Խստացվում է նաեւ ծխախոտի փոխարինիչների վաճառքն ու կարգավորումը - Mediamax.am

2267 դիտում

Խստացվում է նաեւ ծխախոտի փոխարինիչների վաճառքն ու կարգավորումը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կառավարությունն այսօր հաստատել է Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը։

Որոշման հիմնավորման համաձայն՝ «ներկայում շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող եւ նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման եւ կատարման համար պարտադիր պահանջներ սահմանված չեն»:

 

Ընդունված որոշման համաձայն, Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառքի կետերում եւս կարգելվի:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ընդունված որոշումը եւ հետաքրքրվել է, թե արդյո՞ք հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքը խանութներում ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի ցուցադրության արգելքի մասին իրականացվում է:

 

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ գործընթացն  իրականացվում է ամբողջ ծավալով.

 

«Գրեթե տեղեր չկան, որտեղ ցուցադրվի կամ ակնհայտ վաճառք տեղի ունենա», - ասել է նա:

       

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ բոլոր նորարարական փոխարինիչների համար  հարկային կարգավորումներ պետք է լինեն:

 

«Սովորական ծխախոտի արտադրանքը ակցիզով հարկում ենք, բայց երբ ի հայտ են գալիս հեղուկով եւ նման եղանակներով ծխախոտի փոխարինող գործիքներ, վերջիններս նաեւ թեթեւ հարկված լինելու պատճառով հայտնվում են արտոնյալ գրավիչ պայմաններում: Մենք արդեն իսկ Էկոնոմիկայի նախարարության, ՊԵԿ-ի հետ միասին օրենքի նախագիծ ենք շրջանառում եւ շուտով կներկայացնենք նաեւ հարկային մասով լրացվող առաջարկություն»,- ասել է նախարարը:

 

Վարչապետն ընդգծել է բոլոր այս կարգավորումների նպատակը հանրային առողջության պահպանությունն է:

 

«Շատ կարեւոր է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերում եւ այս ճանապարհով գնում ենք առաջ: Կարեւոր է արձանագրել, որ մենք հավասարեցրել ենք Հայաստանի Հանրապետությունում եւ՛ ավանդական ծխախոտը, եւ՛ ծխախոտային փախարինող արտադրանքները: Կարեւոր է նաեւ, որ դրանք նույնպես պատշաճ հարկային դաշտում լինեն եւ պատշաճ ձեւով հարկվեն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին