Երուսաղեմի հայկական թանգարանը պաշտոնապես վերաբացվել է - Mediamax.am

846 դիտում

Երուսաղեմի հայկական թանգարանը պաշտոնապես վերաբացվել է


Լուսանկարը` timesofisrael.com


Երեւան։ Մեդիամաքս։ Երուսաղեմի հայկական թանգարանի պաշտոնապես վերաբացվել է:

Այդ առիթով The Associated Press-ը գրում է, որ «թանգարանը ներկայացնում է հայ համայնքի եւ սուրբ քաղաքի բազմադարյա կապը, բայց այն նաեւ հուշարձան է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվեցին օսմանյան թուրքերի կողմից, ինչը շատ գիտնականներ համարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:

 

Թանգարանի վերաբացումը նախատեսված էր 2020-ի աշնանը, սակայն հետաձգվեց համավարակի պատճառով:

 

2016-ին Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի առաջարկով ֆրանսահայ պատմաբան, հայագետ Կլոդ-Արմեն Մութաֆյանը եւ պատմաբան Ռայմոնդ (Հարություն) Գեւորգյանը սկսել էին ցուցանմուշների հավաքագրումն ու ցուցադրության պատրաստությունը, իսկ թանգարանագետ Հարութ Պեզճյանը զբաղվում էր շենքը թանգարանին անհրաժեշտ պայմաններով ապահովելով։

 

2019-ին Կլոդ-Արմեն Մութաֆյանը Մեդիամաքսի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանից հետո Երուսաղեմն ամենամեծ ու արժեքավոր հայագիտական շտեմարանն է՝ բացառիկ նմուշներով։ Թանգարանի ամենամեծ հարստությունը ձեռագիր մատյաններն են։ Թորոս Ռոսլինի՝ աշխարհում հայտնի 7 մանրանկարներից 4-ը Երուսաղեմում են։ Այստեղ են պահվում քարե արձանագրություններ, խաչքարեր, կարեւոր փաստաթղթեր, ծիսական պարագաներ։ «Սուլթանների, խալիֆների արաբերեն ֆերմաններ (հրովարտակներ) կան՝ սկսած Մուհամեդ մարգարեից մինչեւ Սալահ ադ-Դինի նշանավոր նկարազարդ ֆերմանը», - ասել էր գիտնականը:

 

 

Ընդգծելով թանգարանի վերաբացման կարեւորությունը, Կլոդ-Արմեն Մութաֆյանն ասում էր.

 

«Հայկական թաղամաս օրական հարյուրավոր զբոսաշրջիկներ են մտնում։ Ի՞նչ են տեսնում։ Սրբոց Հակոբյանց տաճարի ճակատը։ Եթե հասնեն 15։00-15։30՝ ժամերգությանը, ներս կմտնեն, եթե ոչ, տաճարը փակ է։ Ուրիշ ոչինչ չեն կարող տեսնել, թեեւ Հայաստանից դուրս ամենահարուստ մշակույթի հավաքածուն Երուսաղեմում է։ Մինչեւ հիմա այդ հարստությունը թաքուն պահված էր։

 

Թանգարանի վերաբացումը շատ կարեւոր քայլ է մեզ համար, որը ցույց կտա, որ հայերը Սուրբ երկիր Երուսաղեմում շատ հին ներկայություն ունեն եւ այսպիսի գլուխգործոցներ են ստեղծել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին