Հունիսի 14-15-ի արշավները. Ռապի լճից Մթնալիճ, վերելք Արագած, Այրիքար ու Արմաղան - Mediamax.am

683 դիտում

Հունիսի 14-15-ի արշավները. Ռապի լճից Մթնալիճ, վերելք Արագած, Այրիքար ու Արմաղան


Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Լուսանկարը` «Խարույկ»

Լուսանկարը` ՝ «Ճանապարհորդ»


Մեդիամաքսն առանձնացրել է հունիսի 14-15-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:

 

Հունիսի 14 (շաբաթ)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Արագած (Հարավային գագաթ)

 

Շաբաթ օրն ակումբը հրավիրում է վերելք կատարել Արագածի Հարավային գագաթ (3887 մ)՝ այս տարի առաջին անգամ: Քայլքը սկսվելու է Քարի լճից՝ 3200 մ բարձրությունից:

Լուսանկարը` ArmGeo

Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

North Peak լեռնային ակումբ. Վերելք Արագած (Արեւելյան գագաթ)

 

Հունիսի 14-ին North Peak լեռնային ակումբը հրավիրում է փորձառու լեռնասերներին վերելք կատարել Արագածի արեւելյան գագաթ (3908 մ): Այն բարձրությամբ երրորդն է եւ Արագածի գագաթներից ամենաքիչ այցելվողն ու ամենաբարդը: Վերելքը սկսելու է գագաթի ստորոտից, որտեղ հասնելու եք ամենագնաց միկրոավտոբուսով կամ բեռնատարով Արագած գյուղից: Վայրէջքը լինելու է նույն երթուղով, այսինքն՝ հյուսիս-արեւելյան թամբ եւ խառնարան չեք իջնելու: Այս շրջանում լեռան վրա առկա է որոշակի ձնածածկույթ: Մասնակցության համար պարտադիր է ունենալ լեռնային փորձ եւ լավ ֆիզիկական մարզավիճակ, ինչպես նաեւ՝ համապատասխան գույք եւ հանդերձանք: Երթուղու երկարությունը մոտ 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1300 մ:

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Շշնջացող եւ Թաքնված ջրվեժներ

 

Հունիսի 14-ին ակումբը մեկնում է բացահայտելու Դիլիջան ազգային պարկի 2 ջրվեժները։ Դրանցից առաջինը անտառի խորը անկյունում քողարկված Շշնջացող ջրվեժն է: Դրա մոտ դադարից հետո կուղեւորվեք Հաղարծին, որտեղից էլ կսկսվի երկրորդ արշավը դեպի Թաքնված ջրվեժ: Արշավի վերջում կայցելեք Հաղարծին վանական համալիր եւ կհամտեսեք տեղի համովագույն գաթան։ Երթուղու երկարությունը 7 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ: 

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

ԱՐԻ Խոխա. 3-6տ. խոխա արշավ Մեղրաձորի ջրվեժ

 

Շաբաթ օրն ակումբը 3-6 տարեկան երեխաների եւ ծնողների հետ մեկնում է Կոտայքի մարզ՝ բացահայտելու Մեղրաձորի գեղեցկությունը: Երթուղին կսկսվի համանուն գյուղից: Թեեւ ջրվեժի ջուրը բավականին սառն է, ցանկության դեպքում կարող եք մի քիչ զովանալ (ձեզ հետ ունեցեք սրբիչ եւ լողազգեստ): Երթուղու երկարությունը 6 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

Համշեն Տուր. Վերելք Այրիքար լեռ

 

Հունիսի 14-ին սպասվում է գեղեցիկ, Դիլիջանյան գույներով արշավ: Համշեն Տուրը հրավիրում է վերելք կատարել Այրիքար լեռան արեւելյան գագաթ (2767 մ): Արշավի ընթացքում սպասվում են գեղեցիկ տեսարաններ, այդ թվում՝ տպավորիչ ժայռերի: Մասնակցելու համար արշավական հանդերձանքն ու կոշիկները պարտադիր են: Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 17 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 900 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հունիսի 15 (կիրակի)

 

That Trail արշավական ակումբ. Արշավ Ռապից Մթնալիճ

 

Կիրակի օրն ակումբն ուղեւորվում է Արագած՝ քայլելու Ռապի լճից (3000 մ) դեպի Մթնալիճ (3445 մ)։ Արշավը սկսվելու է Ռապի լճից, իսկ մինչեւ արահետի սկիզբ հասնելու եք ամենագնացներով՝ Գեղաձոր գյուղից։ Երթուղու երկարությունը 7 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Գեղարոտի ջրվեժ

 

Կիրակի օրն ակումբն իրականացնելու է արշավ Գեղարոտի ջրվեժ: Այն Արագած գյուղից 12 կմ դեպի արեւմուտք է: Ջրվեժն առաջացել է Քասախ գետի Գեղարոտ վտակի վրա՝ ծովի մակերեւույթից 3000 մ բարձրության վրա: Ջրվեժի սառնորակ ջրերը գալիս են Արագած լեռան խառնարանից եւ գահավիժում 25 մ բարձրությունից:

Լուսանկարը` ArmGeo

Գեղարոտի ջրվեժն ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում: Երթուղու երկարությունը 23 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

ArmLand արշավական ակումբ. Վերելք Միափոր լեռ 

 

Հունիսի 15-ին ակումբն ուղեւորվում է Գեղարքունիքի մարզ՝ վերելք կատարելու Միափոր լեռ (2993 մ): Միափորը համանուն լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է: Այն Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի սահմանին է՝ գեղատեսիլ եւ քիչ ուսումնասիրված մի վայրում։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բացահայտել Հայաստանի լեռնաշխարհի գեղեցիկ ու թաքնված անկյունները կարող են միանալ արշավին: Երթուղու երկարությունը 10-12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1100 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Արտանիշ լեռ

 

Հունիսի 15-ին ակումբը մեկնելու է Գեղարքունիքի մարզ՝ վերելք կատարելու Սեւանա լճի հյուսիսային ափին գտնվող Արտանիշ լեռ (2461 մ): Գագաթից անվերջ կարելի է հիանալ կապուտակ գեղեցկուհու 50 երանգներով եւ Գեղամա լեռնաշղթայի հրաբուխներով։ 

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Ի դեպ, այս լեռան գագաթը միակ կետն է, որտեղից կարող եք տեսնել Մեծ ու Փոքր Սեւաններն իրենց ողջ հմայքով: Հունիսին լեռան լանջերը ծաղկաշատ են: Երթուղու երկարությունը 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 530 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:

 

ԱՐԻ Խոխա. 6-14տ. արշավ Եղնասար եւ Կակաչ լիճ

 

Կիրակի օրը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ ակումբը մեկնում է Գեղարքունիքի մարզ: Այս անգամ նպատակը Արեգունի լեռնաշղթայի գագաթներից մեկն է՝ Եղնասարը (2599 մ): 

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Երթուղու ընթացքում կտեսնեք նաեւ սարերում թաքնված Կակաչ լիճը: Արշավի ավարտին նախատեսված է դադար Սեւանի ափին: Երթուղու երկարությունը 11 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

Գիտարշավ ակումբ. Քայլարշավ դեպի Ճոճկանի նահատակ վանք եւ Ախթալայի վանք ու բերդ

 

Հունիսի 15-ին ակումբը քայլարշավ կիրականացնի Լոռու մարզում՝ դեպի Նահատակ վանք եւ Ախթալայի վանք ու բերդ: Արշավը կսկսվի Մեծ Այրում գյուղից եւ կանցնի գեղեցիկ անտառային արահետով: Ավանդության համաձայն՝ 5-րդ դարում Ջոջիկ իշխանը հենց Նահատակ վանքի տեղում է ամփոփել Վարդան Մամիկոնյանի դուստր սուրբ Շուշանիկի մասունքներն ու կառուցել եկեղեցի։ 17-րդ դարում սուրբ Շուշանիկի մասունքները տեղափոխվել են Թբիլիսի, որտեղ դրանց վրա կառուցվել է Շուշանիկ-Վարդենի եկեղեցին: Ախթալայի բերդը կառուցվել է 10-րդ դարում՝ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորների կողմից: Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 8 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Դիմաց լեռ եւ Թաքնված ջրվեժ

 

Հունիսի 15-ին ակումբն իրականացնելու է վերելք Դիմաց լեռ (2360 մ) եւ արշավ Թաքնված ջրվեժ։ Արշավը սկսվելու է Հաղարծին վանական համալիրից եւ անցնելու է անտառային գեղեցիկ արահետով։ 

Լուսանկարը` «Խարույկ»

Երթուղու ընդհանուր երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ։

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

«Ճանապարհորդ» արշավախումբ. Երեք բազեների արահետ

 

Կիրակի օրն ակումբը մեկնում է Տավուշի մարզ՝ քայլելու Իջեւանի ժայռոտ լեռների լանջերով: Ճանապարհն անցնելու է Ապակեքար լեռան գեղեցիկ ստորոտով՝ հասցնելով մինչեւ լեռան բարձունքը (1685 մ): 

Լուսանկարը` ՝ «Ճանապարհորդ»

Այստեղից բացվում են հիասքանչ տեսարաններ: Այնուհետեւ քայլարշավը կշարունակվի «Երեք բազեների արահետ» կոչվող հնագույն կածանով, որը գոյություն ունի հարյուրավոր տարիներ: Արշավը կավարտվի Հաղարծին գյուղում: Երթուղու երկարությունը 13,5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հատիս Տուր. Վերելք Արմաղան 

 

Հունիսի 15-ին Հատիս Տուրն ուղեւորվում է Գեղարքունիքի մարզ՝ վերելք կատարելու Արմաղան լեռ (2829 մ): Գագաթին կա գմբեթավոր եկեղեցի եւ 50 մ տրամագծով ու 1,5 մ խորությամբ փոքր լիճ, որը շրջապատված է ալպիական բուսածածկով։ Վերադարձին նախատեսված է այց Հայրավանք (9-րդ դար) եւ կանգառ Սեւանի ափին:

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին