Ռուբեն Վարդանյան. «Պատերազմը պետք է կանգնեցնել որքան հնարավոր է շուտ» - Mediamax.am

3724 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Պատերազմը պետք է կանգնեցնել որքան հնարավոր է շուտ»


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Սոցիալական ձեռներեց եւ բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ «պատերազմը պետք է կանգնեցնել որքան հնարավոր է շուտ»։

Այս մասին ասվում է Ռուբեն Վարդանյանի՝ փետրվարի 25-ին Linkedin-ի իր էջում տեղադրված անգլերեն հայտարարության մեջ։

 

«Այսօրվա իրադարձությունները, վստահ եմ, ոչ մեկին անտարբեր չեն թողել եւ հուզական բուռն արձագանք են առաջացրել ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Ես բարդ խնդիրներ ռազմական ճանապարհով լուծելու կատաղի հակառակորդ եմ եւ ողբերգություն եմ համարում թեկուզ մեկ մարդու մահը։ Միգուցե ես շատ բան չգիտեմ, բայց համոզված եմ, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, եւ այն պետք է հնարավորինս շուտ կանգնեցնել։ Հենց այս ուղերձով էի ես դիմել տարբեր վերնախավերին 2020 թվականի աշնանը, երբ սկսվեց Արցախում 44-օրյա պատերազմը։ Բարդ խնդիր լուծելու համար ուժ կիրառելը նման է ջինին շշից բաց թողնելուն, իսկ պատերազմի թողած վերքերի ապաքինումը շատ երկար ժամանակ է պահանջում:

 

Մենք ապրում ենք հիմնարար փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ քայքայվում են հոգեւոր հիմքերը եւ պատռվում են բարոյական կապերը, որոնք միավորում են մարդկությանը: Սպառողական հասարակությունը դարձել է գերիշխող, եւ հիմնական արժեքները, որոնք մշակվել եւ սերմանվել են դարեր շարունակ ընտանիքի, կրոնի, գրավոր եւ չգրված օրենքների միջոցով՝ անմեղության կանխավարկածը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, այժմ գործնականում կորսվել են նաեւ արտաքին հանգամանքների ճնշման ներքո, ինչպիսիք է համավարակը։ Բայց այս ուղեցույցների եւ սահմանափակումների բացակայությունը շատ անկայուն է դարձնում մեր դիրքը փոփոխվող աշխարհում, եւ մենք ինքներս հեշտությամբ ծայրահեղական դիրքեր ենք ընդունում:

 

Այսօրվա անմարդկային պայմաններում չափազանց կարեւոր է մարդ մնալ: Ինչպես ասել է Նիկոլաս Ռերիխը.

 

«Այս պատերազմը կլինի յուրաքանչյուր մարդու մեջ: Պատերազմ՝ իր սեփական տգիտության, ագրեսիվության, գրգռվածության դեմ: Եվ միայն յուրաքանչյուր անհատի արմատական վերափոխումը կարող է դառնալ խաղաղ կյանքի սկիզբ բոլոր մարդկանց համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին