2022 թվականի 10 դասերը - Mediamax.am

exclusive
2927 դիտում

2022 թվականի 10 դասերը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

 

Քչերն են կարոտելու 2022 թվականը, որը նշանավորվեց երկարատեւ համավարակով, զարգացող կլիմայական փոփոխություններով, սրընթաց գնաճով, տնտեսական աճի դանդաղ տեմպերով եւ, առաջին հերթին, Եվրոպայում պատերազմի մեկնարկով ու մտավախությամբ, որ շուտով Ասիայում էլ կարող է հակամարտություն բռնկվել: Բոլոր այս իրադարձություններից կարելի է դասեր քաղել, որոնք մենք անտեսում ենք:

 

1. Այն, ինչ տեսնում ենք Եվրոպայում, հնաոճ կայսերական պատերազմ է, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է ոչնչացնել Ուկրաինան՝ որպես ինքնիշխան, անկախ միավոր: Նրա նպատակն է անել այնպես, որ ժողովրդավար, Արեւմուտքի հետ սերտ կապերի ձգտող երկիրը չկարողանա բարգավաճել Ռուսաստանի սահմանների մոտ՝ այդպիսով գրավիչ օրինակ դառնալով ռուսների համար:

 

Պուտինի ակնկալած արագ եւ հեշտ հաղթանակի փոխարեն, սակայն, նա հայտնաբերեց, որ իր բանակն այնքան էլ ուժեղ չէ, իսկ հակառակորդները սպասվածից շատ ավելի վճռական են: Այս վճռականությունն անակնկալ էր շատերի համար նույնիսկ Արեւմուտքում: Տասն ամիս անց պատերազմը շարունակվում է ու դրա ավարտը տեսանելի չէ:

Լուսանկարը` REUTERS

2. Պնդումը, թե տնտեսական փոխկախվածությունը պատնեշ է պատերազմի դեմ, այլեւս համոզիչ չէ, քանի որ կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ ոչնչացնել փոխշահավետ առեւտրային եւ ներդրումային կապերը։ Քաղաքական նկատառումներն առաջին տեղում են։ Ուկրաինա ներխուժելու Պուտինի որոշման վրա, հնարավոր է, ազդել է Եվրամիության մեծ կախվածությունը Ռուսաստանի էներգակիրներից: Նա եզրակացրել էր, որ սա հաշվի առնելով, Եվրոպան չի ընդդիմանա իրեն:

 

3. Ինտեգրումը, որը տասնամյակներ շարունակ ոգեշնչում էր արեւմտյան քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ, նույնպես ձախողվել է։ Այս ռազմավարությունը եւս հիմնված էր այն համոզմունքի վրա, որ տնտեսական կապերը՝ մշակութային, գիտական եւ այլ փոխանակումների հետ մեկտեղ, կխթանեն քաղաքական զարգացումը՝ բերելով ավելի բաց, շուկայի վրա կողմնորոշված Չինաստանի ձեւավորմանը՝ զսպելով վերջինիս արտաքին քաղաքական նկրտումները:

Լուսանկարը` REUTERS

Դա տեղի չունեցավ, թեեւ կարելի է եւ պետք է վիճել՝ այս ձախումը կապված էր ինտեգրման հայեցակարգի՞, թե՞ դրա իրականացման եղանակների հետ:

 

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Չինաստանի քաղաքական համակարգը դառնում է ավելի ռեպրեսիվ, արտաքին քաղաքականությունն՝ ավելի հաստատակամ, իսկ տնտեսությունը շարժվում է պետական ուղղությամբ:

 

4. Տնտեսական պատժամիջոցները, որոնք Արեւմուտքն ու գործընկերները նախընտրում են կիրառել ի պատասխան մարդու իրավունքների խախտումների կամ արտաքին ագրեսիայի, հազվադեպ են փոփոխությունների հանգեցնում: Անգամ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բացահայտ եւ դաժան ագրեսիան չհամոզեց աշխարհի կառավարություններին, որ Ռուսաստանը պետք է դիվանագիտորեն կամ տնտեսապես մեկուսացնել։ Ու թեեւ Արեւմուտքի պատժամիջոցները կարող են թուլացնել Ռուսաստանի տնտեսության հիմքը, դրանք չեն ստիպի Պուտինին փոխել քաղաքականությունը:

 

5. «Միջազգային հանրություն» արտահայտությունը պետք է թոշակի ուղարկել։ Այն պարզապես չկա։ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի վետոյի իրավունքը ՄԱԿ-ն անզոր է դարձրել, իսկ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար համաշխարհային առաջնորդների վերջին հանդիպումը կատարյալ ֆիասկո էր:

 

6. Ժողովրդավարական երկրներն ակնհայտորեն բախվում են խնդիրների, սակայն ավտորիտար համակարգերի առջեւ ծառացած խնդիրները կարող են ավելի լուրջ լինել: Այսպիսի համակարգերում որոշումները հաճախ կայացվում են հիմնվելով գաղափարախոսության կամ վարչակարգի գոյատեւման անհրաժեշտության վրա: Ավտորիտար առաջնորդները հաճախ չեն հրաժարվում ձախողված քաղաքականությունից կամ չեն ընդունում սեփական սխալները, որպեսզի դա չդիտարկվի որպես թուլություն ու չսնի փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ հանրային կոչերը: Նման վարչակարգերը պետք է մշտապես հաշվի նստեն զանգվածային ցույցերի սպառնալիքի հետ։

Լուսանկարը` REUTERS

7. Ինտերնետի ներուժը՝ անհատի կողմից համակարգին մարտահրավեր նետելու հարցում անհամեմատ ավելի մեծ է ժողովրդավար երկրներում: Ավտորիտար վարչակարգերը, ինչպես Չինաստանում, Ռուսաստանում եւ Հյուսիսային Կորեայում, կարող են մեկուսացնել իրենց հասարակությանը, հետեւել եւ գրաքննել բովանդակությունը կամ՝ երկուսը միասին:

 

8. Արեւմուտքը (եզրույթ, որը հիմնված է ավելի շատ ընդհանուր արժեքների, քան աշխարհագրության վրա) դեռեւս գոյություն ունի, իսկ դաշինքները շարունակում են կարգուկանոնի ամրապնդման կարեւորագույն գործիք մնալ: Միացյալ Նահանգները եւ նրա անդրատլանտյան ՆԱՏՕ-ի գործընկերներն արդյունավետ կերպով արձագանքեցին Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային։ ԱՄՆ-ն նաեւ սերտացրել է կապերը Հնդկական եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Չինաստանի կողմից աճող սպառնալիքին դիմակայելու համար:

Լուսանկարը` REUTERS

9. ԱՄՆ առաջնորդությունը դեռեւս կարեւոր նշանակություն ունի: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է ազդեցիկ մնալ, այն չի կարող աշխարհում միակողմանի գործել, սակայն աշխարհը չի միավորվի ընդհանուր անվտանգային եւ այլ խնդիրներ լուծելու շուրջ, եթե ԱՄՆ-ն պասիվ լինի կամ հետին պլան մղվի: Ավելի հաճախ անհրաժեշտ է առաջնագծում լինելու Ամերիկայի պատրաստակամությունը:

 

10. Մենք պետք է զուսպ լինենք մեր գիտելիքների մասին պատկերացումներում: Ցավալի է նշել, որ մեկ տարի առաջ այս դասերից մի քանիսը կարելի էր կանխատեսել: Մենք հասկացանք ոչ միայն այն, որ պատմությունը կրկնվում է, այլեւ այն, որ, դժբախտաբար կամ բարեբախտաբար, այն շարունակում է մեզ զարմացնել:  

 

Copyright: Project Syndicate, 2022

www.project-syndicate.org

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին