Պետո Պողոսյանի «Երազական եւ ոչ այնքան» ցուցահանդեսն ու կոնկրետ հարցերը - Mediamax.am

1184 դիտում

Պետո Պողոսյանի «Երազական եւ ոչ այնքան» ցուցահանդեսն ու կոնկրետ հարցերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


A 1 Art Space ցուցասրահում բացվել է նկարիչ Պետո Պողոսյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցասրահն Աբովյան 1 հասցեում է՝ հին Երեւանից մնացած փոքրաթիվ շենքերից մեկում, որը հաճախ հանդիպում է Պետոյի քաղաքանկարներում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսների միջոցով արվեստասերների հետ շփվել Պետոն սիրում է. Տասից ավելի անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանում ու արտերկրում։ Բայց վերջին երեք տարիներին այդ կապն ընդհատվել էր, թեեւ շարունակում էր ստեղծագործել։

 

«Երազական եւ ոչ այնքան» խորագրով ցուցահանդեսում ակվարելիստ-նկարիչը ներկայացրել է գործեր, որոնք ստեղծվել են անցումային ու վերաարժեւորման շրջանում՝ համավարակի, պատերազմի ու հետպատերազմյան տրավմաների արդյունքում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պանդեմիայից ու հատկապես պատերազմից հետո մարդիկ դարձան ավելի երազկոտ ու միաժամանակ ավելի չոր, փակված։ Ցուցադրությունը ներկայացնում է մեր իրականության այս երկու բաղադրիչները։ «Երազկոտ» բաղադրիչն արտահայտում է այն տեղը, որտեղ կարելի է «փախչել», մի տեղ, որը եղել է նախքան համավարակն ու պատերազմը։ Դա առարկայական տեղ չէ, բայց ես առարկայացնում եմ՝ դարձնելով երեւանյան մի անկյուն, ղափանյան մի անկյուն, Ապարանի ճանապարհին մի անկյուն։  

 

Միաժամանակ այդ երազկոտ տեղում կան շեշտեր, գուցե շատ կոծկված, քողարկված, բայց ցավոտ հիշեցում այն մասին, որ վաղուց արդեն ժամանակն է շատ կոնկրետ հարցեր տալու եւ պատասխան ստանալու. ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որ լավ լինի, ավելի համակարգված, ճիշտ, խորը, պրոֆեսիոնալ։ Դրանք կոնկրետ հարցեր են, որոնց ուրվագիծը, դիսկուրսը շատ հստակ երեւում է իմ մի քանի գործերում։ Հետո սահուն պտտվում, հասնում ենք ավելի ջերմ, մտերմիկ նկարներին, կարծես ոչինչ չի եղել։ Ապա նորից վերադառնում ենք այդ հարցերին։ Այդ կորաձեւ շարժումը շատ բնորոշ է հիմա մեր հասարակությանը»,- իր ցուցահանդեսի տրամաբանությունն է ներկայացնում Պետոն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասում է՝ մարդիկ հիմա փորձում են վերակազմակերպել, վերաիմաստավորել իրենց կյանքը, ու իր ցուցադրությունն էլ, գուցե, փոքրիկ ներդրում լինի այդ գործում։

 

Հիշում է, որ պատերազմի օրերին, երբ շատ ընկերներ ու հարազատներ արդեն զորակոչվել էին եւ ինքն էլ իր հերթին էր սպասում, լարվածությունը հաղթահարելու համար նկարում էր։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այնքան նյարդային վիճակ էր, որ ոչինչ անել չէր լինում. ամբողջ օրը հեռախոսի ու համացանցի մեջ էինք։ Աշխատում էի զբաղեցնել ինձ ու պատերազմի թեմայով գործեր էի անում։ Բայց ցուցադրության մեջ այդ «ցավոտ» գործերը հատուկ չեմ ներառել, որովհետեւ նպատակս մարդկանց ցավեցնելը չէ, այլ ջերմություն, մտերմություն տալը եւ դրա տակ հարցեր առաջադրելը՝ լավ, այդ ջերմություն հետ ենք բերում ու հետո ի՞նչ ենք անում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետո Պողոսյանը, որ հիմնականում ջրաներկով է նկարում, վերջին գործերում նաեւ խառը տեխնիկա է օգտագործել՝ երազկոտությունը շեշտելու համար։ Ասում է՝ թեեւ իր նկարներում հաճախ շենք, փողոց կամ ճանապարհ է, բայց բոլոր գործերն էլ մարդկանց ու մարդու թողած հետքի մասին են։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կան գործեր, որ հենց տեղում նկարում եմ, առաջին տպավորությամբ ստանում եմ ջերմ տեսարանը, քաղաքանկարը։ Բայց մեծամասամբ դրանք ստեղծվում են ավելի բարդ ճանապարհով՝ էսքիզներ, օգնող լուսանկարներ, կադրեր, որոնք դառնում են նախնական ուրվանկար։ Հետո արդեն թղթի վրա ջրաներկով սկսում եմ շերտ-շերտ վերծանել ու հասունացնել այնքան, որ իմ ուզած լարումը, տեսարանը ստանամ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցադրությունը բաց է մինչեւ հուլիսի կեսերը՝ ամեն օր, բացի երկուշաբթիից։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին