Վերսկսվել է Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարությունը - Mediamax.am

786 դիտում

Վերսկսվել է Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Վերսկսվել են Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները։

Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ տեղակայված եւ 7,2 հա տարածք զբաղեցնող այգու շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2021 թ. հոկտեմբերին, բայց եղանակային պայմանների պատճառով շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։

 

«Այս փուլում կատարվում են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների՝ արտաքին ջրագծի, կոյուղու, ոռոգման համակարգի եւ էլեկտրական սնուցման մալուխների անցկացման աշխատանքները: Զուգահեռ ընթանում է նաեւ էլեկտրական ենթակայանի շինարարությունը եւ բոլոր ճեմուղիների կառուցումը: Սեպտեմբերի կեսին ավարտված կլինեն առաջին փուլով նախատեսված բոլոր աշխատանքները»,- ասել է զբոսայգու կառուցապատման աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանը։   

 

Վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը: Այգու որոշ օբյեկտների շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերի կեսին, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների եւ քաղաքի հյուրերի համար։ 2023 թ. աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին իր բոլոր օբյեկտներով։  

 

«Բարեկամության այգու ծրագրի շրջանակում Հայաստանում առաջին անգամ Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների եւ մի շարք անհատ բարերարների կողմից։

 

ՀՀ կառավարությունը 1,8 մլն դոլարով մասնակցում է զբոսայգու տարածքի եւ հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում։

 

Զբոսայգու վերակառուցման ծրագրին միացել է նաեւ Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրով, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: Այս ծրագրի շրջանակում այգում կկառուցվի սահադաշտ՝ որպես ձմեռային տուրիզմի կարեւոր տարր, եւ Վերնիսաժի 20 տաղավար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին