Մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» - Mediamax.am

2009 դիտում

Մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի եւ Եվրամիության ներկայացուցիչներն այսօր Երեւանում հայտարարել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկի մասին։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։

 

«Եվրոպական միությունը հանձնառություն է ստանձնել Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքի միջոցով նպաստել առավել կարիքի մեջ գտնվող մարզերի զարգացմանը», - ասել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

 

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է.

 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանն ու ԵՄ անդամ պետություններին Հայաստանի համար մարտահրավերներով լի այս բարդ շրջանում հատկապես Սյունիքում իրականացվող բոլոր ծրագրերի և ներդրված ջանքերի համար: Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում:  Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին»:

 

 

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն եվրո: Այն կարող է հետագայում ավելանալ, քանի որ նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է և բաց է ԵՄ անդամ պետությունների համար՝ միանալու և իրականացնելու Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ, հայտնել են Եվրոպական միության պատվիրակությունից:

 

Մեկնարկի միջոցառման ավարտին ստորագրվել են նախաձեռնության շրջանակում իրականացվելիք երկու ծրագրերի պայմանագրեր։

 

«Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրական զարգացման համագործակցության կողմից։ 11 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է  Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։ 60 ամիս տևողությամբ ծրագրի իրականացումը կմեկնարկի 2023թ. հունվարին։

 

«Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում, «Մարդը կարիքի մեջ», «Կարիտաս Հայաստան» և «Վիննեթ Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից։ 1.6 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքային իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության միջոցով Սյունիքի մարզում կայուն ֆինանսավորման մոդելներ կիրառող համայնքահեն սոցիալական ծառայությունների ներդրմանը։ 36 ամիս տևողությամբ ծրագրի իրականացումը կմեկնարկի 2023 թ. փետրվարին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին