Շահեն Դանիելյան. «Հայաստանը հեռվից սիրելը հեշտ է, բայց ես որոշեցի հակառակն անել» - Mediamax.am

exclusive
12440 դիտում

Շահեն Դանիելյան. «Հայաստանը հեռվից սիրելը հեշտ է, բայց ես որոշեցի հակառակն անել»


Շահեն Դանիելյան
Շահեն Դանիելյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Շահեն Դանիելյանի արխիվից

Լուսանկարը` Շահեն Դանիելյանի արխիվից

Շահեն Դանիելյան
Շահեն Դանիելյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Շահեն Դանիելյան
Շահեն Դանիելյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Շահեն Դանիելյան
Շահեն Դանիելյան

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մոսկվաբնակ մի երիտասարդի էի վիրահատում, երբ հանկարծ վիրահատարան մտան ու հայտարարեցին, որ վերջ՝ հիվանդանոցում տարհանում է։ Բուժքրոջ ձեռքից գործիքները ընկան, ասեղները սկսեցին կոտրվել, թելերը՝ կտրվել։  Խառնաշփոթ սկսվեց։ Ոմանք վերցրին պայուսակներն ու դուրս վազեցին։ Ես շարունակում էի վիրահատել, բայց մի պահ զգացի, որ ձեռքերս դողում են։ Ահավոր էր։ 26 տարվա ընթացքում առաջին անգամ էր։ Մարդ ես, չէ՞, ինչպե՞ս կարող ես չդողալ։ Բայց հավաքեցի ուժերս ու շարունակեցի գործս։ Վիրահատարանից դուրս եկա վիրահատությունն ավարտելուց հետո միայն։ Իմ վերջին վիրահատությունն էր Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում»։

 

49-ամյա Շահեն Դանիելյանը Մոսկվայի կենտրոնական օկրուգի կրծքա-որովայնային գլխավոր վիրաբույժն է։ Նա Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի առաջատար մասնագետ է, դոկտոր, ավելի քան 200 գիտական աշխատանքների հեղինակ: Դասավանդում է Սանկտ Պետերբուրգի Ի․ Պավլովի անվան պետական բժշկական համալսարանում։ 44-օրյա պատերազմի ժամանակ Շահեն Դանիելյանը ընկերների հետ որպես կամավոր մեկնել էր Արցախ։

 

Առաջին «մկրտությունը»՝ առաջին պատերազմի ժամանակ

 

Ծնվել եմ Արցախի Նախիջեւանիկ գյուղում։ Ծնողներս գիտության հետ կապ չունեին, բայց ես շատ լավ էի սովորում։ Դպրոցն ավարտեցի ոսկե մեդալով։ Այդ տարի Արցախում առաջին անգամ ստացանք հայկական ատեստատ։ Բայց մեդալս, որը պիտի Բաքվից գար, այդպես էլ չստացա։ Որոշեցի Արցախից տեղափոխվել Երեւան, ընդունվել Բժշկական համալսարան։ 2-րդ կուրսի ուսանող էի, երբ սկսվեց պատերազմը։ Կամավորագրվեցի։

 

Արցախյան ազատամարտն ինձ համար յուրահատուկ դպրոց էր։ Մի վիրահատությունից մյուսն էի վազում, ընթացքում արյուն էի հանձնում։ Ես ուսանող էի, որն ուզում էր օգնել, ուզում էր փրկել։

 

Մի անգամ ադրբեջանցու եմ վիրահատել։ Մոտ 40 տարեկան մի տղամարդ էր, որին մերոնք գերեվարել էին Ակնայում։ Հուսամ՝ հիմա ողջ է։

 

Պատերազմի ավարտին արդեն սպայի ուսադիրներ ունեի։ 6-րդ կուրսում  բուժծառայության մայոր էի։

 

Ճանապարհ դեպի վիրաբուժության մեծ աշխարհ

 

Բժշկական համալսարանն ավարտելուց հետո մեկնեցի Մոսկվա՝ սովորելու։ Երբ իմացա Սկլիֆոսովսկու ինստիտուտի մասին, գնացի այնտեղ։ Ասացի՝ ուզում եմ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ դառնալ։ Համաձայնեցին, չնայած ես մանկաբույժ էի։ Մոտ մեկ ամիս սովորելուց հետո մի օր վիրահատարանում մի կնոջ տեսա, որ շատ բարդ վիրահատություններ էր անում։ 10-12 ժամ վիրահատում էր։ Տնօրենին ասացի՝ ուզում եմ բաժինս փոխել։ Ուզում եմ այս կնոջ մոտ սովորել ու նրա պես կրծքա-որովայնային վիրաբույժ դառնալ։

Շահեն Դանիելյան Շահեն Դանիելյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալլա Պոգոդինան բացառիկ մասնագետ էր։ Սկզբում ինձ շատ էր սիրում, բայց ժամանակի ընթացքում մրցակցություն ու մասնագիտական խանդ սկսվեց։ Հիմա ես նստում եմ նրա աշխատասենյակում։ Նրա գործի շարունակողն եմ։ «Սկլիֆում» աշխատում եմ արդեն 26 տարի։

 

Ամեն ինչ Արցախի համար

 

44-օրյա պատերազմի հենց առաջին օրը զանգեցի ընկերոջս՝ Նորայրին։ Ասաց՝ գնում ենք տոմսեր առնելու։ Առանց երկար-բարակ մտածելու ընկերներով արձակուրդ վերցրինք ու եկանք Արցախ։ Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից փայլուն բժիշկների խումբ էր հավաքվել։

Լուսանկարը` Շահեն Դանիելյանի արխիվից

Ամբողջ ընթացքում մենք հավատացել ենք հաղթանակին, փորձել ենք ամեն կերպ ոգեւորել արցախցիներին։ Վերջին օրերին, երբ ադրբեջանցիներն արդեն Շուշիի մատույցներում էին, տեղացիներին ոգեւորելու համար ես ու Նորայրը որոշեցինք Շուշիում տուն գնել։ Բայց չհամաձայնեցին։ Ասացին՝ կադաստրը փակ է, գործարք անել հնարավոր չէ։

Լուսանկարը` Շահեն Դանիելյանի արխիվից

Արցախում տեսանք նոր տեսակի պատերազմ ու նոր տեսակի վիրավորումներ։ Ծանր դեպքեր շատ կային, վիրահատարանի պատկերը, տղաների դեմքերը այս պահին էլ աչքիս առաջ են։ Շատերի հետ կապի մեջ եմ։ Շփվում ենք, ուրախ եմ, որ ապրում են։ Ինձ համար դա ամենամեծ ձեռքբերումն է։

 

Խոսքից՝ գործ, կամ Մոսկվայից՝ Երեւան

 

Պատերազմի ընթացքում մենք հասկացանք, թե ինչքան սխալներ կան։ Ինչքան  փոխելու բան կա։ Տղաներով որոշեցինք, որ անպայման մի օր տեղափոխվելու ենք Հայաստան։ Առաջինը ես խոսքը գործ դարձրի։ Նախ ինքս ինձ ասացի, որ գնում եմ, հետո՝ մյուսներին։ Բոլորը զարմացել են։ Ասում են՝ հաստատ խելքդ թռցրել ես։ Գնում ես՝ ի՞նչ անես։ Մոսկվայում ամեն ինչ ունես՝ տուն, ընտանիք, լավ աշխատանք, համբավ։ Հիվանդանոցում առաջարկել են վերանայել աշխատավարձս, պաշտոնս, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Ես որոշել եմ վերադառնալ Հայրենիք։ Շուտով կգա նաեւ կինս։ Նա նույնպես բժիշկ է։ Աղջիկս Կանադայում է սովորում, տղաս՝ Մոսկվայում։ Ավարտելուց հետո նրանք էլ կմիանան մեզ։ Այստեղ տուն կառնենք։

Շահեն Դանիելյան Շահեն Դանիելյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Համոզել եմ վերադառնալ նաեւ իմ լավագույն աշակերտին։ Վազգենը 35 տարեկան է։ Կնոջ ու երեխաների հետ նա էլ կտեղափոխվի Հայաստան։ Շատ խոստումնալից բժիշկ է՝ հանգիստ կպառկեմ նրա վիրահատական սեղանին։ Վազգենի պես մասնագետները պետք են Հայաստանին։

 

Ամռանը Երեւան կտեղափոխվեն նաեւ ընկերներս՝ Նորայր Զախարյանն ու Ատոմ Տեր-Գրիգորյանը։ Նորայրը Մոսկվայի 31-րդ հիվանդանոցի օրթոպեդիայի բաժանմունքի վարիչն է, 2019-ին ճանաչվել է Մոսկվայի լավագույն վնասվածքաբան-օրթոպեդ: Ատոմ Տեր-Գրիգորյանն էլ ղեկավարում է Օդինցովոյի հիվանդանոցի օրթոպեդիայի, վնասվածքաբանության եւ նյարդավիրաբուժության բաժանմունքները։

 

Հեշտ է Հայաստանը սիրել հեռվից

 

Ես վստահ եմ, որ ճիշտ որոշում է։ Դժվար է, բայց լավ է լինելու։ Հայաստանը սովորաբար սիրում են հեռվից. այդպես հեշտ է։ Մենք որոշել ենք անել հակառակը։ Ուզում ենք օգնել, ուզում ենք ինչ-որ բան փոխել դեպի լավը։ Հուսով եմ՝ կստացվի։ Չկա որեւէ վիրահատություն, որն արել եմ Մոսկվայում ու չեմ կարող անել Երեւանում։

Շահեն Դանիելյան Շահեն Դանիելյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատերն ասում են, որ Հայաստան վերադարձն ինձ համար հետքայլ է. մոսկովյան համակարգված կյանքը ես փոխարինում եմ հայկական անորոշությամբ։ Բայց ես կարծում եմ՝ սա ինձ համար մարտահրավեր է։ «Սկլիֆում» իմ աշխատանքն ամեն օր սկսվում էր առավոտյան 7-ին։ Այստեղ էլ այդ ժամին կլինեմ հիվանդանոցում։ Կհասնեմ առանց խցանումների, կգնամ, կաշխատեմ, մինչեւ մյուսները կգան (ծիծաղում է – հեղ․)։ Անելու շատ բան կա։ Կյանքում ամեն ինչ չէ, որ փողով է որոշվում։

 

Հանուն կյանքի

 

Որպես մասնագետ ես ճկուն եմ։ Բայց մաքսիմալիստ եմ։ Ասում են՝ ինձ հետ դժվար է աշխատել։ Յուրաքանչյուր վիրահատությունից հետո ասում եմ՝ կարող էի ավելի լավ անել։ Միշտ կատարելագործվելու տեղ կա։ Ամեն օր պետք է սովորել։

 

Ես միշտ վիրահատարան եմ գնում «как на праздник»։ Գիտեմ, որ վիրահատարան եմ մտնում, որ մարդը այդտեղից առողջացած դուրս գա։ Արդեն 26 տարի ես վիրահատարան եմ մտնում մահվանը հաղթելու համար, կշարունակեմ նույնը անել  նաեւ Հայաստանում։

 

Արփի Մուրադյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Շահեն Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին