Վարդանյան եւ Աֆեյան. «Ապագա ունենալու համար այսօրվա օրը պետք է փոխենք» - Mediamax.am

3974 դիտում

Վարդանյան եւ Աֆեյան. «Ապագա ունենալու համար այսօրվա օրը պետք է փոխենք»


Լուսանկարը`


«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնողներ Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը հարցազրույց են տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը՝ խոսելով նախորդ շաբաթ հրապարակված բաց նամակի ուղերձների մասին։ Մեդիամաքսը որոշ մտքեր է առանձնացրել հարցազրույցից:

 

Ուղին ինքներս պետք է որոշենք, ոչ թե ուրիշները

 

Ռուբեն Վարդանյան

 

Մենք շատ կարեւոր ժամանակներ ենք ապրում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝  ամբողջ աշխարհում։ Այս ժամանակը մեզ վրա մեծ պարտականություն է դնում, որովհետեւ աշխարհը փոխվում է։ Այս օրերը որոշելու են ոչ միայն տարբեր երկրների սահմանները կամ տարբեր երկրների հարաբերությունները, այլեւ՝ ապագա ընդհանուր աշխարհի զարգացումը։ Եթե ուզում ենք ապագա ունենալ, ապա այսօրվա օրը պետք է փոխենք։ Ոչ թե ուրիշ երկրներ կամ ուրիշ մարդիկ մեր ապագան պետք է որոշեն, այլ մե՛նք։

 

Նուբար Աֆեյան

 

20 տարուց ավելի Ռուբենի եւ շատ ուրիշների հետ Հայաստանին վերաբերող ծրագրերի շուրջ համագործակցության ընթացքում զանազան տարբեր իրավիճակներ ենք տեսել, զանազան մարդկանց հետ ենք աշխատել, բայց երբեք վտանգի այս զգացումը մեզ մոտ չի առաջացել։ Ունենք խնդիրներ, որոնց շուրջ մեր մոտեցումը պետք է փոխվի: Օրինակ, թե ինչպես կարող են  Սփյուռքը եւ Հայաստանը համագործակցել, եւ ոչ թե պարզապես իրար հետ հեռվից խոսել եւ վերադառնալ իրենց գործին։ Եվ, ընդհանրապես, համախմբվել եւ անդրադառնալ իրական վտանգներին, որ մեր առջեւ ծառացել են։ Դժվար իրավիճակում ենք, բայց մեր մոտեցումները պետք է տարբեր լինեն քան եղել են վերջին երեսուն տարիների ընթացքում։

 

Այդ փոփոխությունների համար մենք կոչ ենք անում, որ աշխարհի հայ ժողովուրդը, հատկապես ղեկավարները համախմբվեն, եւ այս թեմաների շուրջ լուրջ խոսակցություն ունենան, որովհետեւ առանց այդ խոսակցության, առանց  նոր մոտեցումներ ներկայացնող ծրագրերի եւ քայլերի, մեծ վտանգի մեջ կմնանք։

 

Սփյուռքի ապագան ամբողջովին կապված է Հայաստանի ներկայի եւ Հայաստանի ապագայի հետ

 

Նուբար Աֆեյան

 

Ապագան  ներկա գործողությունների կամ չկատարված գործողությունների հետեւանքն է։ Սփյուռքի ապագան նույնպես ամբողջովին կապված է Հայաստանի ներկայի եւ Հայաստանի ապագայի հետ։ Բայց ինչպե՞ս անենք, որ Սփյուռքի եւ Հայաստանի ժողովուրդը միասին կարողանան ապագայի ծրագրեր իրականացնել, եւ ինչպե՞ս անենք, որ  պատասխանատվությունը վերաբերի ոչ միայն ներկային, այլ նաեւ ապագային։ Ի՞նչ նկատի ունեմ՝ ապագա ասելով։  Օրինակ՝ հաջորդ սերունդը ինչպե՞ս է ներկայացված այս խոսակցություններում։ Ներկայացված չէ։ Բայց չէ՞ որ ավելի շատ իրենք են տուժելու։ Ուրեմն պատասխանատվությունը պետք է շատ ավելի լայն լինի։ Մյուս երկրներում այս հարցերը մամուլի, «ուղեղային կենտրոնների» հիմական քննարկումների առանցքում են, մեր պարագայում կարծես ոչ ցանկություն կա լսելու, եւ ոչ մասնակցելու։

 

Դա է իմաստը, որ մենք ասում ենք, որ պետք է շատ ավելի մեծ պատասխանատվություն ունենանք ապագայի, բոլորի հայերի հանդեպ։ Եվ եթե պատրաստ ենք այդ պատասխանատվությունը վերցնել իբրեւ տարբեր հայկական կազմակերպությունների ղեկավարներ, այդ պարագայում կկարողանանք ակնկալել, որ ժողովուրդը մեզ հետ կմասնակցի, եւ այդ ապագան կկարողանանք միասին ստեղծել։

 

Ռուբեն Վարդանյան

 

Մենք ունենք շատ լուրջ խնդիրներ, որոնք ծառացել են Հայաստանի կառավարության եւ հայկական աշխարհի առջեւ։ Օրինակ՝ Արցախի հարցը. այն ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ ողջ հայ ազգի, հայության հարցն է՝ ի՞նչ է լինելու, ինչպե՞ս է լինելու այդ հարցի լուծումը։ Այդ որոշումն ազդելու է ոչ միայն Արցախում ապրող ժողովրդի, այլեւ՝ ամբողջ հայության վրա։ Մենք ունենք Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրը: Ո՞վ իրավունք ունի այդ որոշումները կայացնելու։

Այդ որոշումները պետք է կայացվեն թափանցիկ, պրոֆեսիոնալ եւ միասին քննարկելով։ Ոչ մեկն իրավունք չունի միանձնյա որոշելու այդ հարցերը, որովհետեւ դրանք շատ ծանր հարցեր են։ Եվ այս հարցերի շուրջ քննարկումները շատ կարեւոր են։

 

Մենք պատրաստ ենք այդ պատասխանատվության մեջ մասնակցություն ունենալ եւ մեր լուման ներդնել։ Նույն կերպ մյուսներից ենք խնդրում, որ նրանք զգան այդ պատասխանատվությունը եւ հասկական, որ այսօրվա օրը մեզ անտարբեր նստելու ու սպասելու հնարավորություն չի թողնում։

 

Եթե ոչ մի բան չանենք, մեզ կարող է սպասել այն, ինչ եղել է 100 տարի առաջ։ Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից եւ ոչ թե նորից կրկնենք մեր սխալները։

 

Ամենակարեւոր ռեսուրսը յուրաքանչյուր հայի միտքն է

 

Նուբար Աֆեյան

 

Տարիների ընթացքում շատ եմ լսել, որ Ադրբեջանը նավթ ունի, իսկ Հայաստանի «նավթը» Սփյուռքն է։ Իմ կարծիքով, դա սխալ է։ Ամենակարեւոր ռեսուրսը, որ մենք ունենք տրամադրելու մեր ապագայի հաջողության համար, դա յուրաքանչյուր հայի միտքն է, խելքն է, յուրաքանչյուր հայի գաղափարներն են։ Երեւակայությունն առաջին քայլն է դեպի փոփոխություն։ Եթե չենք կարող երեւակայել, տեսնել տարբեր իրավիճակներ, եթե չենք կարող երեւակայել կամ տեսնել,  թե որոնք ենք այդ դժվարությունները, որ պետք է ընդունենք, որ ավելի լավ տեղ հասնենք, այդ պարագայում միասնաբար ոչ մի կոնկրետ քայլ չենք կարող անել։

 

Ռուբեն Վարդանյան

 

Այսօրվա օրը պահանջում է ոչ թե մեկ առաջնորդ, ոչ թե մեկ փրկիչ, այլ մարդիկ, որոնք իսկապես պատասխանատվություն են վերցնում իրենց վրա եւ առաջնորդների մի խումբ, որոնք իսկապես իրար հետ միասին, գուցե տարբեր կարծիք ունենալով, գուցե տարբեր ճանապարհ անցնելով, հասկանան, որ այս ճգնաժամը մեզանից պահանջում է դեռեւս չծնված երեխաների համար որոշումներ կայացնել։

 

Կարծում եմ, առաջնորդների լուրջ խնդիր կա, ոչ թե ղեկավարների, որոնք նշանակվել կամ ընտրվել են։ Այնպիսի առաջնորդների, որոնք, ինչպես Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էին իրենց վրա պարտականություն վերցնում, գործ էին անում ոչ թե այն պատճառով, որովհետեւ իրենց ինչ-որ մեկը հրաման կամ իրավունք էր տվել դա անելու։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին