ այդ գործընթացի վավերագրումը շատ կարեւոր էր: Որոշ ժամանակ անց կարողացա լավ հարաբերություններ հաստատել շինարարների հետ: Նրանք թույլ տվեցին որոշ լուսանկարներ անել: Լավ հարաբերություններ ունեի բոլոր բանվորների հետ. հարկավոր էր այնպես քանդել շենքը, որ եթե գտնվեին եկեղեցու քարերը, կարողանայինք անվնաս դուրս բերել: Մոտ 7 ամիս գրեթե ամեն օր եղել եմ այդ շենքում եւ լուսանկարել քանդման աշխատանքները:

 

Lուսանկարը` Նարեկ Վան Աշուղաթոյանի:

 

Բանվորներից յուրաքանչյուրն ուներ իմ հեռախոսահամարը եւ եթե ինչ-որ բան գտնվում էր, ինձ տեղյակ էին պահում: Եւ ահա առաջին գտածոն ինստիտուտի տանիքից էր. հիշատակի խաչքար էր, որը բաժանել էին երկու մասի, որպեսզի որպես շինանյութ հեշտությամբ կարողանան օգտագործել: Քանդման ընթացքում դուրս էին բերվում նաեւ եկեղեցու սրբատաշ քարերը, որոնց վրա քանդակներ չկային, բայց եկեղեցու շինարարության մեջ էին օգտագործվել:

 

Գտնվեց մի փոքր բեկոր, որի վրա արձանագրության մի հատված էր, սակայն մյուս հատվածները գտնել մեզ չհաջողվեց: Դուրս բերեցինք նաեւ ամբողջական խաչքարեր:

Որոշները հիշատակի խաչքարերն էին, որոշներն էլ դրված էին եղել եկեղեցու պատին ուխտավորների աղոթքի համար: Արդյունքում երեք տասնյակից ավել բեկորներ կարողացանք առանձնացնել Լեզվի ինստիտուտի քանդման ժամանակ»:

 

Հին եկեղեցու բեկորներից:

Lուսանկարը` Մեդիամաքս:

 

Կաթողիկե մեծ եկեղեցու վերաբերյալ հիշատակում կա Առաքել Դավրիժեցու «Պատմութիւն» աշխատության մեջ, որն առաջին անգամ տպագրվել է 1669թ.-ին.

 

«Մովսես Սյունեցու պարկեշտ վարքի համար խանը նրան պահեց Երեւան քաղաքում` նշանակելով Կաթողիկե եկեղեցում երեք տարի»:

 

Ըստ պատմական աղբյուրների, մեծ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում եւ իր քանդակներով ավելի զուսպ է եղել, քան 13-րդ դարի Սբ. Աստվածածին փոքր եկեղեցին: Մեծ եկեղեցին իր մեջ ներառել է փոքր խորանն այնպես, որ մինչեւ խորհրդային շրջան մարդիկ չեն իմացել, որ այդ հուշարձանի մեջ կա մեկ այլ հուշարձան, որը բոլորովին այլ դարաշրջանի է պատկանում:

 

Lուսանկարը` Կարո Ղաֆադարյանի «Երեւան. միջնադարյան հուշարձանները» գրքից:

 

Խորհրդային իշխանությունների օրոք հաստատված Երեւանի նոր նախագծի համաձայն, եկեղեցին պետք է քանդվեր, որպեսզի տարածքում նոր շենք կառուցվեր: 1936թ. դեկտեմբերին մեկնարկում են եկեղեցու քանդման աշխատանքները: Ըստ ականատեսների վկայությունների, ծանր տեխնիկայով աշխատող բանվորը եկեղեցին քանդելու պահին կաթված է ստանում, ինչից հետո բանվորներից շատերը հրաժարվում են մասնակցել եկեղեցու քանդմանը` կարծելով, որ դա Աստծու պատիժն էր:

 

Ժամանակի գիտնականները չէին կարող պատկերացնել, որ 17-րդ դարի եկեղեցու մեջ թաքնված է 13-րդ դարի եկեղեցի: Հին եւ նոր եկեղեցիներն այնքան միաձուլված էին, որ բոլորը կարծել են, թե դա մեկ ընդհանուր եկեղեցի է: 13-րդ դարի եզակի հուշարձանը հայտնաբերվում է մեծ եկեղեցու քանդման ժամանակ եւ այն հաջողվում է պահպանել միայն մի խումբ մտավորականների ջանքերով` Հրաչյա Աճառյան, Մանուկ Աբեղյան, Հակոբ Մանանդյան եւ այլոք:

 

Երեւանոյ ժամատեղին

 

Պատմական վկայությունների համաձայն, 11-15-րդ դարերի ընթացքում տարածքում եղել են կառուցվածքով իրար կապված, բայց իրարից անկախ եկեղեցիներ։ Այս հանգամանքը հիշատակված է հենց Կաթողիկեի արձանագրություններում. 1301-1318 թվականների արձանագրություններում եկեղեցու նվիրատուները «ժամատեղացս» հոգնակի ձեւն են օգտագործել։

 

1679 թ. Երեւանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ եւ, ըստ տեղեկությունների, փոքր եկեղեցու կողքին գտնվող եկեղեցին ավերվել է: Այդ եկեղեցին կոչվել է Երեւանոյ ժամատեղի: Եկեղեցու արտաքին տեսքի վերաբերյալ տեղեկություններ չկան:

 

1693թ. սկսվել է նոր շինարարություն, որը ներառել է իր մեջ ներկայիս Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցին: 17-րդ դարում կառուցվել է մեծ եկեղեցի, որն իր քանդակներով ավելի զուսպ է եղել, ի տարբերություն 13-րդ դարի եկեղեցու: Հավանաբար, երկրաշարժից հին եկեղեցու պատը եւ պատուհանը քանդված են եղել, քանի որ դրանք արդեն 17-րդ դարի ճարտարապետությանն են բնորոշ:

 

Բեկորների ճակատագիրը

 

Նարեկ Վան Աշուղաթոյանի կարծիքով, մեր ազգը տարօրինակ հակում ունի` «հին կտավը ջնջել եւ դրա վրա նորը նկարել, արդյունքում պատմական արժեքներ կորցնելով»:

 

Հին եկեղեցու բեկորներից:

Lուսանկարը` Մեդիամաքս:

 

«Լավ կլիներ, որ մեր երկրում էլ ամբողջական պատմական միջավայրի օրինակ լիներ. մի բան, որ կբնութագրեր մի ամբողջ ժամանակաշրջան: Մենք անցել ենք խորհրդային շրջանով, եթե փորձենք այդ ժամանակահատվածը նկարագրող ամբողջական միջավայր գտնել, կդժվարանանք»,-ասում է նա:

 

17-րդ դարի մեծ եկեղեցուց ընդամենը մի քանի բեկորներ են պահպանվել, որոնք տասնամյակներ շարունակ Լեզվի կենտրոնի շենքում կաղապարված լինելուց հետո այս պահին դանդաղ ոչնչանում են Կաթողիկեի բակում:

 

Նարեկ Վան Աշուղաթոյանը գտնում է, որ լավագույն լուծումը կառուցվող կաթողիկոսարանում բեկորներին մի փոքր տարածք հատկացնելն ու ցուցադրելն է` ի հիշատակ այն գեղեցիկ կառույցի, որը խորհրդային քաղաքականության զոհ դարձավ:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին