«Սերունդ» հիմնադրամը՝ հանուն վաղվա անվտանգ Արցախի եւ Հայաստանի - Mediamax.am

exclusive
1492 դիտում

«Սերունդ» հիմնադրամը՝ հանուն վաղվա անվտանգ Արցախի եւ Հայաստանի


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Թեւան Պողոսյանը
Թեւան Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Թեւան Պողոսյանը
Թեւան Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` hushardzan.org

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Թեւան Պողոսյանը
Թեւան Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թեւան Պողոսյանի ընտանիքը
Թեւան Պողոսյանի ընտանիքը

Լուսանկարը` անձնական արխիվ


«Սերունդ» հիմնադրամի գաղափարին ծանոթանալուց հետո որոշեցի ինքս էլ միանալ ամենամսյա նվիրատուների շարքին՝ շատ համեստ ներդրումով, իսկ օրեր անց նման նամակ ստացա. «Շնորհիվ ամենամսյա նվիրաբերողների համայնքի մեծացման Շուշիի շրջանի Հին շեն գյուղը եւս ներառվում է «Սերունդ» հիմնադրամի շահառու համայնք»: Այս նամակը հաստատելու եկավ օրեր առաջ տեղի ունեցած իմ եւ հիմնադրամի աշխատանքների համակարգող Թեւան Պողոսյանի զրույցը, որում նա շեշտում էր. «Քո այսօրվա ներդրումով համայնքը կշարունակի մեծանալ, եւ գուցե շուտով քո որդիները եւս դառնան հիմնադրամի շահառու, ուստի կիսվիր այսօր եւ վաղը կկիսվեն քեզ հետ»:

 

Համայնք առ համայնք՝ դեպի Երեւան

 

«Սերունդ» ծնելիության խթանման համահայկական հիմնադրամը ստեղծել են երիտասարդ գործարարներ Արմեն Մանուկյանը եւ Գրիգոր Աբրահամյանն 2020 թվականի պատերազմից հետո: Հիմնադրամի նպատակն է Արցախի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում նպաստել ծնելիության բարձրացմանը եւ հայ ընտանիքի բազմազավակ մոդելի ձեւավորմանը:

 

«Սերունդ» հիմնադրամի սոցիալական աջակցության մեկնարկն արդեն իսկ տրված է Արցախի Չարեքտար եւ Եղցահող համայնքներում (այժմ նաեւ Հին շեն), որտեղ այսուհետ ծնված բոլոր երեխաները դառնում են հիմնադրամի շահառու՝ ստանալով ամսական 50 000 դրամ մինչեւ երեխայի 16 տարեկանը: Այս պահին հիմնադրամն ունի մեկ շահառու, սակայն առաջիկա ամիսներին համալրումներ են սպասվում:

Թեւան Պողոսյանը Թեւան Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ի սկզբանե ընտրել էինք այս երկու գյուղերը, որովհետեւ դրանք ներուժ ունեն, յուրաքանչյուրում առնվազն 5 երեխայի ենք սպասում: Երբ որ կարողանանք հիմնադրամի նվիրատուների թիվն այնքան մեծացնել, որ պոտենցիալ շահառուների անհրաժեշտ միջոցներն ապահովենք, միանգամից կանցնենք այլ համայնքների: Արցախի բոլոր համայնքները ծածկելուց հետո կանցնենք Սյունիքի գյուղերին, եւ այդպես գյուղ առ գյուղ կհասնենք նաեւ Երեւան»,- ասում է Թեւան Պողոսյանը:

 

Նրա խոսքով՝ կարեւոր է ոչ թե նվիրաբերման չափն է, այլ այն, որ անձը պատրաստ է դա անել ամեն ամիս իր ամբողջ կյանքի ընթացքում:

 

«Պետք չէ մեծ գումար նվիրաբերել, կարելի է այնպիսի չափով նվիրատվություն կատարել, որ անհատը իր ֆինանսական հաշիվներում չի էլ նկատի: Հետզհետե համայնքը մեծանալու է, հիմնադրամի ֆինանսական միջոցները՝ եւս, ուստի հնարավոր է, որ շահառու համայնքների թիվն այնքան աճի, որ օրինակ, իմ թոռնիկը դառնա ծրագրի շահառու նաեւ նրա շնորհիվ, որ ես ժամանակին որոշում եմ ընդունել չնչին գումար նվիրաբերել»,- հավելում է նա:  

 

Հոգատարություն եւ վստահություն

 

«Սերունդ»-ը կարեւորում է նաեւ նվիրատու համայնքի շրջանում վստահության ամրապնդումը, ուստի հիմնադրամի կայքում կարելի է տեսնել, թե որքան միջոցներ են մուտք գործել եւ որքանն է փոխանցվել շահառուներին: Վարչական բոլոր ծախսերը հիմնադիրներն իրենց վրա են վերցրել, ուստի նվիրատուների փոխանցած միջոցներն ուղղակիորեն կհասնեն նոր ծնված փոքրիկներին:

 

«Գումարի չափը թեեւ մեծ չէ, սակայն ինչ-որ բանի համար հաստատ կարող է օգտակար լինել: Սա պարզապես մեր ուշադրության եւ հոգատարության դրսեւորումն է, որն այս պարագայում առավել կարեւոր է: Նաեւ կապ է ձեւավորվում նվիրատու համայնքի ու շահառուների միջեւ, որը նպաստում է վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Եթե ընտանիքը չունի այդ գումարի կարիքը, կարող է աջակցությունը ստանալուց հետո նորից նվիրաբերել հիմնադրամին՝ մեկ այլ երեխայի համար»,- ասում է Թեւան Պողոսյանը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Նրա խոսքով՝ հիմնադրամը փորձում է լուծել նաեւ համայնքների ամրապնդման խնդիրը: Այդ իսկ պատճառով հիմնադրամի շահառու դառնում են միայն այն երեխաները, որոնց ընտանիքը փաստացի բնակվում է շահառու համայնքում:

 

Արժեքային հենքով հետազոտության անհրաժեշտությունը

 

Հիմնադրամի գաղափարը չի սահմանափակվում զուտ դրամական աջակցության տրամադրմամբ: Թեւան Պողոսյանի խոսքով՝ նպատակ ունեն նաեւ իրականացնելու հետազոտական, կրթական եւ իրազեկման միջոցառումներ, որոնց համար անհրաժեշտ է ճիշտ ուղերձներ մշակել՝ հիմնված արժեքային դաշտի հենքով խորքային ուսումնասիրության վրա:

 

«Այսօր ցանկացած տեսակի քաղաքականության մշակման համար նման հետազոտություն է անհրաժեշտ: Երբ երիտասարդների հետ խոսում ես, մեծ մասն ասում է, որ 3-4 երեխա են ուզում ունենալ, բայց հիմնականում 2-ն են ունենում: Սա նշանակում է, որ ցանկության հարց չէ, եւ կան այլ գործոններ, որոնք պետք է ուսումնասիրել: Բավարար չէ ասել, որ սոցիալական է խնդիրը: Գուցե մի ծնող ուզում է, որ իր երեխան մեկանգամյա օգտագործման սպասքից օգտվի, բայց մյուս ընտանիքում էլ մեկ բաժակը ավագ քրոջից փոխանցվել է եղբորը, նրանից՝ մյուս քրոջը, նրանից էլ՝ մյուս եղբորը, եւ իրենք ասում են, որ բոլորն այդ նույն բաժակով են մեծացել ու այն իրենց համար արժեք է դարձել: Գուցե պարզունակ օրինակ է, բայց կարեւոր է անգամ սոցիալական խնդիրները արժեքային հիմքով դիտարկելը»,-պարզաբանում է Թեւան Պողոսյանը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Նրա խոսքով՝ հանրային կարծիքի ուսումնասիրությամբ պետք է պարզել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հասարակության ընկալումը արժեքների, կրոնի, ընտանիքի, կրթության ինստիտուտների եւ անվտանգային բաղադրիչների վերաբերյալ՝ վեր հանելով տարբեր գաղափարախոսությունների վերաբերյալ ընկալումները եւ դրանք պայմանավորող գործոնները։

Թեւան Պողոսյանի ընտանիքը Թեւան Պողոսյանի ընտանիքը

Լուսանկարը` անձնական արխիվ

«Հանրության շրջանում արեւմտյան ներազդեցություններ կան, օրինակ, որ կանայք ասում են՝ սա իմ մարմինն է, ես կորոշեմ, բայց ո՞վ ասաց, որ որեւէ մեկը ստիպում է: Նման քննարկումներից պետք է կարողանանք դուրս գալ: Ես գիտեմ ինձ ու կնոջս դրդող պատճառները, թե ինչու ենք 5 երեխա ունեցել, ինչու ենք ավելի շատ երեխաներ ցանկացել, բայց այսպես է ստացվել, սակայն պետք է հասկանալ հանրության շրջանում առկա ընդհանուր դրդապատճառները: Գուցե 1-2-ն էլ պետությունից նպաստի ակնկալիք են ունեցել, բայց պետք չէ դա ընդհանրացնել բոլորի վրա ու դարձնել մատի փաթաթան: Մեզ լուրջ հետազոտություն է պետք, որպեսզի կարողանանք ճիշտ ուղերձներ մշակել՝ բազմազավակության գաղափարը համընդհանուր դարձնելու համար»,- ասում է Թեւան Պողոսյանը:

Թեւան Պողոսյանը Թեւան Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս պահին նման հետազոտության իրականացման համար հիմնադրամը բավարար ֆինանսական միջոցներ չունի: Եթե կլինեն կազմակերպություններ, որոնք եւս կցանկանան մաս կազմել այս աշխատանքին, հիմնադրամը բաց է առաջարկությունների համար:

 

Այսօրվա ջանքը՝ հանուն վաղվա սերնդի

 

Թեւան Պողոսյանը կարեւորում է նաեւ հայկական ընտանիքների նոր մոդելի ձեւավորումը՝ սկսած դասագրքերում բազմազավակ ընտանիքների պատկերներ ներդնելուց:

 

«Առհասարակ պետք է հրաժարվենք հայր, մայր եւ մեկ երեխա կազմով ընտանիքների պատկերներից՝ սկսած դասագրքերի նկարներից: Երեխան պետք է տեսնի մեծ ընտանիքի պատկեր՝ մայրիկ, հայրիկ, չորս ու ավելի երեխա, ինչու ոչ, նաեւ տատիկ, պապիկ, եւ հետո կգա իր ծնողներին կհարցնի՝ ինչու՞ եմ ես մենակ»,- ասում է նա:

Լուսանկարը` hushardzan.org

Քաղաքագետի խոսքով՝ քաղաքական որոշում կայացնողները առաջնորդվում են նրանով, ինչ տեսնում են հողի վրա, եւ եթե ունենայինք, օրինակ, 7 մլն բնակչությամբ Հայաստան, թշնամիները եւս գործելուց առաջ երկու անգամ կմտածեին:

 

«Գուցե այլ երկրի պայմաններում ծնելիության խթանումը զուտ տնտեսական հարց լիներ, սակայն մենք պատերազմի մեջ ենք, իսկ պատերազմական երկրում հողի վրա շատ մարդ կարող ենք ունենալ միայն ազգային նպատակի համար: Հիմա մենք ուզու՞մ ենք հայրենիք ունենալ: Այս հարցի պատասխանը պետք է տանք ու նպատակային սահմանենք, որ այո, ես պատրաստ եմ չարչարվել, նեղության մեջ մնալ հանուն դրա: Այս համատեքստում շատ սիրում եմ Ճապոնիայի օրինակը բերել: Ատոմային ռմբակոծությունից հետո Ճապոնիայի կայսրը, դիմելով ժողովրդին, ասաց՝ ինքը հասկանում է, իրավիճակը վատ է եւ լուծում էլ չունի նրանց համար, սակայն միակ բանը, որ գիտի, այն է՝ միասին պետք է երկար աշխատեն եւ, մի գուցե, իրենց թոռները նորմալ երկրում ապրելու հնարավորություն կունենան: Ընդամենը 50 տարվա ընթացքում՝ 2 սերունդ անց, նրանք հասան նման արդյունքի: Բայց ի՞նչն էր հիմքում՝ միասին երկար քրտնաջան աշխատելու գաղափարը հանուն ապագա սերնդի: Ի դեպ, չինական տնտեսական մոդելի հիմքում եւս նույն գաղափարն է:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Հիմա մենք պատրա՞ստ ենք դրան: Ես ասում եմ, որ սիրում եմ իմ երեխային, ու ինձ համար իրական սերն արտահայտվում է երեխայիս անվտանգության ապահովմամբ, ոչ թե այս կամ այն բանը գնելով: Երեխայիս անվտանգությունը կարող է ապահովել պինդ ու հզոր Հայաստանը, որի համար շատ բնակչություն է պետք»,- ամփոփում է Թեւան Պողոսյանը:

 

«Սերունդ» հիմնադրամի նվիրատու կարող եք դառնալ այստեղ

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին