Ֆեյսբուքի ալգորիթմներն անջատում են մեր քննադատական մտածողությունը - Mediamax.am

exclusive
2930 դիտում

Ֆեյսբուքի ալգորիթմներն անջատում են մեր քննադատական մտածողությունը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք չեխական Semantic Visions վերլուծական ընկերության հիմնադիր Ֆրանտիշեկ Վրաբելի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

 

Ապատեղեկատվության դեմ պատերազմում երբեմն դժվար է հստակ որոշել, թե ով է թշնամին: Առցանց ֆեյքերի տարածմանը նպաստելու մեջ մեղադրում են լրագրողներին, քաղաքական գործիչներին, կառավարություններին եւ նույնիսկ տատիկներին ու պապիկներին: Բայց չնայած այս խմբերից ոչ մեկն ամբողջությամբ անմեղ չէ, իրական թշնամին ակներեւ է: Անցյալ տարեվերջին Facebook-ի նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենի կողմից տրված ցուցմունքում ասվում էր, որ ապատեղեկատվությունը հասանելի է դառնում սոցիալական կայքերի ալգորիթմների շնորհիվ:

 

2004-ին Facebook-ի գործարկումից ի վեր, ընկերությունը ուսանողական սոցիալական ցանցից վերածվել է լրտեսման հրեշի, որը ոչնչացնում է սոցիալական համախմբվածությունը եւ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Facebook-ը հավաքում է օգտատերերի հսկայածավալ տվյալներ, այդ թվում այնպիսի ինտիմ փաստեր, ինչպիսիք են մարմնի քաշը եւ հղիության կարգավիճակը՝ օգտատերերի սոցիալական ԴՆԹ քարտեզ կազմելու համար: Հետո ընկերությունը վաճառում է այդ տեղեկատվությունը բոլորին (շամպուն արտադրողներից մինչեւ ռուսական եւ չինական հետախուզական գործակալություններ), ովքեր ցանկանում են «միկրոթիրախավորել» տեղեկատվությունը իր 2,9 միլիարդ օգտատերերի համար: Այդպիսով Facebook-ը թույլ է տալիս երրորդ անձանց մանիպուլացնել ուղեղները եւ վաճառել մարդկանց որոշումները կանխատեսելու մոդելներ:

 

Ամբողջ աշխարհում Facebook-ն օգտագործվում է ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ անվստահություն սերմանելու համար։ Նրա ալգորիթմները նպաստում են բռնության գործողություններին իրական աշխարհում՝ Մյանմայում ցեղասպանությունից սկսած մինչեւ Հարավային Ամերիկայում, Արեւմտյան Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում ահաբեկիչների կողմից զինյալների հավաքագրումը:

 

Ինչպես պարզվեց իմ ընկերության կողմից իրականացված վերլուծության արդյունքում՝ Չեխիայի միջին քաղաքացին միջին ամերիկացուց 25 անգամ ավելի շատ է ապատեղեկատվություն տեսնում Covid-19 պատվաստանյութերի մասին:

Լուսանկարը` REUTERS

Facebook-ի ժողովրդավարությանը սպառնացող վտանգը մեղմելու ջանքերը մինչ այժմ անհաջողության են մատնվել: The Wall Street Journal-ի կողմից հրապարակված «ֆեյսբուքյան դոսյեն» հաստատում է, որ այդ ընկերությունը միջոցներ է ձեռնարկում «ատելություն հրահրելու դեպքերի միայն 3-ից 5%-ի նկատմամբ»:

 

 Facebook-ը հնարավորություն է տվել օգտատերերին հրաժարվել անհատականացված եւ քաղաքական գովազդից, սակայն դա միայն խորհրդանշական ժեստ է: Որոշ կազմակերպություններ, ինչպիսիք են Ranking Digital Rights-ը, կոչ են անում այդ հարթակին անջատել գովազդի թիրախավորումը հիմնական կարգավորումներում: Սակայն դա բավարար չէ։

 

Facebook-ի բիզնես մոդելի հիմքում գտնվող միկրոթիրախավորումը օգտագործում է արհեստական բանականություն՝ գրավելու օգտատերերի ուշադրությունը, առավելագույնի հասցնելու նրանց ակտիվությունը եւ անջատելու քննադատական մտածողությունը:

Լուսանկարը` REUTERS

Շատ առումներով միկրոթիրախավորումը օփիոիդային ճգնաժամի թվային համարժեքն է: ԱՄՆ Կոնգրեսը կտրուկ գործողություններ է ձեռնարկել մարդկանց պաշտպանելու оփիոիդներից՝ օրենքների միջոցով, որոնք նախատեսված են բուժման, հիմնական գիտելիքների եւ այլընտրանքային դեղամիջոցների հասանելիությունը մեծացնելու համար: Աշխարհում կեղծ լուրերից եւ ստերից թմրեցուցիչ կախվածությանը վերջ տալու համար օրենսդիրները պարտավոր են ընդունել ապատեղեկատվության պատճառով առաջացած ճգնաժամի փաստը եւ ձեռնարկել համանման գործողություններ՝ սկսելով միկրոթիրախավորման պատշաճ կարգավորումից:

 

Խնդիրն այն է, որ Facebook-ից դուրս ոչ ոք չգիտի, թե ինչպես են աշխատում այդ ընկերության բարդ ալգորիթմները, եւ դրանք ապակոդավորելու համար կարող են պահանջվել ամիսներ, եթե ոչ տարիներ:

 

Ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի՝ «ֆիզիկական, ընդլայնված եւ վիրտուալ իրականության զուգամետության» միջոցով մետատիեզերք ստեղծելու ծրագրերը պետք է վախեցնեն ցանկացած երկրի կարգավորողներին: Պարզապես պատկերացրեք այն պոտենցիալ վնասը, որը կարող են պատճառել չկարգավորված արհեստական բանականության ալգորիթմները, եթե դրանց թույլ տրվի նոր իմերսիվ իրականություն  ստեղծել միլիարդավոր մարդկանց համար:

Լուսանկարը` REUTERS

Վաշինգտոնում վերջին լսումներին հաջորդած հայտարարության մեջ Ցուկերբերգը կրկնել է նախկինում արված առաջարկը՝ կարգավորեք մեզ: «Չեմ կարծում, որ մասնավոր ընկերությունները պետք է բոլոր որոշումներն իրենք կայացնեն»,- գրել է նա Facebook-ում։ «Մենք հանձնառու ենք լավագույն կերպով կատարել այն աշխատանքը, որն ի վիճակի ենք անել, սակայն ինչ-որ մակարդակում սոցիալական հավասարության հարցերում փոխզիջումները գնահատող ճիշտ մարմինը ժողովրդավարական ճանապարհով ընտրված մեր Կոնգրեսն է»:

 

Ցուկերբերգը իրավացի է. Կոնգրեսն իսկապես պարտավորված է գործել: Բայց իր ընկերությունը նույնպես պետք է գործի: Նա կարող է Կոնգրեսին ցույց տալ, թե ինչ սոցիալական անհավասարություն է շարունակում ստեղծել եւ ինչպես է դա անում: Քանի դեռ Facebook-ը չի բացել իր ալգորիթմները ստուգման համար, ապատեղեկատվության դեմ պատերազմում անհնարին կլինի հաղթել:

 

Copyright: Project Syndicate, 2022

www.project-syndicate.org

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին