Մատենադարանի «պահապանները»՝ Ռալֆ Բեյքերի լուսանկարչական նախագծում - Mediamax.am

exclusive
3985 դիտում

Մատենադարանի «պահապանները»՝ Ռալֆ Բեյքերի լուսանկարչական նախագծում


Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

Ռալֆ Բեյքերը
Ռալֆ Բեյքերը

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի արխիվից

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

Ռալֆ Բեյքերը
Ռալֆ Բեյքերը

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի արխիվից


Գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեյքերը «Մատենադարան» բառը մի քանի փորձից գրեթե անսխալ արտասանում է։ Դժվար արտաբերվող անվանումով հնագույն ձեռագրերի ինստիտուտ թանգարանը Երեւանում Ռալֆի ամենահարազատ վայրերից է։ Մատենադարանի աշխատակիցներին Ռալֆը ճանաչում է, բառացիորեն, դեմքով։

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

Գերմանացի լուսանկարիչն առաջին անգամ Հայաստան է եկել 2008-ին՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ վավերագրելու Գյումրին՝ երկրաշարժից 20 տարի անց։ Ասում է՝ այդ օրվանից սիրահարվեց Գյումրիին ու պարբերաբար այցելում է Հայաստան։ Այցելություններից մեկի ժամանակ բացահայտեց Մատենադարանը։ Հետո Գերմանիայի հեռուստաընկերություններից մեկի համար հայկական հին ձեռագրերը լուսանկարելու ու տեսագրելու առիթ ստեղծվեց։

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

«Մատենադարանը Հայաստանի մշակույթի ամենասուրբ ժառանգության շտեմարանն է։ Այսօր Մատենադարանը գիտության տաճար է, պաշտամունքի վայր՝ հայ մշակույթի նվիրյալների ու նաեւ այն օտարերկրացիների համար, որոնք հետաքրքրված են դրանով։

 

Ամեն տարի հազարավոր մարդիկ ուխտագնացություն են կատարում Հայաստանի մայրաքաղաք Երեւան՝ տեսնելու, ուսումնասիրելու եւ զգալու այն եզակի ներկայությունը, որը կա Մատենադարանի հսկայական ձեռագրատանը։ Այստեղ դարավոր գիտելիքները փրկվում, վերականգնվում եւ դարձյալ հասանելի են դառնում՝ խնամքով պահպանվելով արխիվներում»։

Ռալֆ Բեյքերը Ռալֆ Բեյքերը

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի արխիվից

Բազմաթիվ այցելություններից հետո՝ 2021-ին, Ռալֆ Բեյքերը որոշեց Մատենադարանի մասին ֆոտոպատմություն պատրաստել։ Առանցքում ոչ թե ձեռագրերը, հնատիպ գրքերն են, այլ դրանց մասին հոգ տանող, դրանց պահպանմամբ զբաղվող մարդիկ, որոնց կարեւոր աշխատանքը, հիմնականում, հանրության ուշադրությունից դուրս է մնում։

 

Ռալֆն ասում է, որ նախ սկսեց լուսանկարել վերականգնման բաժնի աշխատակցուհիներին։ Որքան նկարում, այնքան հստակ էր դառնում իր նախագծի գաղափարը՝ ներկայացնել «դարավոր իմաստության պահապաններին»։

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

«Ես այս դիտանկյունից անդրադարձա Մատենադարանին, որովհետեւ, ի վերջո, այստեղ մարդիկ են աշխատում, նրանք են այս գրքերի «բժիշկները», պահպանողները, արխիվացնողները, հետազոտողները։ Հատկապես հիմա մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ հնուց եկած իմաստությունը շատ կարեւոր է ապագայի համար։

 

Ես նպատակ ունեի մի կողմից ներկայացնել նրանց ջանքերը, ուժը, որ ներդնում են ձեռագրերի պահպանման համար, մյուս կողմից ցանկանում էի այդ ֆոտոպատմության միջոցով նրանց շնորհակալություն հայտնել։ Մատենադարանում ինձ հանդիպած բոլոր մարդիկ կարեւոր գործ են անում, նրանց նվիրումի շնորհիվ են փրկվել եւ պահպանվել հնագույն գրքերը, դրանց միջոցով փոխանցվող պատմությունն ու ժառանգությունը»։

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

Ռալֆ Բեյքերն օրեր շարունակ վավերագրել է  բոլոր բաժինների աշխատանքը՝ ցույց տալով, որ Մատենադարանը միայն թանգարան չէ, այլ գիտահետազոտական  կարեւոր կենտրոն։ Արդյունքը «Իմաստության տուն» խորագրով ցուցահանդեսն էր, որ բացվեց 2022թ. մայիսին՝ «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակում։

 

«Ռալֆն ինքն առաջարկեց Մատենադարանի աշխատակիցների դիմանկարների ցուցահանդես անել։ Քանի որ այս տարի «Թանգարանների գիշերը» որոշել էինք նվիրել Մատենադարանի շենքին, Ռալֆի առաջարկը համահունչ էր մեր կոնցեպտին՝ Մատենադարանի շենքը՝ որպես հուշարձան, եւ Մատենադարանի աշխատողները՝ որպես կենդանի հուշարձաններ։

 

Մենք փորձեցինք ամբողջականության մեջ ցուցադրել Մատենադարանը՝ ներառելով բոլոր բաժինները՝ առանց խտրականության։ Մեր ցուցադրության մեջ կային ե՛ւ սպասարկման բաժնի աշխատողները, ե՛ւ մաքրողները, ե՛ւ տեխնիկական, ե՛ւ վերականգնման բաժինների աշխատողները, ե՛ւ պարետը, ե՛ւ ղեկավար մարդիկ, ե՛ւ էքսկուրսավարները, ե՛ւ գիտնականները, ե՛ւ ձեռագրատան ներկայացուցիչները»,-պատմում է Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար եւ ավագ գիտաշխատող Նազենի Ղարիբյանը։

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

Մատենադարանում նախկինում էլ ձեռագրերին, հուշարձաններին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսներ եղել են, բայց մատենադարանցիներն առաջին անգամ էին «ցուցադրվում»։

 

Լուսանկարիչն ասում է, որ ցուցահանդեսի նախապատրաստության ամբողջ ընթացքը ճանապարհորդության նման մի բան էր։ Լուսանկարչությունը, առհասարակ, Ռալֆի համար համագործակցություն է իր ու այն անձի միջեւ, որին նկարում է։ Ասում է՝ լուսանկարիչը պատասխանատու է պահպանել, խնամքով վերաբերվել իրեն վստահված պատմությունը։

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի

«Որպես լուսանկարիչ՝ ես հետեւյալ սկզբունքով եմ առաջնորդվում՝ ես տեսնում եմ քեզ, հասկանում, զգում եմ քեզ։ Դու ինձ համար կարեւոր ես։ Ես պահպանում եմ քո պատմությունը»։

 

Լուսանկարչությունը «կախարդական» արվեստ է։ Լուսանկարիչը պետք է կերտի մի պատկեր՝ կադրավորման, կոմպոզիցիայի եւ լույսի միջոցով ֆիքսելով դրա էությունը։ Ինձ համար լուսանկարը ստեղծվում է լուսանկարչի եւ առարկայի միջեւ անտեսանելի համագործակցության արդյունքում։ Այս՝ երբեմն շատ կարճ փոխադարձ ծանոթությունը, հնարավորություն է տալիս իրականությունը ներկայացնել վառ պատկերների միջոցով, որոնք դիտողին տանում են մինչ այդ իրենց համար անծանոթ մի աշխարհ»։

Ռալֆ Բեյքերը Ռալֆ Բեյքերը

Լուսանկարը` Ռալֆ Բեյքերի արխիվից

Մատենադարանին նվիրված ֆոտոպատմությունը Ռալֆ Բեյքերի՝ գրքերի, դրանց միջոցով դարեդար փոխանցվող գիտելիքի ու այդ ժառանգությունը պահպանող մարդկանց մասին մեծ նախագծի մի դրվագն է։ Հայաստանի ու Մատենադարանի հետ կապված ծրագրեր Ռալֆն էլի ունի, ասում է՝ պատմելու դեռ շատ բան կա։ Իսկ մինչ դա, գերմաներեն թարգմանությամբ Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է կարդում, որ բացահայտել է Մատենադարանում՝ նկարահանումների ժամանակ։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին