Վերնիսաժ, սահադաշտ ու նոր այգի՝ Գյումրիում - Mediamax.am

3185 դիտում

Վերնիսաժ, սահադաշտ ու նոր այգի՝ Գյումրիում


Լուսանկարը` TUF հիմնադրամ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` TUF հիմնադրամ

Լուսանկարը` TUF հիմնադրամ

Լուսանկարը` TUF հիմնադրամ

Արտյոմ Միքայելյանը
Արտյոմ Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անտոնիս Ցամուլիսը
Անտոնիս Ցամուլիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիլհելմ Հուգոն
Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարվա սեպտեմբերից Գյումրիի Բարեկամության այգին անճանաչելիորեն փոխվելու է: Այդ մասին դեռեւս վկայում են տարածքում փակցված պաստառներն ու ներսում ընթացող շինարարական աշխատանքները:

 

Այգում նախատեսվում է բացել արվեստների ու արհեստների քաղաքի առաջին Վերնսիաժը, որի տաղավարներում հուշանվերների վաճառքից բացի, անցկացվելու են տարատեսակ փառատոններ ու վարպետաց դասեր, իսկ ձմռանը Բարեկամության այգում գործելու է սահադաշտ։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-պետական համագործակցության եւ սոցիալ-տնտեսական զարգացման մոդել Գյումրիում։    

 

Վերնսիաժի 25 տաղավարների ու սահադաշտի կառուցմանն աջակցում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունն ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը, իրականացնում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

 

ԵՄ պատվիրակության ու GIZ ներկայացուցիչներն այցելել են Գյումրի, ծանոթացել Վերնսիսաժի տաղավարների կառուցման ընթացքին ու այգում իրականացվող աշխատանքներին։

 

Առաջին կանգառը Գյումրիի «Տեխնոսիթի» ընկերության արհեստանոցն է։ Այստեղ են հավաքվում ապագա Վերնիսաժի տաղավարները, որոնց ճարտարապետական դիզայնը մշակել է IND Architects բյուրոն։ Հայկական ավանդական տարրերի կիրառմամբ նախագծված տաղավարները կարող են ձեւափոխվել՝ ստանալով ալիքաձեւ, գծային կամ շրջանաձեւ դասավորություն։

Լուսանկարը` TUF հիմնադրամ

Յուրահատուկ է լինելու նաեւ տաղավարների ծածկը՝ հայկական տարազի ու կարպետների զարդանախշերի կիրառմամբ:

Լուսանկարը` TUF հիմնադրամ

 

«Տաղավարները կառուցում ենք էկոլոգիապես մաքուր նյութերով։ Աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի ու, ամենայն հավանականությամբ, առաջին նմուշներն այգում կտեղադրվեն այս տարվա սեպտեմբերին», - ասում է «Տեխնոսիթի» ՍՊԸ հիմնադիր Արտյոմ Միքայելյանը։

Արտյոմ Միքայելյանը Արտյոմ Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանի խոսքով՝ այգում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է մոտ 60 տաղավար տեղադրել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«25 տաղավարների տեղադրումն առաջին քայլն է, որպեսզի տեսնենք՝ ինչ արձագանքներ կլինեն: Տաղավարները գործելու են տարվա բոլոր եղանակներին, ձմռանը դրանք ջեռուցվելու են: Վստահ եմ՝ Վերնիսաժի բացումը մեծ ակտիվություն է առաջացնելու, ու շատ կլինեն արհեստավորներ նաեւ մյուս մարզերից: Նրանց աշխատանքները եւս սիրով կցուցադրենք Գյումրիում», - ասում է Ելենա Մուրադյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս շրջանում մշակվում է հայեցակարգը, ըստ որի՝ տաղավարները տրամադրվելու են այս կամ այն արվեստագետին, արհեստավորին կամ արտադրությանը: Ելենա Մուրադյանի խոսքով՝ տեղացիներին կտրվի որոշակի արտոնություն: Բարեկամության այգին եւս ունենալու է հուշանվերների սեփական արտադրություն:

 

Այգու վերակառուցման ծրագրի ներկայացուցիչները հույս ունեն, որ չի ուշանա նաեւ սահադաշտի բացումն ու արդեն այս տարվա ձմռանը Գյումրիում այցելելու արժանի նոր ու հետաքրքիր վայր կլինի.

 

«Սահադաշտը Հայաստան պետք է ներմուծվի հատուկ, նախկինում այստեղ չկիրառված տեխնոլոգիայով: Հուսով ենք՝ այս տարվա ձմռանը գյումրեցիները սահադաշտ կունենան», - ասում է Ելենա Մուրադյանը:

Անտոնիս Ցամուլիսը Անտոնիս Ցամուլիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը Գյումրիում առաջին անգամ է: Տաղավարների կառուցման ընթացքին ու նախագծին ծանոթանալուց հետո ասում է՝ որպես Եվրամիության ներկայացուցիչ՝ հպարտ է, որ աջակցում են այս ծրագրի իրականացմանը.  

 

«Կարծում եմ՝ Վերնիսաժի բացումը ոչ միայն կբարձրացնի Գյումրիի զբոսաշրջային գրավչությունն, այլեւ, ինչն առավել կարեւոր է, հնարավորություն կտա տեղացի արտադրողներին, արվեստագետներին ու արհեստավորներին՝ ցուցադրել իրենց հիանալի ստեղծագործություններն ու նպաստել տեղական տնտեսության զարգացմանը»:

Վիլհելմ Հուգոն Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գյումրին արդեն իսկ զբոսաշրջային կենտրոն է, բայց անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել զբոսաշրջային արտադրանքը», - ասում է ITTD ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն:

 

«Բարեկամության այգու վերակառուցումից հետո մարդիկ հնարավորություն կունենան Գյումրի այցելել եւ՛ ամռանը, եւ՛ ձմռանը՝ բոլոր եղանակներին ունենալով հետաքրքիր զբաղվածություն»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյումրիի Բարեկամության այգում Վերնիսաժի 25 տաղավարների ու սահադաշտի կառուցման արժեքը 600 հազար եվրո է. 300 հազար եվրո տրամադրել է Եվրամիությունը, գումարի մյուս կեսը՝ TUF հիմնադրամը:

 

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն շուրջ 12 մլն դոլար է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այժմ ընթանում են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների, լուսավորության եւ հիմնական ճեմուղիների կառուցման աշխատանքներ, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում։

 

Գյումրիի Բարեկամության այգին իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թ․ աշնանը:    

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին