Պոլիէթիլենային տոպրակների սահմանափակման թյուրընկալումը եւ աշխատանքը հանրության հետ - Mediamax.am

exclusive
2109 դիտում

Պոլիէթիլենային տոպրակների սահմանափակման թյուրընկալումը եւ աշխատանքը հանրության հետ


Լուսանկարը` Michael Burrows/Pexels

Լուսինե Ավետիսյանը
Լուսինե Ավետիսյանը

Լուսանկարը` Շրջակա միջավայրի նախարարություն

Լուսանկարը` Markus Spiske/Unsplash

Իրինա Ղափլանյանը
Իրինա Ղափլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Polina Tankilevitch/Pexels


2022թ. հունվարից Հայաստանում գործում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը սահմանափակող օրենքը, որով արգելվում է մինչեւ 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքը:

 

Այս արգելքը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից եւ դրա կիրարկման սկզբնական շրջանը շփոթ է առաջացրել: Ընդհանուր թանկացումների ֆոնին հաստացած ու թանկացած տոպրակն ընկալվում է որպես սովորական թանկացում, եւ սակավաթիվ վաճառքի կետերում է միայն, որ սպառողին հորդորում են մոտենալ սեփական տոպրակով: Հիմնականում իրականացվում է թանկ ու հաստ պոլիէթիլենային տոպրակների սովորական վաճառք: Դեռ ավելին, վաճառքի որոշ կետերում սեփական տոպրակով մոտենալը զարմանք է առաջացնում:

 

Փորձել ենք պարզել օրենքի թերի ընկալման պատճառները եւ թե ինչ քայլեր են անհրաժեշտ դրա արդյունավետության բարձրացման համար:

 

Տոպրակի վաճառքը չի կարող նպատակ լինել

 

Լուսինե Ավետիսյան, Շրջակա միջավայրի ռազմավարական քաղաքականության վարչության պետ

 

Օրենքի նպատակը մեկն է՝ հնարավորինս կրճատել օգտագործվող պոլիէթիլենային տոպրակները: Դրանց համար սահմանվել է 50 միկրոն հաստության շեմը, որպեսզի տոպրակները դառնան բազմակի օգտագործման: Գինը բարձանում է, քանի որ տոպրակի վրա ավելի շատ հումք է ծախսվում:

 

Բացի այդ, այլեւս տրամաբանական չէ 50 դրամ վճարել տոպրակի համար, որը հետո օգտագործվելու է միայն աղբ թափելու համար: Աղբի համար նախատեսված տոպրակները, որոնք երկրորդային հումքից են պատրաստված ու օրենքով բացառություն են կազմում, շատ ավելի մատչելի են, քանի որ փաթեթով են վաճառվում:

Լուսինե Ավետիսյանը Լուսինե Ավետիսյանը

Լուսանկարը` Շրջակա միջավայրի նախարարություն

Խրախուսվում է, որ յուրաքանչյուրն իր հետ ունենա իր տոպրակը: Բնականաբար, օրենքի տրամաբանությունից դուրս է ուղղակի շահույթ ստանալու նպատակով հաստ եւ ավելի թանկ տոպրակի վաճառքը:

 

Արդյունավետության գրավականը

 

Իրինա Ղափլանյան, Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար

 

Գծային տնտեսությունից շրջանաձեւ տնտեսության անցումը, որի պարտավորությունն է ստանձնել նաեւ Հայաստանը, առաջին հերթին նշանակում է թափոնների ծավալների նվազեցում: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, առաջինը լինում է մեկանգամյա օգտագործման պլաստիկ թափոնների կրճատումը:

 

Գաղափարն այն է, որ փուլային տարբերակով սկսվեն կիրարկվել թափոնները կրճատող նախագծեր, որոնցից է նաեւ ներկայումս գործող պոլիէթիլենային տոպրակների վաճառքը սահմանափակող օրենքը:

Իրինա Ղափլանյանը Իրինա Ղափլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ, որ նախագիծը հնարավորինս արդյունավետ է եւ տեղայնացված՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրության յուրահատկությունները: Սակայն կարեւոր է շեշտել, որ կոնկրետ այս նախագծի հաջողությունը խիստ կապված էր նաեւ հանրային հաղորդակցման ռազմավարության հետ, որը իմ գնահատմամբ չի արվել: Դրա համար էլ դեռ շատ հարցադրումներ ենք ունենալու լինելու թե´ սպառողի, թե´ տնտեսվարողների եւ թե´ մյուս շահագրգիռ կողմերից:

Լուսանկարը` Markus Spiske/Unsplash

Ակնկալվող փոփոխության արդյունավետությունը կախված է ամեն մեկիս՝ յուրաքանչյուր շահագրգիռ կողմի մասնակցային դերից: Իհարկե, եղել է որոշակի իրազեկում, խանութներում տեսնում ենք այլընտրանքային առաջարկներ, բայց իմ կարծիքով, կատարված աշխատանքն ընդհանրապես բավարար չէ: Այս առումով ուզում եմ շեշտել հենց կառավարության դերը, որովհետեւ հատկապես թափոնների արդյունավետ կառավարման ոլորտում կառավարության մի շարք մարմիններ ունեն իրենց պարտավորություններն ու գործառույթները եւ պատասխանատուն միայն Շրջակա միջավայրի նախարարությունը չէ:

 

Օրենքի ճիշտ ընկալմանն ուղղված քայլեր

 

Լուսինե Ավետիսյան

 

Այս թեմայով բազմիցս ելույթներ ենք ունեցել, նախարարության կայքում շատ հրապարակումներ են եղել, բազմաթիվ հաղորդումներ են կազմակերպվել, մամուլն է անդրադարձել: Օրենքի նախագիծը քննարկվել է արտադրողների եւ տնտեսվարողների հետ, գրավոր ծանուցվել է բոլոր խոշոր առեւտրի օբյեկտներին: Սա Շրջակա միջավայրի նախարարության կողմից ամենաշատ լուսաբանված թեման է եղել վերջին շրջանում:

 

Առաջիկայում կշրջանառվի նաեւ նոր սոցիալական հոլովակ եւ քաղաքում կհայտնվեն համապատասխան պաստառներ, որոնք կօգնեն ավելի ճիշտ ընկալել օրենքն ու պատասխանատու վերաբերմունք դրսեւորել շրջակա միջավայրի հանդեպ:

 

 

Ինքս՝ որպես քաղաքացի, խանութներ մտնելով որոշակի փոփոխություն տեսնում եմ: Այդուհանդերձ, այս օրենքին մի փոքր դժվարությամբ ենք համակերպվում: Բայց կարծում եմ, որ դա ժամանակի հարց է: Օրենքի վերահսկումն իրականացնում են Տեղական ինքնակառավարման մարմինները, եւ որոշ ժամանակ անց մոնիթորինգ կանենք՝ հասկանալու, թե ինչ արդյունք ստացանք:

Լուսանկարը` Polina Tankilevitch/Pexels

Սա ընդամենը միջանկյալ լուծում է պլաստիկ արտադրանքի աստիճանական կրճատման համար: Այս օրենքի կիրարկման արդյունքների վրա հիմնվելով՝ հետագայում գուցե ընդհանրապես արգելվեն պոլիէթիլենային տոպրակները: Կտրուկ անցում չէինք կարող անել նաեւ ելնելով արտադրողների շահերի պաշտպանությունից: Հաջորդ փուլով նախատեսվում է նաեւ մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքի սահմանափակումը:

 

Այս օրենքը պետք է ճիշտ ընկալենք եւ պատասխանատու մոտեցում ցուցաբերենք՝ յուրաքանչյուրս փորձելով հնարավորինս կրճատել պլաստիկի օգտագործումը:

 

Հաղորդակցման բացթողումներ

 

Իրինա Ղափլանյան

 

Երբ մեր թիմը դեռ նախարարությունում էր, մենք սկսել էինք բիլբորդերի ծրագիր, նաեւ սոցիալական գովազդներ էինք նկարահանել, ֆլեշմոբներ էինք նախատեսում իրականացնել: Այդ ծրագրերը միտված էին հանրության հնարավորինս արդյունավետ իրազեկմանը՝ ներկայացնելով օրենքի նպատակները ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ անհատական ու հանրային առողջության ապահովման տեսանկյունից: Պետք էր խրախուսել, որ սպառողի վարքագծային փոփոխությունը լինի ոչ միայն թանկացման, այլ ընդհանուր քաղաքացիական գիտակցության բարձրացման հաշվին:

 

Համավարակի, հետո պատերազմի ու հետպատերազմյան ճգնաժամի պատճառով, ցավոք, մեզ չհաջողվեց այդ ծրագրերը լիարժեք իրականացնել: Ներկայիս քաղաքական թիմը, որ Շրջակա միջավայրի նախարարության քաղաքական պաշտոններում է, ինչ-ինչ պատճառներով այդ ակտիվ հաղորդակցումը չտարավ նույն ուղղությամբ: Կար բավականին մեծ գործիքակազմ, որը կարող էր կիրարկվել: Իհարկե, բոլոր շահագրգիռ կողմերն էլ ունեն պատասխանատվության իրենց բաժինը, բայց սկզբնաղբյուրը միանշանակ կառավարությունն է: Եթե լիազոր մարմինները պատշաճ հաղորդակցում իրականացնեին հանրության հետ, վստահ եմ, որ տնտեսվարողները ավելի մեծ պատասխանատվությամբ կտանեին իրենց՝ սպառողին իրազեկելու քաղաքականությունը:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին