Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են ՊՊԾ պետի պահվածքը - Mediamax.am

1814 դիտում

Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են ՊՊԾ պետի պահվածքը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Մայիսի 2-ին Երեւանում ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաների ժամանակ խոչընդոտվել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը։

 

Մասնավորապես՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում նախ ագրեսիվ պահվածք  է դրսեւորել «Mediahub.am» լրատվական կայքի թղթակից Նարե Գնունու նկատմամբ՝ հարվածելով նրա ձեռքի բարձրախոսին, ապա ոտքով խփել է նույն կայքի օպերատոր Արման Ղարաջյանին ու վնասել տեսախցիկը։

 

Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ոստիկանների ու քաղաքացիների միջեւ բախման արդյունքում վատացել է «Yerkir.am» լրատվական կայքի թղթակից Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը, որին առաջին օգնություն է ցուցաբերվել։

 

Հերացի փողոցում իրավապահները հարվածել են «AntiFake.am» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին եւ խոչընդոտել նրա աշխատանքը, իսկ նույն կայքի մեկ այլ լրագրող Իշխան Խոսրովյանին քաշքշել են Խանջյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում։

 

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հերթական անգամ արձանագրում ենք, որ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ցանկացած սրացման պայմաններում ավելանում են նաեւ լրագրողների եւ օպերատորների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները։ Սա հաճախ նաեւ իրավապահ մարմինների ծառայողների անբավարար պրոֆեսիոնալիզմի եւ մարդկանց՝ այդ թվում նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ բարեկիրթ հաղորդակցվելու ունակություն չդրսեւորելու հետեւանք է։

 

Խստորեն դատապարտելով զանգվածային ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների ու օպերատորների նկատմամբ հարձակումները իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ կառավարությունից պահանջում ենք.

 

-    ծառայողական քննություն նախաձեռնել եւ պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին եւ իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին,

 

-    համապատասխան ցուցումներ տալ եւ՛ ՊՊԾ-ին, եւ՛ Ոստիկանությանը, որպեսզի իրենց գործողություններով չխախտեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերեն նրանց նկատմամբ»։

 

Հայտարարությունը ստորագրել են.

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն

Երեւանի մամուլի ակումբը

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը

Լրագրողների «Ասպարեզ» ակումբը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը

Հանրային լրագրության ակումբը

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն

Գորիսի մամուլի ակումբը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին