Մեկնարկել է «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջադրումների փուլը - Mediamax.am

1693 դիտում

Մեկնարկել է «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջադրումների փուլը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Այսօրվանից մեկնարկում է «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջադրումների փուլը:

Շուրջ մեկ ամիս տեւած առցանց քվեարկության արդյունքներով արդեն որոշվել են 12 արհեստագործական ուղղություն, որոնցով անցկացվելու է մրցույթը:

 

Ուղղություններն են.

 

1.    Գինեգործ

2.    Գորգագործ

3.    Դերձակ

4.    Զարդագործ

5.    Զոդող

6.    Խոհարար

7.    Կահույքագործ

8.    Կոշկակար

9.    Հրուշակագործ

10.    Ավտոմեխանիկ

11.    Նվագարանագործ

12.    Պատշար

 

Հայաստանի եւ Արցախի վարպետները (23 տարեկան եւ բարձր), որոնց գործունեությունը համընկնում է վերոնշյալ 12 ուղղության հետ, այսօրվանից  կարող են առաջադրվել կայքի միջոցով:

 

Առաջադրումը կատարվելու է հետեւյալ եղանակով. կայքում  ընտրելով «Դառնալ մասնակից» կոճակը, անհրաժեշտ է լրացնել  հարցաթերթիկ եւ ներբեռնել վարպետի գործունեության մասին կարճ տեսանյութ (ցանկացած ձեւաչափի): Ինքնաառաջադրվել կարող են ինչպես վարպետները, այնպես էլ  քաղաքացիները կարող են  առաջադրել իրենց ծանոթ վարպետներին: Նրանք, ովքեր դժվարություն կունենան հարցաթերթիկը լրացնելու կամ տեսանյութի հարցում՝ կարող են զանգահարել +374 77 733 551 հեռախոսահամարով, նամակ ուղարկել contactus@varpetarmenia.am հասցեին կամ մրցույթի ֆեյսբուքյան էջին:

 

Բացի այդ, մրցույթի տարբերանշանով շրջիկ ավտոմեքենան՝ վարպետամոբիլը,  մայիսի 30-ից կշրջի բոլոր մարզերում՝ տեղեկացնելով մրցույթի մասին եւ օգնելով առաջադրվել մրցույթի հավակնորդներին:

 

Առաջադրումների  փուլը կավարտվի հունիսի 30-ին: Դրանից հետո մասնագիտական ընտրող հանձնաժողովը, ստացված տեղեկատվության հիման վրա, կընտրի վերոնշյալ 12 ուղղություններից  երկուական լավագույն թեկնածուների, որոնք էլ կանցնեն մրցույթի  հաջորդ  փուլ: Մրցույթի երկրորդ փուլն անցակցվելու է  «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ հեռուստաշոուի ձեւաչափով, որի ընթացքում 24 մասնակիցներից կընտրվեն 12 հաղթողները՝ ամեն ուղղությունից մեկական վարպետ:

 

Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգեւի (3 մլն դրամ) եւ աջակցություն կստանան  մրցույթի գործընկերների կողմից։

 

Նախատեսվում է, որ մրցույթը կդառնա ամենամյա: Մրցութային ուղղությունները հանրային քվեարկությունների միջոցով  ամեն տարի կարող են փոխվել: Բացի այդ, ամեն տարի մայիսին Գյումրիի Բարեկամության զբոսայգում կանցկացվի Վարպետների փառատոն, որին մասնակցություն կունենան ինչպես  մրցույթի հաղթող վարպետները, այնպես էլ նախորդ փուլերի մասնակիցները։

 

«Հայաստանի վարպետ»  մրցույթը նախաձեռնել են «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի հիմնադիր,  սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը եւ «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի կազմակերպիչն է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF)  բարեգործական հիմնադրամը: Մրցույթի գործընկերն է «Արմենիա» հեռուստաընկերությունը: Մրցույթը նպատակն արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրայնացումն է, աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումը։

 

Մրցույթի կազմակերպիչները  համագործակցելու են հանրապետության բոլոր մարզերի ու համայնքների հետ՝ ընտրելու եւ ներգրավվելու համար լավագույն վարպետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին