«Շուշի. մտաքարտեզներ». պահպանելով քաղաքի մասին հիշողությունները - Mediamax.am

exclusive
2367 դիտում

«Շուշի. մտաքարտեզներ». պահպանելով քաղաքի մասին հիշողությունները


Շուշիում 1996 թվականին
Շուշիում 1996 թվականին

Լուսանկարը` Leo Erken

Շուշին
Շուշին

Լուսանկարը` Neil Hauer

Տիգրան Ամիրյանը
Տիգրան Ամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Ամիրյանը
Տիգրան Ամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուշին
Շուշին

44-օրյա պատերազմից հետո քարտեզները, նոր սահմանները, սահմանազատումը դարձան հայ իրականության ամենազգայուն թեմաներից մեկը։ Երկրների ղեկավարները ցավոտ հարցերը փորձում են լուծել արխիվային փաստաթղթերով, քարտեզներով, GPS-ով։ Մինչդեռ հայրենիք ու տուն կորցրած արցախցիներն ունեն իրենց անձնական քարտեզները՝ ամրագրված հիշողություններով, զգացմունքներով, այդ տարածքում ապրած կյանքով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմի ավարտից օրեր անց «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիան» որոշեց գրի առնել ու պահպանել Շուշիի հայ բնակչության հիշողություններն իրենց քաղաքի մասին։ Հարցազրույցներին զուգահեռ տեղահանված շուշեցիներին խնդրեցին թղթի վրա պատկերել քաղաքի քարտեզն այնպես, ինչպես այն մնացել է իրենց հիշողություններում, ընկալումներում։

 

«Իրենց համար միայն մեկ ճիշտ քարտեզ կա, որն ամենաիրականն է, որովհետեւ չի պահանջում ապացույցներ։ Միակ ապացույցն իրենց կյանքն է։ Մտաքարտեզների մեթոդը հաճախ կիրառվում է փախստականների հետ աշխատանքում, նաեւ ունի թերապեւտիկ նշանակությունը։ Մարդը ստանում է հնարավորություն դուրս բերել այն, ինչ թաքնված է իր ուղեղում, հիշողության մեջ։ Մարդաբաններն ասում են, որ այդ պատկերի ու հիշողության արանքում է գտնվում այն ծանր շերտը, որ անվանում ենք տրավմա։ Պատկերելը տրավմայից ազատվելու եւս մի քայլ է»,-ասում է «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ տնօրեն եւ «Շուշի. մտաքարտեզներ» գրքի խմբագիր Տիգրան Ամիրյանը։

Տիգրան Ամիրյանը Տիգրան Ամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա այսպիսի նախագծեր արել է նաեւ այլ քաղաքներում, բայց, ասում է, այս մեկը  տարբերվում էր։ Տրավման շատ թարմ էր, աշխատելը դժվար էր թե՛ իրենց, թե՛ զրուցակիցների համար։ Հաճախ հարցազրույցը սկսում էին ընտանիքի անդամներից մեկի հետ, հետո նրան միանում էին մյուսները․ լրացնում, ուղղում, հուշում էին միմյանց։  Անհատական հիշողությունները դառնում էին ընտանեկան։

 

Գրքի խմբագիրն ասում է, որ ամենատրավմատիկն այն քարտեզներն են, որոնք պատկերում են փախուստի ճանապարհները, ռազմական առումով փոխված քաղաքը։

 

Հեղինակները նկատում են, որ տղամարդիկ ու կանայք տարբեր կերպ են ընկալում, հիշում ու պատկերում Շուշին։

Շուշին Շուշին

 

«Նախեւառաջ, փորձում էինք հասկանալ իրենց ամենօրյա երթուղին՝ որտեղից ուր են գնում, ինչ կարճ ճանապարհներ գիտեն, ինչպես են դրանք անվանում։ Կանայք քաղաքի բոլորովին այլ պատկեր ունեին, որովհետեւ երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանելու համար գիտեին կարճ ճանապարհներ ու դրանց լոկալ անվանումները՝ իրենց բարբառով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տղամարդկանց հիշողության մեջ դա ընդհանրապես չկար, իրենք գիտեին մեքենայի ճանապարհը ու մի պաշտոնական անվանում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Փորձում էինք նաեւ հասկանալ, թե ինչպես են ապրել մահմեդական շինությունների հարեւանությամբ, ինչպես են վարվել դրանց հետ, ինչ են զգացել։ Եղավ մի դեպք, որ կինը պատկերեց իրենց թաղամասը, իսկ ամուսինը, որի ոտքը պատերազմից հետո վնասվել էր եւ այդ պահին դեռ ֆիզիկական ցավի կրողն էր, շատ անսպասելի ռետին ուզեց։ Հետո վերցրեց ու կնոջ նկարած մզկիթը ջնջեց։ Դա վկայում է սելեկտիվ հիշողության մասին, իրենք ընտրում են՝ ինչը հիշել, ինչը մոռանալ։

 

Զրույցներից նաեւ մեր տարածաշրջանին բնորոշ հայրիշխանությունն էր ակնհայտ դառնում։ Երբ կանայք խոսում էին, տղամարդիկ ընդհատում ու սկսում էին «ավելի ճիշտ» տարբերակը ներկայացնել։ Կամ, ընդհակառակը, շատ լուռ էին լինում։ Մի դեպք ինձ շատ ցնցեց։ Մի ընտանիքում հարցազրույց էի անում կանանց հետ, իսկ ընտանիքի փեսան, որը միակ բնիկ շուշեցին էր, լուռ նստած էր, ոչ մի հարցի չէր պատասխանում, չէր խառնվում։ Բայց երբ 4 ժամ հետո ավարտեցի, ինձ ճանապարհելու պատրվակով դուրս եկավ ու դրսում մոտ 2 ժամ պատմեց իր քաղաքի, պատերազմի, վախերի մասին, այն, ինչ ամաչում էր պատմել կանանց ներկայությամբ»,-հիշում է Տիգրան Ամիրյանը։

Շուշիում 1996 թվականին Շուշիում 1996 թվականին

Լուսանկարը` Leo Erken

Ասում է՝ ըստ տարիքի՝ տարբերվում են նաեւ հիշողության ձեւերը։ Մեծահասակաների դեպքում հետհիշողությունն է ակտիվ։ Նրանք, ովքեր Շուշիում անդադար չեն ապրել, այլ տեղափոխվել են առաջին պատերազմից հետո, շատ հիշողություններ, որ կարծում են, թե իրենցն է, իրականում «յուրացրել» են ընտանիքի, հարեւանների պատմություններից։

 

Իսկ Շուշիում ծնված ու մեծացած երիտասարդների համար այլ հարազատ քաղաք չկա, ու դա երեւում է նաեւ քարտեզներում. նրանք պատկերում են քաղաքի՝ շատերի համար անհայտ ու գաղտնի վայրերը ու անպայման մակագրում՝ Շուշի։

 

«Այս տեսանյութում ավերում են մեր շենքը, մի քանի անգամ նայել եմ, կամ արտասվել եմ, բղավել կամ անիծել ինչ-որ մեկին՝ իմ մանկությունն ավերելու համար...»,- գրքում մեջբերված է մի շուշեցու ֆեյսբուքյան գրառում։

 

«Մանյա բաբոյի շենքը», «Դոնարին մագազինը», «Զուբնոյի շենքը»… սրանք միայն շուշեցիներին հասկանալի տեղանուններ են, որ որեւէ պաշտոնական քարտեզում չես գտնի։ Նրանց գծած քարտեզներում ամենահաճախ հանդիպող կողմնորոշիչ կառույցը սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է, նաեւ՝ մզկիթը։

 

Առաջին պատերազմից հետո Շուշի վերադարձածների կամ այստեղ վերաբնակեցվածների քարտեզները հիմնականում սկսվում են ճանապարհից՝ այն տեղից, որից ժամանակին մուտք են գործել քաղաք։ Տարեցների մոտ երկու հիմնական կառույց է գերիշխում՝տունն ու եկեղեցին։

Շուշին Շուշին

Լուսանկարը` Neil Hauer

Տիգրանն ասում էր, որ արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների փախստականության փորձը տարբեր է, եւ դա նախեւառաջ պայմանավորված է մեդիայի ու տեղեկատվական միջոցների առկայությամբ։ Տեղահանվածները հաճախ ափսոսանքով են հիշում Շուշիի իրենց տներում մնացած ֆոտոալբոմները, ու հնարավոր միջոցներով փորձում վերադարձնել դրանք։

Տիգրան Ամիրյանը Տիգրան Ամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հետաքրքիր է, թե ինչպես են տեղահանվելուց հետո շարունակում հաղորդակցվել ադրբեջանցիների հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում իրենց տան հետ։ Հիմնականում դա անում են բլոգերի, տելեգրամյան ալիքների, ֆեյսբուքյան էջերի միջոցով։ Կան արցախցիներ, որ կեղծ հաշիվներ են բացում, որ շփվեն իրենց տան նոր տերերի կամ իրենց հին ադրբեջանցի հարեւանների հետ։ Եվ երբեմն շփվում են շատ հանգիստ»։

 

 «Մի մարդ գտանք, որ վերադարձել էր Շուշի՝ իր տունը տեսնելու, ու մեր տունն էր ցույց տալիս, ուրիշ հայերի տներն էլ էր ցույց տալիս ու ասում, որ մտահոգվում ա, թե ինչի են սենց արել էս հայերի տները։ Իմ համար զարմանալի էր, որ տենց ա էդ մարդը խոսում, 60-ին մոտ մարդ կլիներ էլի։ Ու տենց անոնիմ քրոջս հետ մի հատ պրոֆիլ ստեղծեցինք ու իրան գրեցինք, որ մենք հայ ենք, Շուշիից ենք ու ըտեղ լուսանկարներ ենք թողել, կօգնե՞ք մեզ, թեկուզ փողով, էդ լուսանկարները հանել։ Ասեց՝ ես արդեն Բաքվում եմ, բայց սիրով կօգնեմ, ես վերադառնամ Շուշի, դուք հասցեն կասեք, ես կփորձեմ»,- գրքում մեջբերված է շուշեցիներից մեկի պատմությունը։

 

«Շուշի. մտաքարտեզներ» գիրքը, որ հրատարակվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի աջակցությամբ, երեք հոդված-գլուխներից է բաղկացած։ Դրանցից մեկը ներկայացնում է քաղաքի առօրյան եւ «տան» գաղափարի շուրջ շուշեցիների մտորումները, մյուսը Շուշիի կորստի մասին երկու սերունդների՝ 100 տարվա տարբերությամբ հիշողությունների համեմատությունն է։ Երրորդ հոդվածն ամփոփում է հետազոտական աշխատանքի ընթացքն ու մեթոդաբանությունը։ Ներկայացված է նաեւ 30 մտաքարտեզ, քաղաքի արխիվային լուսանկարներ եւ երկու բանավոր պատմության սղագրություն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրքի խմբագիրը երկու կարեւոր հանգամանք է առանձնացնում։ Շուշեցիների պատումներում չկա ատելություն։ Եվ չնայած՝ տեղահանված լինելուն, նրանք շարունակում են պահպանել իրենց սոցիալական կապերը եւ Շուշիում ապրելու ու աշխատելու մասին անցյալով չեն խոսում։ Զգայական առումով քաղաքը դեռ հայ բնակիչներին է պատկանում։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին