Վարպետների մրցույթը մեկնարկեց Վարպետաց քաղաքից - Mediamax.am

2116 դիտում

Վարպետների մրցույթը մեկնարկեց Վարպետաց քաղաքից


Լուսանկարը` TUF հիմնադրամ

Լուսանկարը` TUF հիմնադրամ

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` TUF հիմնադրամ


2022թ. ապրիլի 26-ին Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ազդարարվեց «Հայաստանի վարպետ» մրցույթը, որը կազմակերպել է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF)  բարեգործական հիմնադրամը:

 

Փականագործ, քարագործ, դերձակ, խոհարար, խառատ, կահույքագործ, ոսկերիչ: Այս շարքում տեղ են գտել 30 անուն արհեստագործական մասնագիտություններ, որոնք հայաստանյան աշխատաշուկայի մաս կազմում են, բայց մասնագետների բացը գրեթե բոլոր տեղերում առկա է։ Լավ մասնագետ գտնելու ու լավ վարպետի մոտ հագուստ, կոշիկ կարելու կամ մեքենան նորոգելու, կամ էլ շինարարին տան կառուցումն ու վերանորոգումը հանձնելը բարդ խնդիր է։

 

Լավագույն վարպետներին գտնելու, նրանց խրախուսելու ու մասնագիտությունները հանրայնացնելու, երիտասարդներին ներգրավելու ու աշխատաշուկան համալրելու համար նախաձեռնել են «Հայաստանի վարպետ» մրցույթը։

 

«Մենք հասկանում ենք, որ եթե ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, հասարակություն ու ազգ, պետք է հարգենք ուսուցչին, բժշկին, զինվորին ու վարպետին։ Վարպետի կոչումը մարդուն տալիս է ոչ թե պետությունը, այլ ժողովուրդը՝ ուզում ենք այդ ավանդույթը պահպանել ու համաժողովրդական որոշմամբ ընտրենք լավագույն վարպետին»,- իր խոսքում նշեց TUF հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` TUF հիմնադրամ

Մրցույթի արդյունքում կորոշվեն Հայաստանի լավագույն վարպետները 12 անվանակարգերում, որոնք կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակին։ Առայժմ առանձնացվել են արհեստագործական 30 ուղղություններ, որոնցից ընտրվելու են 12-ը։

 

Նախաձեռնությունը նաեւ նպատակ ունի օգնել նոր չափորոշիչների ստեղծմանը՝ որակ, փորձառություն, գործը փոխանցելու պատրաստակամություն։

 

«Նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել արհեստագործական մասնագիտությունների հեղինակությունը, ներգրավել երիտասարդներին, պահպանել արհեստները», - ասել է «Ապրելու» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մեսրոպ Առաքելյանը:

 

Մրցույթի համար գործարկվել է www.varpetarmenia.am կայքը: Մասնագիտական 12 ուղղությունները կորոշվեն կայքի միջոցով շուրջ մեկ ամիս տեւող առցանց քվեարկության արդյունքում։ Դրանից հետո կհայտարարվեն ամենամեծ թվով ձայներ ստացած 12 ուղղություններն ու անվանակարգերը, որոնցով էլ կանցկացվի մրցույթը:

 

Մրցույթին կարող են մասնակցել 23 տարեկանից բարձր վարպետներ, ովքեր ապրում են Հայաստանում եւ Արցախում:

 

Առաջին փուլում վարպետները կարող են առաջադրել իրենց թեկնածությունները՝ լրացնելով կենսագրական թերթիկը եւ ներկայացնելով տեսաուղերձ իրենց գործունեության մասին: Բացի այդ, Հայաստանի տարածքով կշրջեն աշխատանքային խմբեր, որոնք նույնպես կփնտրեն վարպետների: Կազմակերպիչները նաեւ կոչ են անում քաղաքացիներին առաջադրել իրենց ծանոթ վարպետներին։

 

Մրցույթի երկրորդ փուլ կանցնեն այն 24 վարպետները, որոնց կենսագրական թերթիկներն ու տեսաուղերձներն ամենաբարձր գնահատականին կարժանանան: 12 լավագույնները կընտրվեն հեռուստատեսային շոուի ընթացքում, որը պատրաստելու եւ «Արմենիա» հեռուստաընկերությունը:

Լուսանկարը` TUF հիմնադրամ

«Մասշտաբային նկարահանումներ են իրականացվելու մարզերում՝ ներկայացնելով նաեւ տեղի կոլորիտն ու մշակույթը։ Հուսով ենք, որ նախագծի ընթացքում հասարակության մոտ հետաքրքրություն կառաջանա այնպիսի մասնագիտությունների նկատմամբ, որոնց առանցքում հայ մարդու ձեռքի շնորհը, հմտությունն ու վարպետությունն է»,- նշել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը։

 

Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակին եւ դրամական պարգեւի (3 մլն ՀՀ դրամ)։

 

Մրցույթը լինելու է ամենամյա: Նախատեսվում է, որ ամեն տարվա մայիսին Գյումրիի Բարեկամության զբոսայգում կանցկացվի վարպետների փառատոն, որին մասնակցություն կունենան ինչպես հաղթած վարպետները, այնպես էլ մրցույթի նախորդ փուլերի մասնակիցները:

 

Անահիտ Հարությունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին