Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցությունը ԵՊՀ գրադարանին - Mediamax.am

2236 դիտում

Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցությունը ԵՊՀ գրադարանին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Իզմիրլյան հիմնադրամը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համագործակցմամբ՝ շարունակում է աջակցությունը «Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների բարելավում» ծրագրին:

Ծրագրի նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացնել Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը, որից օգտվում են մեծ թվով ուսանողներ և հետազոտողներ:

 

Իզմիրլյան հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված առաջին խոշոր նախաձեռնություններից էր Երևանի պետական համալսարանի գրադարանի տեխնիկական և բովանդակային վերազինման ծրագիրը։ 1996 թվականին հիմնադրամը կարևոր դեր ունեցավ գրադարանային շենքի վերակառուցման և տեխնիկական վերազինման հարցում, որը հետագայում անվանակոչվեց` ի հիշատակ Մարի և Սարկիս Իզմիրլյանների։ 2018 թ. «Իզմիրլյան հիմնադրամն» օժանդակեց Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի գլխավոր նախասրահի վերանորոգմանը: 2019 թ. ԵՊՀ-ի հետ համատեղ, հիմնադրամն աջակցեց գրադարանի թիվ 501 բանասիրության ընթերցասրահի հիմնանորոգմանը` վերափոխելով այն միջազգային չափանիշներին համահունչ որակյալ ուսուցման համապատասխանող միջավայրի և մատչելի դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 

Գրադարանն ունի շուրջ 16 հազար ընթերցող և բարելավված միջավայրի արդյունքում նրանց հոսքը մեծացել է։ Նորոգված ընթերցասրահն օրական 3-4 հարյուր ընթերցողի է սպասարկում։

 

Նոր նախաձեռնությամբ Իզմիրլյան հիմնադրամը ԵՊՀ-ի հետ համագործակցմամբ նպատակ ունի ստեղծել տեղեկատվական գրագիտության, ուսուցման և սոցիալական համախմբվածության բարելավման համար նպաստավոր միջավայր՝ վերանորոգելով և կահավորելով Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճշգրիտ գիտությունների ընթերցասրահը:

 

Ծրագրի ուղղակի շահառուներն են ԵՊՀ ճշգրիտ գիտությունների ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ, հետազոտողներ և ԵՊՀ այլ ուսանողներ, ինչպես նաև այլ համալսարանների, ինստիտուտների ուսանողներ:

 

Իզմիրլյան հիմնադրամը 1990 թվականից ի վեր Հայաստանում և Արցախում իրականացնում է բազմաթիվ բարեգործական և զարգացման ծրագրեր՝ կրթության, առողջապահության, սոցիալական, նորարարության, զբոսաշրջության և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով օժանդակել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ իրականացնելով Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերներին ու զարգացումներին համահունչ բարեգործական ծրագրեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին