«Ռուսական ճշմարտությունը» հարմար միֆ է, բայց ի՞նչ է նշանակում «պաշտպանել Եվրոպան» - Mediamax.am

18324 դիտում

«Ռուսական ճշմարտությունը» հարմար միֆ է, բայց ի՞նչ է նշանակում «պաշտպանել Եվրոպան»



Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փիլիսոփա Սլավոյ Ժիժեկի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

 

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Սլովենիայի կառավարությունն անմիջապես հայտարարեց հազարավոր ուկրաինացի փախստականների ընդունելու պատրաստակամության մասին։ Որպես Սլովենիայի քաղաքացի՝ ես ոչ միայն հպարտություն զգացի, այլեւ ամաչեցի։

 

Երբ վեց ամիս առաջ Աֆղանստանն ընկավ թալիբների հարձակումից, նույն կառավարությունը հրաժարվեց ընդունել աֆղան փախստականներին՝ պատճառաբանելով, որ նրանք պետք է մնան իրենց երկրում եւ մարտնչեն։ Իսկ մի քանի ամիս առաջ, երբ հազարավոր փախստականներ, հիմնականում իրաքցի քրդեր, փորձեցին Բելառուսից մուտք գործել Լեհաստան, Սլովենիայի կառավարությունը, պնդելով, որ Եվրոպան հարձակման է ենթարկվել, առաջարկել էր ռազմական օգնություն՝ աջակցելու Լեհաստանի նրանց չընդունելու ստոր փորձերին:

 

Տարածաշրջանում փախստականների երկու տեսակ կա: Փետրվարի 25-ին Սլովենիայի կառավարության թվիթում պարզաբանվել էր տարբերությունը.

 

«Ուկրաինայից փախստականները գալիս են մի միջավայրից, որն իր մշակութային, կրոնական եւ պատմական իմաստով բոլորովին տարբերվում է այն միջավայրից, որտեղից ծագում են Աֆղանստանից փախստականները»: Վրդովմունքի ալիքից հետո թվիթն արագ ջնջվեց, բայց բացահայտվեց աղմկահարույց ճշմարտությունը. Եվրոպան պետք է իրեն պաշտպանի ոչ-Եվրոպայից:

 

Նման մոտեցումը կործանարար կլինի Եվրոպայի համար աշխարհաքաղաքական ազդեցության համար շարունակվող գլոբալ պայքարում: Մեր լրատվամիջոցներն ու էլիտան այս պայքարը ներկայացնում են որպես հակամարտություն արեւմտյան «լիբերալ» եւ ռուսական «եվրասիական» ոլորտների միջեւ՝ անտեսելով երկրների շատ ավելի մեծ խումբ՝ Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Հարավարեւելյան Ասիայում։

 

Նույնիսկ Չինաստանը պատրաստ չէ լիովին աջակցել Ռուսաստանին, թեեւ ունի իր ծրագրերը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին Ուկրաինայի դեպքերից մեկ օր անց ուղղված ուղերձում ասել էր, որ պատրաստ է աշխատել Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բարեկամության եւ համագործակցության զարգացման ուղղությամբ «նոր իրավիճակում»: Մտավախություն կա, որ Չինաստանը կօգտվի «նոր իրավիճակից»՝ Թայվանը «ազատագրելու» համար։

 

Այսօր մեզ պետք է անհանգստացնի այն, որ արմատականացումը, որը մենք տեսնում ենք, հատկապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարում, պարզապես հռետորական չէ։ Լիբերալ ձախակողմյաններից շատերը, համոզված լինելով, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ չեն կարող իրենց լայնածավալ պատերազմ թույլ տալ, կարծում էին, որ Պուտինը բլեֆ է անում, երբ զորքերը տեղափոխում է Ուկրաինայի սահմաններ: Նույնիսկ երբ Պուտինը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունն անվանեց «թմրամոլների եւ նեոնացիստների բանդա», շատերն ակնկալում էին, որ Ռուսաստանը պարզապես կօկուպացնի երկու ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունները» կամ առավելագույնը՝ ամբողջ Դոնբասը:

 

Իսկ հիմա ոմանք, ովքեր անվանում են իրենց ձախակողմյաններ, մեղադրում են Արեւմուտքին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճիշտ էր Պուտինի մտադրությունների վերաբերյալ: Փաստարկը հայտնի է. ՆԱՏՕ-ն կամաց-կամաց շրջապատում էր Ռուսաստանը՝ հրահրելով «գունավոր հեղափոխություններ» նրա մերձավոր շրջապատում եւ անտեսելով անցյալ դարում Արեւմուտքից հարձակման ենթարկված երկրի ողջամիտ մտավախությունները:

 

Այստեղ, իհարկե, կա որոշակի ճշմարտություն։ Սակայն միայն այս մասին խոսելը հավասարազոր է Վերսալի պայմանագիրը անարդարության մեջ մեղադրող Հիտլերին արդարացնելուն։ Նույնիսկ ավելի վատ, դա նշանակում է ընդունել, որ մեծ տերություններն ունեն ազդեցության ոլորտներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր մյուսները՝ հանուն համաշխարհային կայունության: Պուտինի այն ենթադրությունը, որ միջազգային հարաբերությունները մեծ տերությունների մրցակցություն է, արտացոլվում է նրա բազմիցս արված հայտարարություններում այն մասին, որ նա այլ ելք չի ունեցել, քան ռազմական միջամտությունն Ուկրաինայում:

 

Արդյո՞ք դա ճշմարտություն է։ Խնդիրն իսկապե՞ս ուկրաինական ֆաշիզմի մեջ է։ Հարցն ավելի լավ է ուղղել պուտինյան Ռուսաստանին։ Պուտինի ինտելեկտուալ ուղղորդող աստղը Իվան Իլյինն է, ում աշխատանքները կրկին տպագրվում եւ բաժանվում են պետական ապարատի աշխատողներին եւ ժամկետային զինծառայողներին։ 1920-ականների սկզբին Խորհրդային Միությունից վտարվելուց հետո Իլյինը պաշտպանում էր ֆաշիզմի ռուսական տարբերակը՝ պետությունը որպես օրգանական համայնք, որը ղեկավարվում է հայր-միապետի կողմից, որտեղ ազատությունը սեփական տեղն իմանալն է: Իլյինի (եւ Պուտինի) օգտին քվեարկության նպատակը առաջնորդին հավաքական աջակցություն հայտնելն է, այլ ոչ թե նրան լեգիտիմացնելը կամ ընտրելը։

 

Պուտինի պալատական փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը ուշադիր հետեւում է Իլյինին.

 

«Յուրաքանչյուր այսպես կոչված ճշմարտությունը հավատքի խնդիր է: Հետեւաբար, մենք հավատում ենք մեր արածին, մեր ասածին: Եվ դա ճշմարտությունը պարզելու միակ ճանապարհն է։ Այսպիսով, մենք ունենք մեր հատուկ ռուսական ճշմարտությունը, որը պետք է ընդունել։ Եթե Միացյալ Նահանգները չեն ցանկանում պատերազմ սկսել, դուք պետք է ընդունեք, որ Միացյալ Նահանգներն այլեւս միակ տիրակալը չէ: Թե՛ Սիրիայում, թե՛ Ուկրաինայում Ռուսաստանն ասում է. «Ոչ, դու այլեւս տերը չես»։ Սա աշխարհը կառավարելու հարցն է, որն իսկապես կարող էր լուծել միայն պատերազմը»:

 

Իսկ Սիրիայի եւ Ուկրաինայի ժողովուրդնե՞րը։ Կարո՞ղ են նրանք նույնպես ընտրել իրենց ճշմարտությունը, թե պարզապես պատերազմի դաշտ են աշխարհի պոտենցիալ կառավարիչների համար:

 

Գաղափարն այն մասին, որ յուրաքանչյուր «ապրելակերպն» ունի իր ճշմարտությունը, Պուտինի նկատմամբ համակրանք է առաջացնում աջ պոպուլիստների մոտ, ինչպիսին է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել էր «հանճարեղ արարք»: Եվ այդ զգացմունքը փոխադարձ է. երբ Պուտինը խոսում է Ուկրաինայում «ապազգայնացման» մասին, մենք պետք է նկատի ունենանք նրա աջակցությունը Մարին Լը Պենի «Ազգային միավորման» Ֆրանսիայում, Մատեո Սալվինիի «Լիգային» Իտալիայում եւ այլ նեոֆաշիստական շարժումներին:

 

«Ռուսական ճշմարտությունը» հարմար միֆ է Պուտինի կայսերական տեսլականը արդարացնելու համար, եւ Եվրոպայի համար դրան հակազդելու լավագույն միջոցը կամուրջներ կառուցելն է զարգացող պետությունների հետ, որոնցից շատերն ունեն Արեւմուտքի գաղութացման եւ շահագործման հիմնավոր դժգոհությունների երկար ցուցակ: Բավարար չէ «Եվրոպան պաշտպանելը»։ Իրական մարտահրավերը մյուս երկրներին համոզելն է, որ Արեւմուտքը կարող է նրանց ավելի լավ ընտրություն առաջարկել, քան Ռուսաստանը կամ Չինաստանը: Եվ դրան հասնելու միակ ճանապարհը ինքներս մեզ փոխելն է՝ առանց երկմտելու արմատախիլ անելով նեոգաղութատիրությունը, նույնիսկ եթե այն գալիս է մարդասիրական օգնության տեսքով:

 

Արդյո՞ք պատրաստ ենք ապացուցելու, որ Եվրոպային պաշտպանելով՝ ամենուր պայքարում ենք ազատության համար։ Փախստականներին հավասար վերաբերվելուց մեր ամոթալի հրաժարվելը միանգամայն այլ ազդանշան է ուղարկում աշխարհին:

 

Copyright: Project Syndicate, 2022.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին