«Դեպի վեր» ֆենթզիի ժողովածու. առասպելական անցյալից՝ աներեւույթ ապագա - Mediamax.am

exclusive
1526 դիտում

«Դեպի վեր» ֆենթզիի ժողովածու. առասպելական անցյալից՝ աներեւույթ ապագա


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Առասպելական անցյալից մինչեւ աներեւույթ ապագա, պոստապոկալիպտիկ Սեւանից մինչեւ բակեմոնոներով ճապոնական անտառներ. «Դեպի Վեր» ընդհանուր խորագրի ներքո հրատարակվել է Հայ ֆանտաստ գրողների պատմվածքների առաջին ժողովածուն: Հունվարի 17-ին «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում Մեդիամաքսը «Արմկոն»-ի կազմակերպիչների եւ գրքի հեղինակների հետ զրուցել է ժողովածուի նախապատմության ու այսօրվա իրականությունում «դեպի վեր» ուղղորդվելու հրամայականի մասին:

 

Ժողովածուի նախապատմությունը

 

2021 թվականի մայիսին «Արմկոն»-ի թիմը հայտարարել էր ֆենթզի եւ գիտաֆանտաստիկա ժանրերում 3-րդ գրական մրցույթի անցկացման մասին, որը կրում էր «Դեպի վեր» խորագիրը: Մրցույթի արդյունքով ընտրվել էին 9 հաղթող ստեղծագործություններ, որոնք «Բուկինիստ» հրատարակչության աջակցությամբ ամբողջացնել են մեկ ժողովածուում:

 

Գրական մրցույթի պատմությունը սկսվում է դեռեւս 2007 թվականից, երբ Ֆրունզ Հարությունյանն ու Ստեփան Սմբատյանը պատահաբար հանդիպում են արցախյան արմատներ ունեցող, աշխարհահռչակ ռուս գրող Նիկ Պերումովի գրական ֆորումում,  որտեղ գրական մրցույթները լավ ավանդույթ էին։ Փորձում են տեղայնացնել այդ փորձն ու ստեղծում են «Արմկոնը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին մրցույթը տեղի է ունենում 2008 թվականին, երկրորդը՝ 2013-ին, իսկ 2021-ին նոր մրցույթ անցկացնելու միտքը «Արմկոն»-ի հիմնադիրներին տալիս է նախորդ մրցույթների մասնակիցներից մեկը:

 

Փախուստ իրականությունի՞ց, թե՞ բանտարկումից

 

Ֆրունզ Հարությունյանի խոսքով՝ 2021-ին մրցույթը շարունակելու միտք չունեին. իրենց ընկեր Արսեն Թավադյանն է հորդորել, որ Հայաստանի համար այդ վատ ժամանակներում ֆենթզի ժանրի մրցույթը կարող էր թեկուզ փոքր, բայց դրական ներդրում ունենալ: Դա էր պատճառը, որ ընտրել էին «Դեպի վեր» խորագիրը՝ մասնակիցների համար մատնանշելով ստեղծագործական մտքի ուղղությունը:

 

«Իրականում երկրների, հասարակությունների առաջ ծառացած խնդիրների լուծման սերմերն առաջին հերթին մարդու մտքում են ի հայտ գալիս, հետո են թեւակոխում իրականացման դաշտ: Եվ պետք է խոստովանել, որ հիմա մենք տոգորված ենք համատարած վախով, պարտվողականությամբ եւ վատատեսությամբ: Դրանք, իհարկե, փաստացի իրավիճակներ են, բայց միեւնույն ժամանակ՝ նաեւ մտքի որակներ։ Հենց այդ տեսանկյունից էր կարեւոր «Դեպի վեր» խորագրով մրցույթի անցկացումը»,- պարզաբանում է Ֆրունզ Հարությունյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արսեն Թավադյանն էլ, որ նաեւ հանդիսանում է «Դեպի վեր» գրքի հեղինակներից մեկը, հավելում է՝ թեեւ կարող է թվալ, որ պատերազմից հետո մրցույթի անցկացումը իրականությունից փախուստի դրսեւորում էր, սակայն փաստացի, ճիշտ հակառակն էր:  

 

«Նպատակը ոչ թե իրականությունից փախչելն էր, այլ այն վերլուծելով ավելի ճիշտ գաղափարներ, ճիշտ ուղիներ փնտրելն էր՝ ճիշտ նպատակներին հասնելու համար: Ֆենթզի ու ֆանտաստիկայի ժանրի ստեղծագործություններն անպայման չէ, որ անիրական լինեն: Եթե պատմությունն, օրինակ, երկու տիեզերագնացների մասին գիտաֆանտաստիկ սյուժե ունի, միեւնույն է, հիմքում մարդկային հարաբերություններն են, որը, կարծում եմ, քարե դարից մինչեւ այսօր գրեթե չի փոխվել: Մեր ամբողջ ժողովածուում կարմիր թելով անցնում է մեզ հայրենիքին կապող մի բան, ուստի այս տեսանկյունից այն մեր իրականությունից բացարձակապես կտրված չէ»,- վստահեցնում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս իմաստով հետաքրքրական է հիշել ժամանակակից ֆենթզիի հայր համարվող անգլիացի գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինի այն մոտեցումը, ըստ որի պետք է հստակ տարբերակել դասալիքի փախուստը բանտարկյալի փախուստից.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ֆենթզին փախուստ է, եւ հենց դրանում է իր փառքը: Եթե զինվորը բանտարկված է թշնամու կողմից, արդյո՞ք մենք փախչելը նրա պարտքը չենք համարում: Եթե մենք արժեւորում ենք մտքի եւ հոգու ազատությունը, եթե մենք ազատության պարտիզաններ ենք, ապա մեր անկեղծ պարտականությունն է փախչելը՝ մեզ հետ տանելով այնքան մարդկանց, որքան կարող ենք»,- ասել է աշխարհահռչակ հեղինակը:

 

15 տարի ուշացած հրատարակություն

 

«Բուկինիստ» գրախանութների տնօրեն Խաչիկ Վարդանյանն իր աջակցությունն «Արմկոն»-ին հայտնել դեռեւս 2008 թվականի առաջին մրցույթի ժամանակ եւ խոստացել մրցույթի արդյունքով գիրք հրատարակել: 15 տարի ուշացումով հրատարակված ժողովածուն գրախանութում հայտնվելու օրից անակնկալ հետաքրքրություն է առաջացրել:

 

«Գիրքը հրատարակել ենք ընդամենը 300 օրինակով՝ խոստումը կատարելու համար, սակայն վստահ եմ, որ մինչեւ տարվա վերջ տպաքանակը կավելացնենք մինչեւ 1000 օրինակ, որովհետեւ պահանջարկն անսպասելիորեն մեծ էր»,-նշում է Խաչիկ Վարդանյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արմկոն»-ի կազմակերպիչները կարծում են, որ ժանրի զարգացման համար զուտ գրական մրցույթները բավարար չեն, եւ պետք է ստեղծվեն հատուկ աշխատանոցներ: Հենց շնորհանդեսի ժամանակ էլ Խաչիկ Վարդանյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ աշխատանոցների ստեղծմանը՝ հարթակ տրամադրելով «Բուկինիստում»:

 

Մրցույթի ժյուրիի անդամ եւ ժողովածուի խմբագիր Վահե Ղուկասյանը հայ գրականությունում ֆենթզիի զարգացման հեռանկարի առնչությամբ լավատեսորեն է տրամադրված:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մոտ 12 տարի առաջ հայկական գրքերի դարակները գրախանութներում 1-2 շարք էին, իսկ հիմա եթե նայենք, թե ինչքան հայերեն գրքեր են տպագրվում, ինչքան գրքեր են թարգմանվում, ինչքան հեղինակներ կան անընդհատ տպագրվող,  կտեսնենք, որ զարթոնք կա, գրատպությունն ու գրականությունն ակնհայտորեն զարգանում են ու դրա մեջ ֆանտաստիկան իր տեղը կունենա»,-ասում է նա:

 

Հայկական առասպելաբանությունը այլընտրանքային իրականությունում

 

Մրցույթի մասնակիցներից Հայկ Հովյանի՝ ֆենթզիի ժանրում հրապարակված առաջին գիրքը «Ագռավի քարը: Միջնաբերդյան պատմություններ»-ն է: Նա առաջիկայում նախատեսում է հրատարակել այս ժանրում իր երկրորդ աշխատանքը:

 

Հայկ Հովյանը պատմում է, որ Թոլքինի երկրպագու եւ առհասարակ ֆենթզի ժանրի սիրահար լինելով, մշտապես մեծ ցանկություն է ունեցել, որ հայ գրականությունում եւս լինեն նմանատիպ գործեր:

 

«Հայկական առասպելաբանությունը ոչնչով չի զիջում կելտական, սկանդինավյան այն առասպելաբանությանը, որի վրա հենվելով Թոլքինը գրել է իր լեգենդար գործերը: Ինչ-որ տեղ ամոթ է մեզ նման ժողովրդի համար մեր առասպելաբանության ժամանակակից մատուցումը չունենալը: Պետք է մեր ունեցածից օգտվելով՝ նոր պատմություն պատմել, փաթեթավորել այն ֆենթզի ժանրի հիմնական սպառողների՝ դեռահասների համար նախընտրելի լեզվով»,-ասում է Հայկը:  

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ագռավի քարը: Միջնաբերդյան պատմություններ» գիրքը հենց հայկական առասպելաբանության հիմքով է: Առանցքում Արագածի գագաթին գտնվող Միջնաբերդ անունով քաղաքն է, որն այլընտրանքային իրականություն է ներկայացնում:

 

«Միջնաբերդում կան վիշապաքարեր, Աժդահակը վերադառնալով փորձում է վերացնել մարդկանց թագավորությունն ու վերականգնել վիշապների թագավորությունը, եւ մարդիկ ստիպված են լինում դիմել իրենց պատմական հերոսներին՝ Հայկին, Արային, Տորքին: Պատմությունը դրա շուրջ է ձեւավորված»,-հավելում է հեղինակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արմկոն»-ի մրցույթին նա մասնակցել է «Միջնաբերդյան պատմություններ: Ասք Չորս Գագաթների քաղաքի մասին» աշխատանքով, որը Միջնաբերդ քաղաքի մասին պատմական ակնարկ է:  

 

Վերադարձ արմատներին

 

Մրցույթի շարունակականության վերաբերյալ Ֆրունզ Հարությունյանը որոշ փակագծեր է բացում: Նրա կարծիքով՝ ցանկացած գործունեություն, անկախ ոլորտից, հատկապես հիմա պետք է առավելագույնս հայրենանվեր լինի եւ որոշակիորեն հասցեագրի Հայաստանի ներկայիս իրավիճակը: Դա է պատճառը, որ մրցույթի սպասվող նոր փուլը հայերիս կտանի դեպի արմատներ:

 

«Ֆենթզիի ժանրը, ունենալով դեպի ներս ուղղված վեկտոր, ճիշտ միջոց է դեպի արմատներ գնալու համար: Մտահղացումն այն է, որ նորովի բացահայտենք հայկական դիցային աշխարհը։ Հիմա ընթանում է ազգային արժեքների մասսայական տապալում, եւ հենց այս շրջանում նման շեշտադրումները շատ ավելի կարեւոր են դառնում»,- ամփոփում է նա:

 

«Դեպի վեր» գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ» գրախանութներից կամ պատվիրել առցանց:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին