Երեւան: Մեդիամաքս: Դիլիջանի միջազգային դպրոցը հուլիսի 14-ից 28-ը իր ամառային ճամբարում հյուրընկալել էր 30 երեխաների 13 երկրներից, որոնց թվում էին նաեւ հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ:
Ամառային ճամբարի կազմակերպման բոլոր ծախսերը հոգացել էր Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդի եւ Ռուբեն Վարդանյանի RVVZ հիմնադրամը:
Ամառային ճամբարի ընթացքում երեխաները զբաղվել են սոցիալական եւ բնապահպանական խնդիրների ուսումնասիրությամբ, որոնց արդյունքները ներկայացրեցին հուլիսի 27-ին «Դիլիջան Ռեզորթ» հանգստյան համալիրում`
փակման հանդիսավոր երեկոյի ժամանակ, որը կազմակերպել էին ճամբարի մասնակիցները: Մասնավորապես, երեխաները առաջարկներ ներկայացրեցին Դիլիջանի ենթակառուցվածքների բարելավման եւ այն զբոսաշրջիների համար ավելի գրավիչ դարձնելու համար: Երեկոն շարունակվեց բազմամշակութային մթնոլորտում՝ երեխաները ներկայացրին ազգային երգեր, պարեր եւ կատագերգական ելույթներ:
Բացման խոսքում Վերոնիկա Զոնաբենդը շնորհակալություն հայտնեց քաղաքային եւ մարզային իշխանություններին` Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրերին աջակցելու համար: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակներին` շեշտելով, որ միջազգային դպրոցի մեկնարկից հետո «Դիլիջանը բոլորովին այլ տեսք կունենա»:
Դիլիջանի միջազգային դպրոցը հանդիսավոր երեկոյին հրավիրել էր նաեւ հայաստանյան «Այբ» դպրոցի եւ «Քվանթ» վարժարանի սաներին, որոնք նույնպես ներկայացրեցին իրենց ծրագրերն ու նախագծերը:
Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որը նորովի կներկայացնի Հայաստանը աշխարհի կրթօջախների քարտեզի վրա։ Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի եւ բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից:
Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի՝ առնվազն 60 երկրներից: Շնորհալի աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:
Հայաստանցի շնորհալի երեխաները կազմելու են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը: Սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների տոկոսը կկազմի մոտ 30%։
Սպասվում է, որ ս.թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա Միացյալ hամաշխարհային քոլեջների (United World Colleges) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ կտա սաներ համախմբել ավելի քան 100 երկրներից: Միացյալ hամաշխարհային քոլեջների համակարգը ներկայումս ներառում է 12 ուսումնական հաստատություններ ողջ աշխարհում, որոնք ամեն տարի հյուրընկալում են տարբեր ազգության երիտասարդների: Նրանց ընտրությամբ զբաղվում է ազգային հանձնաժողովների ցանցը 140 երկրներում:
Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունն իրականացնում է RD Group ընկերությունների խումբը` Գագիկ Ադիբեկյանի գլխավորությամբ:
Ամառային ճամբարին աջակցել են «Դիլիջան Ռեզորթ» հանգստյան համալիրը` անվճար տարածք տրամադրելով եւ «Դիլիջան Ջուր» ընկերությունը` երեխաներին անվճար ապահովելով ջրով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: