Երեւանում կկայանա Տարկովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը - Mediamax.am

3128 դիտում

Երեւանում կկայանա Տարկովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը


Լուսանկարը` https://vatnikstan.ru/


Երեւան։ Մեդիամաքս։ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնը՝ Շվեդական կինոինստիտուտի եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ Երեւանում կազմակերպում է Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Կցուցադրվի ռեժիսորի ռեստավրացիայի ենթարկված 6 ֆիլմ ՝ «Իվանի մանկությունը», «Անդրեյ Ռուբլյով», «Սոլարիս», «Հայելի», «Ստալկեր» եւ «Զոհաբերություն»:

 

Բոլոր ցուցադրությունները կանցկացվեն Կինոյի տանը՝ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճում։ Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո տեղի կունենա ֆիլմի քննարկում եւ կինոքննադատ Մաքսիմ Սելեզնյովի հետ համատեղ վերլուծություն։

 

Ֆիլմերի ցուցադրության ժամանակացույցը եւ տոմսերը հասանելի են https://tarkovsky.am/arm կայքում:

 

Իվանի մանկությունը

 

12-ամյա Իվանի մանկությունն ավարտվեց այն օրը, երբ նրա աչքի առաջ ֆաշիստները գնդակահարեցին իր մորը եւ քրոջը։ Տղայի հայրը զոհվում է ռազմաճակատում։ Որբ մնալով՝ Իվանը մեկնում է զորամաս եւ դառնում անորսալի հետախույզ։ Իր կյանքը վտանգի տակ դնելով՝ հրամանատարության համար հայթայթում է անգին տեղեկություններ թշնամու մասին։ Բայց պատերազմը մնում է պատերազմ…

 

Անդրեյ Ռուբլյով

 

Ռուսաստան, 15-րդ դարի սկիզբ։ Երկիրը իշխանական երկպառակտությունների մեջ է։ Թաթարների արշավանքները, սովն ու ժանտախտը հետապնդում են ժողովրդին։... Այս ողբերգական դարաշրջանում Ռուսաստանում հայտնվում է մեծ գեղանկարիչ։ Նրա մասին տեղեկությունները սուղ են եւ կցկտուր։ Հանճարեղ վարպետի ստեղծագործություններից միայն մի քանիսն են հասել մեզ։ Ֆիլմի հեղինակները ձգտում էին վերստեղծել Անդրեյ Ռուբլյովի հոգեւոր աշխարհը։

 

Սոլարիս

 

Սոլարիս մոլորակը ուսումնասիրող տիեզերական կայան է ժամանում հոգեբան, գիտնական Քրիս Քելվինը: Նրա խնդիրն է հասկանալ կայարանից եկող տարօրինակ հաղորդագրությունները: Սկզբում նրան թվում է, թե կայանի գիտնականները խելագարվել են, բայց հետո ինքն էլ է դառնում պատրանքի զոհ. Նրա մոտ է հայտնվում նախկինում ինքնասպան եղած իր կինը՝ Խարին։

    

Հայելի

 

Ֆիլմի հերոսը ցավալիորեն վախենում է կորցնել հարազատների՝ մոր, սիրելի կնոջ եւ որդու սերն ու ըմբռնումը։ ԵՎ զգում է, որ կյանքն օրեցօր նրանց ավելի է հեռացնում միմյանցից: Փորձելով փրկել ընտանիքը՝ նա հիշողությամբ դիմում է սեփական մանկության ամենաուժեղ տպավորություններին՝ ջանալով այդ մանկական աշխարհընկալման մեջ աջակցություն եւ արդարացում գտնել իր ներկայիս ապրումների համար։

 

Ստալկեր

 

Մի արգելված Գոտում, ըստ լուրերի, կա մի սենյակ, որտեղ կատարվում են ամենանվիրական ցանկությունները: Դեպի այդ սենյակ են ուղեւորվում մի ճանաչված Գրող ու մի հեղինակավոր Պրոֆեսոր՝ յուրաքանչյուրն իր պատճառներով, որոնց մասին նախընտրում են չխոսել։ Իսկ այնտեղ նրանց տանում է Ստալկերը՝ Գոտու ուղեկցորդը, որը կամ աստծու խենթն է, կամ էլ նոր հավատքի առաքյալը։ Անդրեյ Տարկովսկու փիլիսոփայական գլուխգործոցը:

 

Զոհաբերություն

 

Ի՞նչ է պետք զոհաբերել, որպեսզի աշխարհը փրկել մոտեցող աղետից: Ձեր ունեցվա՞ծքը, ձեր ապրելակե՞րպը, իսկ միգուցե ձեր կյա՞նքը: Ի՞նչ կդնի ֆիլմի հերոսը Ամենակարող Արարչի զոհասեղանին, եթե, իհարկե, վերջինս գոյություն ունի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին