«Չկա հայրենիք` չկա ոչինչ. պետք է կռիվ տալ բոլոր հնարավոր ճակատներում» - Mediamax.am

exclusive
3638 դիտում

«Չկա հայրենիք` չկա ոչինչ. պետք է կռիվ տալ բոլոր հնարավոր ճակատներում»


Լուսանկարը` Մեդիամաքս

Թորգոմ Գեւորգյանը
Թորգոմ Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թորգոմ Գեւորգյանը
Թորգոմ Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թորգոմ Գեւորգյանը
Թորգոմ Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վոլոդյա Ավդալյանը
Վոլոդյա Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վոլոդյա Ավդալյանը
Վոլոդյա Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վոլոդյա Ավդալյանը
Վոլոդյա Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիտակցված, թե չգիտակցված՝ պատերազմից հետո էլ յուրաքանչյուրիս կռիվը շարունակվում է: Այդ շարունակությունը նոր նահանջ է, թե գրոհ՝ միայն մեր ազատ ընտրությունն է: Այս հարցում Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակակիր ուսանող-զինվորներ Թորգոմ Գեւորգյանի եւ Վոլոդյա Ավդալյանի ընտրությունը հստակ է եւ վճռական:

 

Մեդիամաքսը տղաների հետ զրուցել է քաղաքացիական կյանքում հայրենիքին շարունակական ծառայության մասին:

 

«Եթե զոհվեի, գիտեի՝ ինչի համար»

 

Թորգոմ Գեւորգյան, ԵՊԲՀ ուսանող, ապագա բժիշկ

 

Բժիշկ դառնալ ցանկացել եմ դեռեւս մանկուց, բայց պատերազմի ժամանակ այդ ցանկությունն ավելի ամրապնդվեց: Հասկացա, որ կարող էի ավելի շատ մարդկային կյանքեր փրկել:

 

Ծառայել եմ Ջաբրայիլում՝ որպես կապի ջոկի հրամանատար: Հաճախակի էինք տագնապով դիրքեր բարձրանում, պատերազմի մեկնարկին կարծես հերթական անգամ բարձրանայինք, ոչ մի կանխատեսում չունեինք:

 

Առաջին զոհի լուրը ստանալուց հետո կյանքս միանգամից փոխվեց: Ճանաչում էիր մի մարդու, գալիս ու ասում են՝ զոհվել է: Սկզբից չես հասկանում, թվում է, թե ամբողջը խաղ է, հետո տեսնում ես նրա դին:

 

Հայրենիքը պաշտպանելու ցանկությունը եւ հայրենասիրությունն ավելի ամրապնդվեցին: Հենց առաջին վայրկյաններից մտածում էի, որ զոհվելու եմ, ու դա շատ սովորական էր, քանի որ գիտեի՝ ինչի համար եմ զոհվում: Մեր ընկերների կորստի համար շատ ենք ցավում, բայց միեւնույն է գիտենք, որ մեր հայրենիքի, հողի ու մեր սրբությունների համար կռվեցին եւ զոհվեցին:

 

«Եթե հիմա էլ կռիվն սկսվի, առանց մտածելու գնալու եմ»

 

Մեր բանակը շատ ուժեղ էր, բայց իրենց ուժերը շատ ավելին էին: Մենք կարող էինք ավելի հմուտ լինել, ավելի գրագետ գործել, բացթողումներն իրոք շատ-շատ էին: Ես մինչեւ հիմա էլ մտածում եմ՝ ինչը կարող էի այլ կերպ անել:

Թորգոմ Գեւորգյանը Թորգոմ Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե հիմա էլ կռիվը սկսվի, առանց մտածելու գնալու եմ: Ինձ հետ համակարծիք ընկերներ շատ ունեմ: Պատերազմը շատ բան փոխեց նաեւ ընկերության ընկալման մեջ: Եթե ընկեր ես համարում մեկին, բայց նա փախչում է, այլեւս չի կարող քեզ ընկեր լինել: Ու կան այնպիսի մարդիկ, որ չես էլ մտածի, թե մի օր կընկերանաս, բայց ամենածանր պահին անծանոթ մարդն այնպիսի աջակցություն է ցուցաբերում, որ ամենահարազատ մարդիկ էլ չէին կարողանա տալ: Այպիսի շատ մարդկանց եմ ընկեր համարում, որ թեկուզ 5-10 րոպե է եղել շփումը, բայց այդ կարՃ ժամանակահատվածը մի ամբողջ կյանք արժեր:

 

«Հաճախ էինք զրուցում հավատի մասին»

 

Աստվածաշունչս միշտ ինձ հետ էր: Մինչեւ բանակ գնալս Աստվածաշունչ չէի կարդում, բայց բանակում մի շատ խելացի տղա ունեինք, որ հավատքով էր: Նրա հետ հաճախ էինք զրուցում հավատքի մասին, եւ դա շատ էր օգնում:

 

Հրաշքով փրկության դեպքեր շատ եղան: Հենց առաջին օրը, երբ նահանջում էինք, որովհետեւ շրջափակման մեջ էինք, գնդակի հարվածը զենքիս կոթին կպավ, զենքս ընկավ մի քանի մետր, բայց ինձ չկորցրի, նորից վերցրի ու շարունակեցի կռիվը: Այդ պահին հատուկ ոչինչ չես զգում, ամեն ինչն էլ նորմալ է:

 

Մի անգամ էլ, երբ քնած էինք, ընկերս արթնացրեց ու ասաց, որ պետք է գնանք այդտեղից, երազ է տեսել: Ասում էի՝ չէ, մնանք, հետո զոռով ինձ բռնում տանում է, ու անցնում է երեւի 5 րոպե, այդ տեղին հրետանին հարվածում է: Մազից պրծնելու դեպքերը շատ են, բայց միեւնույն է, ինչքան էլ հավատքով ես, պետք է պատերազմի ժամանակ գրագետ գործես:

 

«Դժվար էր նորից կյանք մտնել»

 

Զորացրվելուց հետո հովանավոր էի փնտրում, որ վարձավճարս փոխհատուցի: Դիմեցի Հայ կրթական հիմնարկությանը եւ ընդգրկվեցի շահառուների շարքում: Բժշկությունն ինձ համար երազանքի մասնագիտություն է, եւ ես ուզում եմ այնպիսի բժիշկ դառնալ, որ կարողանամ զարգացնել բժշկությունը Հայաստանում: Դրա կարիքը շատ եմ տեսնում, շփվում եմ ոլորտի մասնագետների հետ, ու հասկանում՝ բացթողումները շատ են: Պետք է ամեն ինչ անենք, որ այս ոլորտում աշխարհի առաջատարը դառնանք: Պատերազմող երկրի համար դա առավել եւս կարևոր է:

Թորգոմ Գեւորգյանը Թորգոմ Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ համար սկզբում շատ դժվար էր նորից կյանք մտնել: Մինչեւ հիմա էլ ինչ-որ բան խանգարում է, կորստի ցավը շատ դանդաղ է մեջիցս դուրս գալիս: Փորձում եմ շատ չմտածել դրա մասին, դասերը հաճախ օգնում են, բայց այդ ցավն այնպիսին է, որ չի լինում մի օր, որ չհիշես, չես կարող չհիշել:

 

Ընկերներով պատերազմից խոսելիս միայն լավ պահերն ենք հիշում: Օրեր առաջ ընկերս ասում է՝ հիշու՞մ ես, որ գիշերը քնած էի, վառարանի վրա «պլեճ» էիր արել, եկար, քնից հանեցիր, կերանք միասին: Կամ էլ երբ նստում ենք մի սրճարանում, զգում բազկաթոռի փափկությունը ու հիշում, թե պատերազմի ժամանակ ոնց էր, էլի ժպտում ենք: Անցավ գնաց, ճիշտ է սպիները մնացին, բայց ...

 

«Ներքին կարգուկանոնից է կախված հաղթանակը»

 

Ծառայության ժամանակ ինժեներական աշխատանքներ կատարելը հիմնականում հաճելի գործ չէ: Մենք էլ նեղվում էինք թաքստոց փորելուց, բայց ով կմտածեր, որ այդ թաքստոցը մեր կյանքն է փրկելու: Հետաքրքիր է տեսնել նաեւ այդ փոխկապակցվածությունը, երբ օրինակ, պատերազմից 20 տարի առաջ ծառայածի փորած փոսը մեկ էլ հետո մեկի կյանքն է փրկում: Ինչքան կարեւոր է, որ նա ժամանակին այդ փոքրիկ ներդրումն արել էր:

Թորգոմ Գեւորգյանը Թորգոմ Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրի ներքին կարգուկանոնից է կախված մեր հաղթանակը: Եթե մարդիկ չեն կարողանում միմյանց սիրել, գոնե փորձեն հանդուրժող լինել մեկը մյուսի նկատմամբ: Շատ կարեւոր է թասիբը, մարդիկ պետք է այս հարցին լուրջ մոտենան, այնքան թասիբով լինեն, որ հայրենասիրությունը կարողանան իրենց մեջ պահել:

 

***

 

«Պարտավորված եմ զգում պահպանել բարձր առաջադիմությունը»

 

Վոլոդյա Ավդալյան, ՀՊՏՀ ուսանող, ապագա ֆինանսիստ

 

Տնտեսագիտության ոլորտն ուսումնասիրելուց հետո հասկացա, որ իմ սրտով մասնագիտացումը ֆինանսական ուղղությունն է: Սկսեցի ուսումս, եւ մեկ կիսամյակից զորակոչվեցի բանակ:

 

Ծառայել եմ Ստեփանակերտի կենտրոնական պաշտպանական շրջանում, մասնագիտությունս եղել է կապավոր: Հաշվարկների կատարման ու վերլուծական աշխատանքով այն որոշակիորեն նման էր քաղաքացիական կյանքում ընտրածս մասնագիտությանը: Նոյեմբերի 2-ին վիրավորվել եմ Թաղավարդ գյուղում դիպուկահարի հրազենից: Ստեփանակերտում վիրահատվեցի, իսկ հետվիրահատական շրջանը ու վերականգնողական բուժումս արդեն Երեւանում ստացա:

Վոլոդյա Ավդալյանը Վոլոդյա Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ նորից պետք է մտնեի ուսումնական կյանք, դիմեցի Հայ կրթական հիմնարկությանը եւ ստացա ուսման վարձի փոխհատուցում: Հիմա ինձ ավելի պարտավորված եմ զգում պահպանել բարձր առաջադիմությունը:

 

«Թշնամին զորեղ է միայն ժամանակավորապես»

 

Նոյեմբերի 9-ը լրիվ այլ աշխարհայացք ձեւավորեց: Այլ պատկերացումներ ունեինք, բայց կանգնեցինք կոտրած տաշտակի առջեւ: Պետք է կարողանայինք փակել այդ փուլն ու սկսել այնպիսինը, որով կհաղթահարեինք հետպատերազմյան ճգնաժամը ու երկիրը ոտքի կկանգնեցնեինք: Ժողովրդի մեջ պետք էր սերմանել չկոտրվելու եւ լավատեսության ոգին, միայն դա կարող է փրկություն դառնալ:

 

Մինչդեռ այսօր վատատեսական կարծրատիպերն են իշխում: Ասում են, թե մեր երկիրը չունի ապագա, մենք էլ չենք կարող ոչինչ փոխել, մեր թշնամին մեզնից զորեղ է: Այսպես խոսելով ոչինչ չի փոխվում, պետք է միջոցներ ձեռնարկել իրավիճակն ի օգուտ մեզ շրջելու համար: Թշնամին զորեղ է միայն ժամանակավորապես, ավելի զորեղ է իր տեխնիկայով եւ հարստությամբ, սակայն կան շատ ավելի կարեւոր արժեքներ, որոնք կարող են հաղթել փողին ու զենքերին:

 

«Պետք է կռիվ տալ բոլոր հնարավոր ճակատներում»

 

Մեր հասարակության մի ստվար զանգված մշտապես մեղավորներ է փնտրում, չեն փորձում ինչ-որ բանով էլ իրենք նպաստել: Դա պատասխանատվությունից խուսափել է, ինչը սխալ է: Յուրաքանչյուրը պետք է փոխի ինքն իրեն, հետո ազդի մյուսի վրա՝ բերելով ավելի ճիշտ ուղու: Դա շղթայական կշարունակվի, եւ մենք մի օր կունենանք առողջ հասարակություն, որը կկարողանա ճիշտ առաջնահերթություններ սահմանել:

 

Կրթության դերն այստեղ առաջնային է: Ամեն երիտասարդ պետք է ձգտի դառնալ մրցունակ մասնագետ, որ ունենանք հզոր աշխատաշուկա, որն էլ մեզ կդարձնի տնտեսապես ավելի հզոր երկիր: Թշնամու դեմ պետք է կռիվ տալ բոլոր հնարավոր ճակատներում, որպեսզի նա հասկանա, որ մեզ հետ պայքարելն անհնար է:

 

«Չկա հայրենիք` չկա ոչինչ»

 

Պատերազմից հետո հասկանում ես, որ Աստված քեզ տվել է երկրորդ կյանքի հնարավորություն, ու դու այն առավելագույնս ճիշտ նպատակի պետք է ծառայեցնես: Պետք է ապրենք այնպես, որ հետագա սերունդները չտեսնեն այն, ինչ մենք կամ մեր ավագ սերունդն է տեսել: Ամեն րոպեն պետք է ապրել հանուն ավելի հզոր հայրենիքի, որովհետեւ հայրենիքն ամենաբարձր արժեքն է: Այլ գաղափարախոսություն ինձ համար ընդունելի չէ:

Վոլոդյա Ավդալյանը Վոլոդյա Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե չկա հայրենիք, չկա ոչինչ: Շատ հայեր այսօր կորցրել են իրենց ազգային արժեքներն ու նայում են միայն անձնական շահին, բայց մենք չենք կարող գոյատեւել որպես անհատներ, որպես բնակչություն, եթե չկա հայրենիք: Եթե կորցնենք այն, կկորցնենք մեր ինքնությունը, ինչը մարդու մտավոր եւ հոգեւոր գոյության համար կործանարար է:

 

Հայ կրթական հիմնարկությունը շարունակում է ֆինանսավորել շուրջ 1200 ուսանողի: Կրթաթոշակները տրամադրվում են բարձր առաջադիմությամբ եւ միեւնույն ժամանակ ֆինանսական դժվարություններ ունեցող այն ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից հովանավորվող մասնագիտություններով: Այս սահմանափակումը, սակայն, չի գործում 44-օրյա եւ Ապրիլյան պատերազմներին մասնակից ուսանողների համար:

 

Կրթաթոշակ ստանալու համար դիմել կարելի է մինչեւ մայիսի 11-ը՝ լրացնելով առցանց հայտը:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին