«Մատենա»-ն մեկնարկել է համայնքային պաշտոնյաների զարգացման ծրագիրը - Mediamax.am

1284 դիտում

«Մատենա»-ն մեկնարկել է համայնքային պաշտոնյաների զարգացման ծրագիրը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Դիլիջանում մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի՝ «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» թեմայով համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը:

Դրանում ընդգրկված են ավելի քան երկու տասնյակ պաշտոնյաներ՝ համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ եւ համայնքային այլ պաշտոնյաներ Հայաստանի 15 համայնքներից։   

 

Ծրագիրը համատեղ մշակվել է «Մատենա» եւ «Սկոլկովո» դպրոցների կողմից, որի նպատակն է էականորեն զարգացնել համայնքային պաշտոնյաների մասնագիտական եւ առաջնորդության կարողությունները։

 

Առաջին մոդուլի եռօրյա ուսուցումների ընթացքում մասնակիցները համապարփակ գիտելիքներ կստանան ժամանակակից մունիցիպալ կառավարման, համայնքի  ղեկավարի դերի, բարդ իրավիճակներում թիմը ղեկավարելու կարողության, թիմում ռազմավարական որոշումներ կայացնելու մեթոդների, հաջողության հիմնական գործոնների, արդյունավետ թիմի ձեւավորման եւ կառավարման, արտաքին եւ ներքին հաղորդակցության առանձնահատկությունների եւ այլ կարեւոր հմտությունների  վերաբերյալ։  

 

«Համայնքների խոշորացումը լուրջ փոփոխություններ է առաջացրել  կառավարման, համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման առումով:  Եվ հատկապես այս փուլում կարեւոր է համապատասխան գիտելիք եւ փորձ փոխանցել համայնքների ղեկավարման համար պատասխանատու անձանց, ինչը նրանց կօգնի նոր իրավիճակում նոր խնդիրներին ճիշտ լուծումներ գտնել ու այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք իսկապես ուղղված կլինեն համայնքներում կյանքի որակի փոփոխությանը:  Երկրի հաջողությունը մեծապես կախված է կառավարման համար պատասխանատու կադրերի որակից:  Իսկ զարգացած համայնքները զարգացած երկրի հիմքն են»,- ընդգծել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր, UWC Դիլիջան միջազգային դպրոցի եւ «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը։

 

Ծրագիրը բաղկացած է երեք մոդուլից, ինչպես նաեւ ընդգրկում է վարպետության դասեր:

 

Բացառիկ բաղադրիչներից է նաեւ անհատական լավագույն նախագծերի համաֆինանսավորումը։ Հաջորդ երկու մոդուլները տեղի կունենան հուլիսին եւ օգոստոսին՝ համապատասխանաբար Երեւանում եւ Մոսկվայում՝ «Սկոլկովո» կառավարման դպրոցում:

 

«Կարեւոր է, որ ծրագրի մասնակիցները ոչ միայն լսելով են սովորելու, այլեւ գործելով, որովհետեւ ծրագրի ավարտին մասնակիցներն ստացած գիտելիքի եւ հմտությունների հիման վրա ներկայացնելու են իրենց համայնքն առավել արդյունավետ կառավարելու նախագծեր, որոնցից լավագույնները «Մատենան» համաֆինանսավորելու է»,- նշել է «Մատենայի» համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին