Իջեւանում երիտասարդների համար «Ընտանիքի անկյուն» է բացվել - Mediamax.am

691 դիտում

Իջեւանում երիտասարդների համար «Ընտանիքի անկյուն» է բացվել


Լուսանկարը` UNFPA Armenia

Լուսանկարը` UNFPA Armenia

Լուսանկարը` UNFPA Armenia

Լուսանկարը` UNFPA Armenia


Երեւան: Մեդիամաքս: Իջեւանում, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ապրիլի 22-ին բացվել է «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը:

«Ընտանիքի անկյունում» երիտասարդ տղամարդիկ եւ կանայք կարող են ձեռք բերել ծնողավարության հմտություններ եւ ուսումնասիրել ընտանեկան մարտահրավերներին դիմակայելու արդյունավետ ուղիներ:

 

«Մեր առաքելությունն է մեր երկրում ստեղծել այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր անհատ լիովին կարողանա իրացնել իր ներուժը, ինչից կշահեն թե՛ ընտանիքը, թե՛ համայնքն ու պետությունը։ Մենք աշխատում ենք թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հետ՝ փորձելով մի կողմից հզորացնել կանանց, մյուս կողմից՝ տղամարդկանց ավելի շատ ներգրավել ընտանիքի եւ երեխայի խնամքի գործերում»,- ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը:

Լուսանկարը` UNFPA Armenia

Տավուշի մարզում բացված «Ընտանիքի անկյունն» արդեն երրորդ այսպիսի կենտրոնն է. 2020 թվականից Շիրակում, իսկ 2021 թվականից Վանաձորում գործում են «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնները:  

 

«Կառավարությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել օրենսդրության եւ քաղաքականության մեջ գենդերային բաղադրիչի ինտեգրման, կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի բարելավման ուղղությամբ։ Մեզ համար կարեւոր է հասարակության մեջ առկա կարծրատիպերի հաղթահարումը, ընտանեկան բռնության կանխարգելումն ու գենդերային խտրականության դեմ պայքարը»,- ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը։

Լուսանկարը` UNFPA Armenia

Մարիամը, ով Իջեւանի «Ընտանիքի անկյան» շահառուներից է եւ կենտրոնի բացման արարողության ժամանակ իր ամուսնու հետ կտրեց կարմիր ժապավենը, շեշտել է. «Սա շատ կարեւոր նախաձեռնություն է Տավուշի մարզի երիտասարդների եւ ընտանիքների համար: Այստեղ մենք հանդիպում ենք իրար, քննարկում ծնողավարության եւ ամուր ընտանիք ունենալու լավագույն ուղիները»:

 

Բացման արարողության մաս են կազմել «Արեւիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաների «Հայրիկները կարեւոր են» խորագրով ցուցահանդեսը եւ Իջեւանի երաժշտական դպրոցի սաների երաժշտական ելույթը:

Լուսանկարը` UNFPA Armenia

Իջեւանի «Ընտանիքի անկյունը» ստեղծվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ` «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի եւ բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը եւ համատեղ իրականացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու «ՄԱԿ Կանայք»-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին