Առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կիրականացվի 3 փուլով - Mediamax.am

2117 դիտում

Առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կիրականացվի 3 փուլով


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ առաջին դասարանցիների առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից`«Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով:

1-ին փուլ

 

Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու, ինչպես նաեւ ծնողի աշխատելու հանգամանքը։ Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում։

 

2-րդ փուլ

 

Հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական պետական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար։

 

3-րդ փուլ

 

Հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաեւ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ իրենց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Այս կարգավորումը  տարածվում է նաեւ այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ  քաղաքացի է, մյուսը` ոչ:  

 

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում

 

Երկյակ, եռյակ, քառյակ եւ ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որեւէ հանրակրթական դպրոցում հիմք է նույն հաստատություն մյուս երեխաների ընդունելության համար՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

 

Նախապես ստուգել երեխայի եւ ծնողի տվյալների ճշտությունը

 

Որպես հայտագրման նախապատրաստական կարեւոր քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով  երեխայի եւ ծնողի հանրային ծառայության համարանիշները պետք է մուտքագրել stugum.emis.am համակարգ եւ հավաստիանալ երեխայի անձնական տվյալների առկայության ու ճշգրտության հարցում։ Այս քայլն անհրաժեշտ  է բուն հայտագրման գործընթացի ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

 

ԿԳՄՍՆ-ից հիշեցնում են, որ առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր է այն պետական հանրակրթական դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին