Վարդանյանը բացատրել է Արեւմտյան Հայաստանում ներդրումներ անելու ծրագրի նպատակը - Mediamax.am

4663 դիտում

Վարդանյանը բացատրել է Արեւմտյան Հայաստանում ներդրումներ անելու ծրագրի նպատակը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Սոցիալական ներդրող եւ ձեռներեց Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ուժեղանալու համար Հայաստանը պետք է ներգրավվի 15-ից 20 միլիարդ դոլարի նոր ներդրումներ:

Նա շեշտել է, որ ուղղությունները եւ ծրագրերը, որտեղ պետք է ուղղվեն այդ միջոցները, շաղկապված են եւ պետք չէ դրանք առանձին վերցված դիտարկել:

 

«Մասնավորապես, Հայաստանի Զինված ուժերի եւ անվտանգության համակարգի արդիականացման եւ զարգացման համար պետք է ծախսել մոտ 10 միլիարդ դոլար», - ասել Ռուբեն Վարդանյանը Civilnet-ի հետ հարցազրույցում:

 

Մեկնաբանելով տարաբնույթ կարծիքները՝ Արեւմտյան Հայաստանում իր եւ գործընկերների կողմից ներդրումներ ներգրավվելու ծրագրերի մասին, նա ասել է.

 

«Եթե մենք իսկապես ուզում ենք պահպանել Արեւմտյան Հայաստանի մեր մշակութային ժառանգությունը, պետք է պատրաստ լինենք ունենալ 1 միլիարդ դոլարանոց հիմնադրամ, որը կֆինանսավորի այդ աշխատանքները», - ասել է Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով, այսօր պետք է աշխատել հենց այդ ուղղությամբ, այլ ոչ թե նստել ու վախվորած սպասել, թե երբ եւ ինչպես է Թուրքիան տնտեսապես կլանելու Հայաստանը:

 

«Թուրքը հասկանում է միայն ուժի լեզուն: Մենք ուժեղ կլինենք այն ժամանակ, երբ իրենց ցույց կտանք, որ պատրաստ ենք իրենցից լավ հոգ տանել, օրինակ, քանդվող Անիի մասին: Եթե սահմանը մի օր բացվի, մեր միակ տարբերակը պրոակտիվ լինելն է», - ասել է ձեռներեցը:

 

Ռուբեն Վարդանյանը կարեւորել է նաեւ արեւմտահայերենի պահպանությունը եւ կարծիք է հայտնել, որ Հայաստանում պետք է այդ նպատակով համալսարան հիմնվի:

 

«Վստահ եմ, որ արեւմտահայերենը պետք է դասավանդվի նաեւ Հայաստանի միջնակարգ դպրոցներում: Բացի դրանից, մոտ 50 միլիոն դոլար է պետք է ներդնել գրաբարի պահպանության հիմնադրամ ստեղծելու համար», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին