Future Armenian. «Դեռեւս շատ ուշ չէ համախմբվելու եւ փրկելու մեր ապագան» - Mediamax.am

4022 դիտում

Future Armenian. «Դեռեւս շատ ուշ չէ համախմբվելու եւ փրկելու մեր ապագան»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Ապագա հայկականը» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Մեծի Տանն Արամ Ա Կիլիկիո Կաթողիկոսին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Հայաստանում ու Սփյուռքում ընտրված ու նշանակված այլ ղեկավարներին։

Ներկայացնում ենք «Դեռեւս շատ ուշ չէ համախմբվելու եւ փրկելու մեր ապագան» վերնագրված նամակն ամբողջությամբ.

 

«Հայ ժողովուրդն ապրում է վերջին հարյուրամյակի իր պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկը։ Ամբողջ աշխարհն է ենթարկվում ցնցումների եւ խոշոր վերափոխումների։ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց տարածաշրջանային ու համաշխարհային աղետաբեր զարգացումները վերստին մեծացրել են մեր հայրենիքի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքները։

 

Ժամանակն է, որ համախմբվենք եւ հրատապ պաշտպանենք ներկան՝ փրկելու համար մեր ապագան։ Դա մեր՝ ցեղասպանությունը վերապրածների ժառանգների պարտքն է մեր նախնիներին։ Դա մեր պարտքն է մեր զավակներին, մեր թոռներին, մեր մշակույթին ու պատմությանը:

 

Մեր ազգի եւ հայրենիքի առջեւ ծառացած են բազմաբնույթ մարտահրավերներ.

 

Արցախը վտանգված է, նրա բնակչությունը առերեսվում է ֆիզիկական ու սոցիալական անվտանգության ամենօրյա սպառնալիքների՝ առանց իր ապագայի որեւէ որոշակիության։

 

Թուրքիան ու Ադրբեջանը՝ դաշնակցաբար, շարունակում են Հայաստանին առավելագույն կորուստներ պարտադրելու իրենց քաղաքականությունը։ Նրանց հետ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել հարկադրված համաձայնությունների, որոնք էլ ավելի կվտանգեն մեր իսկ հայրենիքում հարատեւող պետություն կառուցելու մեր կարողությունը:

 

Տնտեսական զարգացումը Հայաստանում անբավարար է եւ ունակ չէ հոգալ մեր ազգային անվտանգության ապահովման կարիքները։ Ավելի վատ՝ այժմ կանգնած ենք աշխարհաքաղաքական լրջագույն սպառնալիքների, պատերազմների, համավարակի եւ պատժամիջոցների վտանգների առջեւ:

 

Հայաստանն ու Սփյուռքը չեն կարողացել արդյունավետ գործընկերություն հաստատելու ուղիներ գտնել Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում։ Սփյուռքի ցանցային համակարգերը եւ կուտակված փորձառությունը հիմնականում կտրված են մնում մեր հայրենիքի հրատապ կարիքներից:

 

Հայաստանի ներկա իրավիճակի համար պատասխանատու է երկրի ընտրված կառավարությունը։ Սակայն այն գործողությունները, որ կառավարությունն այժմ ձեռնարկում է եւ կամ չի ձեռնարկում, իրենց ներգործությունը կունենան ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի, այլեւ ողջ հայ ժողովրդի ապագայի վրա։ Պատմական այս պահին, բոլոր ընտրված եւ նշանակված ղեկավարները, մեր ընթացքը դեպի բարեկեցիկ ապագա առաջնորդելիս, պետք է ավելի լայն պատասխանատվություն ստանձնեն, օգտագործեն ողջ ժողովրդի ներուժը եւ հաշվետու լինեն երկրի ու արտերկրի հայությանը։

 

Այսօր մենք պետք է Ո՛Չ ասենք քարացած մտածողությանը, Ո՛Չ՝ մեր գոյության իրական սպառնալիքների թերագնահատմանը, Ո՛Չ անտարբերությանն ու անգործությանը։

 

Ներկայիս այս իրողությունների հանդիման մենք խիստ կարիքն ունենք այնպիսի առաջնորդության ու առաջնորդների, որոնք կհաղորդակցվեն, բայց նաեւ կլսեն, կներգրավեն ու կմիավորեն ազգը, կհամատեղեն ռեսուրսները եւ կգործեն միասին՝ հասկանալով, որ ոչ մի խումբ կամ քաղաքական կուսակցություն միայնակ չպետք է որոշումներ կայացնի:

 

«Ապագա հայկականը» նախաձեռնությունն ընդունում է պատմական այս պատասխանատվությունը եւ պատրաստ է իր ներդրումն ունենալ ցանկացած հնարավոր միջոցով:

 

Դեռեւս շատ ուշ չէ համախմբվելու համար։ Մենք ոչ թե հանդիսատեսներ ենք, այլ վերապրողների ազգ: Վաղուց ժամանակն է ներգրավվելու պայքարի մեջ՝ փրկելու մեր հավաքական ապագան»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին