Երևանում բացվել է Հայ-իտալական ինստիտուտ - Mediamax.am

845 դիտում

Երևանում բացվել է Հայ-իտալական ինստիտուտ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Եվրասիա միջազգային համալսարանը (Հայաստան), Տուշիայի համալսարանը (Իտալիա) եւ Պերուջայի օտարերկրացիների համալսարանը (Իտալիա) Երևանում ազդարարել են Հայ-իտալական ինստիտուտի մեկնարկը։

Այն Եվրասիա միջազգային համալսարանի ստորաբաժանումներից է, կգործի որպես առանձին միավոր, իսկ կառավարման խորհրդում կընդգրկվեն երեք հիմնադիր բուհերի ներկայացուցիչներ:

 

Հայ-իտալական ինստիտուտը իրականացնելու է Իտալիայի համալսարանների հետ համատեղ կրկնակի դիպլոմի ծրագրեր, նպատակային հետազոտական նախագծեր, սովորողների և դասախոսների փոխանակման ծրագրեր, համալսարանի ուսանողների և հանրության լայն շրջանակների համար իտալերեն լեզվի դասավանդման դասընթացներ, հայ-իտալական համագործակցության և Հայաստան-ԵՄ ինտեգրման խթանմանը միտված տարբեր ծրագրեր, մշակութային երկխոսության և բիզնես փոխգործակցության զարգացման նախագծեր և այլն։

 

«Մինչ այժմ մեր առանձին ստորաբաժանումներ բնականոն համագործակցություն են զարգացրել Իտալիայի բուհերի հետ, և այդ շարքում կցանկանայի հատուկ շեշտադրել Տուշիայի համալսարանի հետ մեր ավելի քան 10-ամյա արդյունավետ աշխատանքը։ Առաջիկայում մենք մեր ուսանողներին և հանրությանը կառաջարկենք իտալերեն լեզվի դասընթացներ։ Միաժամանակ հայ-իտալական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով կձեռնարկվեն կրթագիտական տարբեր նախագծեր», - ասել է «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին