Մայիսի 7-ին կանցկացվի «Չարենցին՝ Չարենցինը» միջոցառումը - Mediamax.am

1761 դիտում

Մայիսի 7-ին կանցկացվի «Չարենցին՝ Չարենցինը» միջոցառումը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան։ Մեդիամաքս։ Մայիսի 7-ին, ժամը 18:00 Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կանցկացվի «Չարենցին՝ Չարենցինը» միջոցառումը։

Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով լույս է տեսել «Գիրք ճանապարհի» ժողովածուի առաջին՝ 1933 թվականի հրատարակության բնագիրը՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի աշխատասիրությամբ: Գրականագետը օրերս ընթերցողին դատին է հանձնել նաեւ իր «Չարենց: Երեք ուսումնասիրություն» գիրքը:

 

Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։

 

Չարենցի տուն-թանգարանում Արքմենիկ Նիկողոսյանը հանդես կգա դասախոսությամբ՝ նվիրված «Գիրք ճանապարհի» ժողովածուին:

 

«Իրականում մտահղացված ու իրացված լինելով որպես պետականության ու դրա կառուցման, պահպանման, հոգեւոր-բարոյական կառույցի ու նկարագրի, պատմության փորձի ու գալիքի ուղերձների, ժողովրդի ու առաջնորդի վարքականոնների մատյան, յուրօրինակ սահմանադրություն, «Գիրք ճանապարհին», մանավանդ՝ «Արվեստ քերթության» եւ «Գիրք իմացության» բաժինների հարկադրյալ ներմուծմամբ, դարձավ պատմության, կյանքի, արվեստի ճանապարհների բանաստեղծականացում ու տասնամյակներով այդպես էլ մեկնաբանվեց:

 

Այնինչ՝ «Գիրք ճանապարհի»-ի՝ 1933 թվականի առաջին հրատարակությունը իր կառուցվածքային եւ բովանդակային պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախեւառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը: Հետագա տասնամյակներում Չարենցի երկերի հրատարակություններում «Գիրք ճանապարհ»-ի առաջին հրատարակության արգելված էջերը վերականգնվեցին, վերլուծվեցին եւ, բնականաբար, քաջածանոթ են ընթերցողին: Սակայն «Գիրք ճանապարհին» իր նախնական ու, ըստ էության, իրակա՛ն կառուցվածքով ու հետեւաբար ասելիքով՝ մնաց անծանոթ: 1934-ի հրատարակությանը հավելված գործերը, իրենց մեծ գեղարվեստական արժեքով հանդերձ, մշտապես խանգարել են Չարենցի բո՛ւն ասելիքի ընկալմանը»,- ասել է Արքմենիկ Նիկողոսյանը։

 

«Գիրք ճանապարհի»-ի այս հրատարակությունը, որ նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին, բովանդակային եւ կառուցվածքային առումով տառացիորեն կրկնում է 1933 թվականի առաջին՝ արգելված տարբերակը: Շտկվել են միայն ակնհայտ որոշ վրիպակներ եւ փոխվել է ուղղագրությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին