Հավաքագրվում են տվյալները Թուրքիայում երկրաշարժից տուժած հայերի մասին - Mediamax.am

1272 դիտում

Հավաքագրվում են տվյալները Թուրքիայում երկրաշարժից տուժած հայերի մասին


Լուսանկարը` nbcnews.com


Երեւան։ Մեդիամաքս։ Պոլսահայ լրատվամիջոցները եւ Պոլսո Հայոց պատրիարքարանը շարունակում են տվյալներ հավաքագրել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժած հայերի մասին:

Ըստ Ստամբուլում գործող հայկական Luys TV-ի՝ հայ համայնքի շրջանում զոհեր են արձանագրվել Մալաթիա եւ Իսկանդերուն քաղաքներում, բազմաթիվ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ:

 

«Մալաթիատեր» հայրենակցական միության նախագահ Կարապետ Օրյունոզը հայտնել է, որ Մալաթիայի Երեք խորան հայկական եկեղեցին երկրաշարժից վնասներ չի կրել, չի տուժել նաեւ հայկական գերեզմանատունը: Այժմ Մալաթիայի հայ քրիստոնյա համայնքից 59 մարդ է տեղում գտնվում, որոնք անվտանգության նկատառումներից ելնելով դեռ տուն գնալ չեն կարող:

 

Օրյունոզը նշել է, որ համայնքն ունի երեք զոհ, երեքն էլ նույն ընտանիքից են:

 

«Մահացողներից երկուսը Սաբի Թաբաշն ու Այդա Թաբաշն են, 22-ամյա Ալեքս Թաբաշը փլատակներից դուրս էր բերվել, սակայն հիվանդանոցում վիրահատության ենթարկվելուց հետո մահացել: Նույն ընտանիքից փլատակների տակից դուրս է բերվել Սեւան Թաբաշը, որն այժմ հիվանդանոցում է, վիճակը բավարար է», - Կարապետ Օրյունոզի խոսքերն է մեջբերում Luys TV-ն: Համայնքի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Մալաթիայի հայերից Էլմաս Քարաթաշը շարունակում է գտնվել փլատակների տակ: Վերջինս առաջին երկրաշարժի ժամանակ ողջ է մնացել, սակայն ցերեկը, չնայած զգուշացումներին, մտել է տուն, երբ տեղի է ունեցել երկրորդ ուժգին երկրաշարժը:  

 

Իսկանդերունում (Ալեքսանդրետ) տեղի համայնքի ղեկավար անդամներից Յուսուֆ Թաբաշը նույն լրատվամիջոցին հայտնել է, որ հայ առաքելական համայնքից երկու մարդ դեռ փլատակների տակ է, մեկ անձի գտնվելու վայրը մնում է անհայտ: Նրա խոսքով՝ փլատակների տակ կան կաթոլիկ համայնքի բազմաթիվ անդամներ, այդ թվում՝ հայեր:

 

Luys TV-ի հավաքագրած տվյալների համաձայն՝ Անթաքյայում եւ Հաթայում փլատակների տակ են հայ համայնքի առնվազն 13 անդամներ: Այսօր առավոտյան հայտնի է դարձել հայազգի քույրեր Փոլյանա եւ Ռենիտա Հորոզների՝ փլատակների տակից ողջ դուրս բերման մասին:

 

Ըստ լրատվամիջոցի ունեցած տվյալների՝ Ադըյամանի հայ համայնքից անհայտ կորած է համարվում Յոհաննա Կարոլինա Քափը:

 

Մեդիամաքսի տվյալների համաձայն՝ փլատակների տակ է շարունակում մնալ Դիարբեքիրից հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը, երկրաշարժից զոհվել է նաեւ ծնունդով Ադըյամանից Դիարբեքիրի բնակիչ հայազգի Սամուել Իլհանը: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին կանգուն է:

 

Մուսալեռի հայաբնակ Վագըֆի գյուղապետ Պերճ Քարթունը նաեւ տեղեկացրել է, որ գյուղը զոհեր չունի, համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին էական վնաս չի կրել, սակայն գյուղում կան վնասված տներ:

 

Պոլսո Հայոց պատրիարքարանը դրամահավաք է հայտարարել երկրաշարժից տուժած հայրենակիցներին օգնելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին